Բժիշկ ընտրելու հարցում էլ «գլուխ է բարձրացնում» նորաձևությունը

Լուրեր

Բարեհաջող ծննդաբերությունը և երեխաների նախածննդյան շրջանի վերահսկողությունն այն կարևոր գործընթացներից են, որոնցից կախված է թե՛ մոր, թե՛ երեխայի ֆիզիկական առողջությունն ու  հոգեկան բարօրությունը: Ուստի ցանկացած կին ձգտում է այդ շրջանն այնպես կազմակերպել, որ հետագայում ապագա բալիկի լույս աշխարհ գալու հետ նվազագույն խնդիրներ անգամ չծագեն:

Բարեհաջող ծննդաբերությունը և երեխաների նախածննդյան շրջանի վերահսկողությունն այն կարևոր գործընթացներից են, որոնցից կախված է թե՛ մոր, թե՛ երեխայի ֆիզիկական առողջությունն ու  հոգեկան բարօրությունը: Ուստի ցանկացած կին ձգտում է այդ շրջանն այնպես կազմակերպել, որ հետագայում ապագա բալիկի լույս աշխարհ գալու հետ նվազագույն խնդիրներ անգամ չծագեն:

Պոլիկլինիկաները բնակչության առողջապահական կենսապահովման  ամենամատչելի բուժկենտրոններն են, որոնցից թերևս ամենանվազ այցելու ունեցող բաժանմունքներից  է հղի կանանց կոնսուլտացիոն բաժանմունքը: Կանանց նախածննդյան շրջանի վերահսկողության գործընթացը ապագա մայրերից շատերը նախըտրում են վստահել մասնավոր վճարովի բուժկենտրոնների համապատասխան մասնագետներին, որոնց հոսքը պոլիկլինիկաների համեմատ բավական մեծ է, ընդ որում, գրեթե բոլոր ծննդատների: Կանանց կոնսուլտացիայի հոսքի տարբերությունը, ինչպես մեկնաբանում է  Երևանի թիվ 17 պոլիկլինկայի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ Շուշանիկ Գրիգորյանը, հիմնականում պայմանավորված է հղի կանանց ազատ ընտրության իրավունքով: Նրա մեկնաբանմամբ, ծննդատանը նույն գինեկոլոգի մոտ մեկ անգամ ծննդաբերություն անցած կինը, ի նշան բարեհաջող ծննդալուծման և բժշկի հորդորի, երկրորդ երեխայի նախածննդյան վերահսկողությունը նախընտրում է իրականացնել արդեն ոչ թե տարածքային սպասարկման բուժկետում, այլ տվյալ ծննդատանը: Այս գործընթացի արդյունքում էլ հոսքը դեպի մասնավոր հիվանդանոցներ անհամեմատ աճում է:

«Մենք հղիին երբեք չենք կաշկանդում և սպառնում իր կատարած ընտրության համար, քանի որ ցանկացած հղի ունի իր իրավունքը թե՛ բժշկի ընտրության, թ՛ե ծննդալուծման առումով: Երբ տարիներ առաջ ուժի մեջ մտավ ծննդօգնության պետական հավաստագրի մասին որոշումը, հղիները հստակ տեղեկացան, որ իրենց տարածքում կարող են անվճար սպասարկում ստանալ, բայց քանի որ տարածքային սկզբունքը չի պահպանվում, ծննդկանը, ավելորդ համարելով տեղեկանքների հայթայթումը, դիմում է վճարովի ծառայությունների: Նախարարի հրամանը ճիշտ է գործում, հղին չունի տարածքային սպասարկման խիստ կարևորություն, այլ ունի ընտրություն և ինքն է որոշում` դիմել անվճա՞ր, թե՞ վճարովի սպասարկման: Մեզ մոտ, անկախ հղիի սոցիալական վիճակից, բոլորն անխտիր սպասարկվում են անվճար:

Մարդկությունը սովորաբար բժշկությանը եղել է շնորհակալ դեռ Հիպոկրատի օրենքով, երբ բժշկին երախտագիտություն են հայտնել նույնիսկ երկու ձվով: Այստեղ կաշառակերության մասին խոսք անգամ լինել չի կարող»,- հավաստեց պոլիկլինիկայի բաժանմունքի վարիչ Շուշանիկ Գրիգորյանը: Օրինակ` տվյալ տարածքային բուժկետի կանանց կոնսուլտացիայի բաժանմունքն ամսական սպասարկում է միջինացված հաշվով 30-50 ծննդկանի, մինչդեռ վճարովի ծննդատներում այս թիվը քառապատիկ է: Պոլիկլինիկաներում կանանց նախածննդյան վերահսկողության գործընթացի մեջ ներառված են և՛ հղիների ֆիզիկական վերահսկողությունը, և՛ ամենամսյա ստուգումները, և՛ հոգեբանական աջակցությունը: Իսկ սոնոգրաֆիայի և նմանատիպ սարքավորումները, տկն Շուշանիկի տեղեկացմամբ,  հնարավորություն են տալիս ցանկացած արատ հայտնաբերելու հղիության ամենավաղ շրջանից:

