Առողջապահության նախարարությունը մանկավաճառ բժշկուհի Նաիրա Բալայանին առաջարկելու է փոխել աշխատանքի բնույթը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
Առողջապահության նախարարությունը մանկավաճառ բժշկուհի Նաիրա Բալայանին առաջարկելու է փոխել աշխատանքի բնույթը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
Նրա խոսքով` բժշկին այնպիսի աշխատանք կառաջարկվի, որ վերջինս գործ չունենա երեխաների հետ եւ հնարավորություն չունենա կրկնել սխալը:Նշենք, որ մարտի 19-ին «Ոչ երեխաների վաճառքին» քաղաքացիական նախաձեռնությունը նամակով դիմել էր Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին: Նամակում մասնավորապես նշված է.
«Հարգելի՛ պարոն Քուշկյան,
Մոտ 3 ամիս առաջ մենք բաց նամակով դիմել էինք Ձեզ` մեր զարմանքն ու զայրույթը հայտնելով առ այն, որ տխրահռչակ մանկավաճառ բժշկուհի Նաիրա Բալայանը շարունակում է աշխատել, չնայած Վճռաբեկ դատարանի` նրա մեղքը հաստատող վճռին: Հենց նույն օրը Առողջապահության նախարարությունից խոստացան, որ Քաղաքապետարանի հետ խնդիրը քննարկելուց հետո 3 օրվա ընթացքում որոշումը կհրապարակվի: Միայն մեկ ամիս անց Առողջապահության նախարարությունից մենք նամակ ստացանք, որ այս հարցը դեռ քննարկման փուլում է: Դրանից էլ ուղիղ երկու ամիս է անցել, բայց որոշումն այդպես էլ չի հանրայնացվել:
Եվ քանի որ գինեկոլոգ Նաիրա Բալայանը շարունակում է աշխատել նույն բուժհաստատությունում` քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում, իսկ Դուք լռում եք, մեզ մոտ կասկածներ են ծագում, որ իրավիճակը կոծկելու որոշակի շահագրգռվածություն կա:
Հուսով ենք, որ արդարությունն ի վերջո կհաղթի. դուք արժանվույնս «կգնահատեք» հանցագործ բժշկուհու արարքը և թույլ չեք տա նրան խաղալ այլ նորածինների ճակատագրի հետ ևս: Նման բժիշկների առկայությունը ստվերում է առողջապահության և, մասնավորապես, ծննդօգնության ոլորտը բարելավելու Ձեր եռանդուն ջանքերն ու խարխլում մարդկանց վստահությունը»:
Նամակի կրկնօրինակը ուղարկվել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: