Հայաստանում երեխաների իրավունքները և՛ պաշտպանված են, և՛ ոչ. իրավապաշտպան

Երեխաների իրավապաշտպան Աիդա Մուրադյանը չի կարող միանշանակ ասել, թե արդյոք Հայաստանում երեխաների իրավունքները պաշտպանված են, թե՝ ոչ:

«Ե՛վ այո, և՛ ոչ. պաշտպանված են այնքանով, որ այսօր մենք ունենք մեծ թվով հասարակական կազմակերպություններ, որոնք ահռելի աշխատանք են տանում, ունենք

քաղաքական կամք, որպեսզի բարելավվի ոլորտը, բայց միևնույն ժամանակ պիտի արձանագրենք, որ ունենք երեխաների իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգ, որը այնքան էլ արդյունավետ չի աշխատում»,- ասաց երեխաների իրավապաշտպանը, ով գործունեություն է ծավալում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ներքո:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է Հայաստանը՝ 1992 թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հունիսի 1-ը որպես Երեխաների միջազգային օր նշող երկրների թվում է:

Հայաստանում գործող երեխաների իրավունքների պաշտպանության այդ եռաստիճան համակարգի առաջին օղակը վարչական համայնքներին կից խնամակալության և հոգաբարձության մարմիններն են, երկրորդը՝ մարզային համանուն բաժիններն ու Երևանի քաղաքապետարանի երեխաների պաշտպանության բաժինը, իսկ երրորդ՝ ամենավերին օղակը Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովն է:

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ հատկապես առաջին և երրորդ օղակներում իրականում թերությունները բազմաթիվ են, ինչի պատճառով էլ Հայաստանում երեխաների պաշտպանությունն արդյունավետ չի իրականացվում:

«Յուրաքանչյուր համայնքում, յուրաքանչյուր երեխայի իրավունքի պաշտպանության համար պատասխանատու է այդ համայնքի ղեկավարը: Դու՞ք վստահ եք, որ այն համայնքում, որտեղ ապրում եք՝ այդ պաշտպանությունն, իրո՞ք, իրականցվում է»,- հարցրեց իրավապաշտպանը, միաժամանակ, հավելելով, որ բազմաթիվ համայնքներում դա այդպես չէ:

Աիդա Մուրադյանը բերեց Արարատի մարզում 11 երեխաներ ունեցող մի անտուն ընտանիքի օրինակը. երբ Արարատի մարզպետարանը, չնայած պայմանավորվածությանը, որ այլ կազմակերպության կողմից տրամադրվող՝ մոտ 3 միլիոն դրամի 10 %-ն էլ իր կողմից կհատկացնիր, ինչի արդյունքում այս ընտանիքը կկարողանա բնակարան ձեռք բերել, սակայն վերջին պահին փոխանցել է ընդամենը 50 հազար դրամ:

Իրավապաշտպանի խոսքով՝ երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից վտանգավոր գոտում են գտնվում, հատկապես, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Այսինքն՝ այդ երեխաներն ավելի շատ են հակված դառնալ անօրինական աշխատանքի զոհեր, դառնալ թափառաշրջիկներ, մուրացկաններ:

Միևնույն ժամանակ իրավապաշտպանը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ երեխայի իրավունքը կարող է ոտնահարվել ցանկացած միջավայրում՝ բակում, դպրոցում կամ թեկուզ իր սեփական ընտանիքում:

«Այստեղ էլ մի քիչ ճիշտ չի լինի տարանջատելը, թե այս երեխաները պաշտպանված են, մյուսները՝ ոչ, բայց եթե նայում ես համեմատության մեջ, ապա, այո, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն ավելի խոցելի են»,-ասաց Աիդա Մուրադյանը:

Հարցին, թե իրավապաշտպաններն ունե՞ն տեղեկություններ այն մասին, որ երեխաները տանը և դպրոցում ենթարկվում են բռնության կամ ծեծի, Աիդա Մուրադյանը մի փոքր դժվարացավ պատասխանել, քանի որ, ըստ նրա, եթե դպրոցը կիսափակ հաստատություն է, ապա ընտանիքը՝ փակ է, հետևաբար, եթե առաջին ոլորտը դժվար վերահսկելի է, ապա երկրորդը գրեթե անվերահսկելի է:

Հիշեցնենք, որ երկու անգամ Yoytube-ում և համացանցում տեսանյութեր հայտնվեցին, որոնք վկայում են, թե ինչպե՞ս է ուսուցիչը ծեծում աշակերտին կամ կտրում նրա մազերը:

Հայաստանի հելսինկյան կոմիտեն 2009-2011թթ. , տարբեր ծրագրերի շրջանակներում, հանրակրթական և հատուկ դպրոցներում և խնամքի պաշտպանության հաստատություններում իրականացրել է մոնիթորինգ և պարզել, որ երեխաների նկատմամբ դպրոցներում կիրառվում են ֆիզիկական և հոգեբանական բռնություններ:

«Սակավաթիվ դպրոցներ կան, որտեղ տնօրինությունը վերահսկողություն է իրականացնում ուսուցիչների կողմից կիրառվող կոպիտ վերաբերմունքի ( ծեծ, ապտակ, ականջը ձգել -Tert.am ) նկատմամբ: Ավելին՝ մի խումբ ուսուցիչներ և աշակերտներ նշված պատիժների կիրառումը համարում են դաստիարակության արդյունավետ միջոց»,-նշված է Հայաստանի հելսինկյան կոմիտեի 2011 թվականի ՝Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում:

Իրավապաշտպան կազմակերպությունը դպրոցներում իրականացրել է հարցումներ, և աշակերտների կողմից հնչել են նման կարծիքներ.«Երբ վիրավորում են, սուս նստում եմ, որովհետև կտան-կսպանեն», «Մտքումս ասում եմ՝ խի՞ ես խփում, խի՞ ես վիրավորում» :

Առանձին հիմնախնդիր է երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների հարցը, ինչը միայն վերջերս հանրային հնչեղություն ստացավ. Հիշեցնենք, որ այն կապված էր Ախթալայի լեռնահարստատուցիչ կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի անվան հետ:

Հայաստանում երեխաները և նրանց ծնողները կարող են դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, եթե երեխային իր կամքին հակառակ ստիպում են աշխատել՝ դպրոցում , բակում, տանը կամ որևէ այլ տեղ, եթե որևէ մեկը նրան ենթարկում է ծեծի, նվաստացնում նրա պատիվն ու արժանապատվությունը, երեխային անհիմն մեղադրում որևէ արարքի մեջ, վտանգ է սպառնում նրա կյանքին կամ առողջությանը, նրան հարկադրաբար բերման ենթարկում ոստիկանության բաժին և նվաստացնում:

Tert.am