Ծնողների անուշադրությունից են անչափահասները հանցագործության դիմում

Լուրեր

Հանցագործ անչափահասների «ձեւավորման» գործում մեծ է հենց երեխաների ծնողների մեղավորությունը, կապն անմիջական է: Այդ ընտանիքներում, որպես կանոն, մթնոլորտը դրական չէ` ծնողն ապրում է իր համար, երեխան` իր:

Հանցագործ անչափահասների «ձեւավորման» գործում մեծ է հենց երեխաների ծնողների մեղավորությունը, կապն անմիջական է: Այդ ընտանիքներում, որպես կանոն, մթնոլորտը դրական չէ` ծնողն ապրում է իր համար, երեխան` իր: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նրա խոսքով` այդ դեպքերում ծնողը չի հետաքրքրվում երեխայի առօրյայով, չի զբաղվում նրա զբաղվածության խնդրով: «Ծնողը պետք է ծանրաբեռնի նրան, որպեսզի երեխան էներգիան ծախսի հօգուտ իր գիտելիքների եւ այլնի վրա` ըստ նախասիրության: Թեկուզ դա արվում է ստիպողաբար, բայց դա ի վերջո օգուտ է տալիս»,- ասաց նա: Թեեւ անչափահասների շրջանում գերակշռում են գողության դեպքերը, այնուամենայնիվ, ըստ Նելլի Դուրյանի, այդ ցուցանիշն ամենեւին չի խոսում այն հանգամանքի մասին, որ այդ ընտանիքները սոցիալապես անապահով են: «Կան ապահով ընտանիքներ, որտեղ երեխան նույն իրավիճակում է հայտնվում»,- հիշեցրեց ոստիկանության գնդապետը` հավաստիացնելով, որ վատ շրջապատ նույնպես ընտանիքից են ընկնում: «Պետք է շատ զբաղվել երեխաներով: Չի կարող երեխան ուղղակի ինքն իրենով օրը դասավորի: Երեխաների հետ պետք է շատ խոսել»,- խորհուրդ տվեց նա:

Գովազդ