Ապագա մայրերից յուրաքանչյուրն էլ, բնականաբար ձգտում է ավելի ապահով և բարենպաստ միջավայրում իրականացնել բժշկական և ծննդաբերության վերահսկողության հետ կապված բոլոր գործառույթները: Սակայն դժվար է ճշգրտորեն նախանշել, թե ինչ կաննոներով են մայրերն առաջնորդվում հղիության շրջանում իրենց համար մանկաբարձ գինեկոլոգ ընտրելիս:

Գինեկոլոգների վճարովի ծառայությունները հիմնականում նախընտրում են այն մայրերը, որոնք  առաջնորդվել են ծանոթի կամ բարեկամի խորհրդով: Օրինակ` ապագա մայրիկ  29-ամյա Էլլան երեխայի նախածննդյան վերահսկողությունը նախընտրել է վստահել ծննդատան իր վաղեմի ծանոթ գինեկոլոգներից մեկին և իր տարածքային սպասարկման բուժկենտրոնից նախապես  վերցրել է տեղեկանքը` հրաժարվելով նրանց ծառայություններից: Հարցն այն չէ, որ վերջինս թերահավատ է այլ գինեկոլոգների նկատմամբ, պարզապես նախընտրում է  «փորձված թանի» տարբերակը. «Երկու քույրերս նրա մոտ են հաճախել, ինձ էլ խորհուրդ տվեցին նրան դիմել»:

Երևանի ծննդատներում կանանց կոնսուլտացիայի բաժանմունքներում պատկերն այսպիսին է. ծննդկանների հագեցվածությունը շաբաթվա բոլոր օրերին և գրեթե բոլոր ժամերին նույնն է, մինչդեռ պոլիկլինիկաների տվյալ բաժանմունքում պարապուրդային մթնոլորտ է: Ծննդատների կոնսուլտացիոն բաժինն ամսական միջին հաշվով ընդունում է առնվազն 300-400 այցելու: Այստեղ նախածննդյան վերահսկողություն իրականացնելու համար ծննդկանն առաջիկա ամիսների ընթացքում հավելյալ ծառայությունների համար պետք է ֆիքսված գումար վճարի: Տարբեր ծննդատներում սահմանված գները տատանվում են 40-60 հազարի միջև` չհաշված ծննդալուծման գործընթացի համար` ըստ հայկական մտածողության «մաղարիչ» բաշխելը: Արդյունքում ստացվում է, որ անվճար ծննդօգնությունն այնքան էլ անվճար չէ, զուր չի գործում «թանկից էժանը չկա» ասացվածքը: Ծննդկանների հոսքը կոնսուլտացիոն բաժանմունքներ հավասարաչափ բաշխելու համար օրենքներ չկան, և յուրաքանչյուր ոք ազատ է իր համար համապատասխան բժիշկ ընտրելու հարցում:  Մի քանի ծննդատան կոնսուլտացիոն բաժանմունքների պատասխանատուների հետ զրուցելիս սուբյեկտիվ կարծիք հնչեց, նրանցից ոմանք հավաստեցին, որ հոսքի տարբերությունը նախ և առաջ պայմանավորված է իրենց կենտրոնի տեխնիկական հնարավորություններով:

ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան վարչության աշխատակիցներն այնքան էլ համաձայն չէին այս տեսակետին` հավաստելով, որ յուրաքանչյուր բուժկենտրոն միտված է կատարելու իր առաքելությունը: Սակայն վիճակագրական թվերը և բնակչության շրջանում հարցումները փաստում են հակառակ երևույթը:

Նույն ծառայությունը` կանանց կոնսուլտացիան, իրականացվում է թե՛ ծննդատներում, թե՛ պոլիկլինիկաներում, պարզապես  հարցը մեր ազգամտածողությունն է. համատարած տիրում է այն կարծիքը, թե բժիշկ ընտրելիս էլ առկա է խավերի տարբերությունը:

 

Լ.Ն

Ankakh.com

 

Գովազդ