Սեռական վաղ հասունացում` 3 տարեկան աղջնակի մոտ. Նախարարությունում այս մասին Հայաստանի հետ կապված տեղեկատվությունը բացակայում է

Լուրեր

Ծանոթներիցս մեկը վերջերս իր երեխայի պատմությունը պատմեց: Երեք տարեկան աղջնակի մոտ  նկատվել  էր մի կրծքի պարբերական մեծացում-փոքրացում, ինչին սկզբում ուշադրություն չեն դարձրել: Սակայն, երբ երևույթը շարունակական է դարձել, դիմել են բժշկի, վերջինս էլ արձանագրել է` երեխայի մոտ սեռական վաղ հասունացում է սկսվել և եթե «դեմը չառնվի», ապա…. Հասկանալի է, որ հասունացման հեռանկարը, այն էլ այդ տարիքում, սարսափեցրել է ծնողներին, առավել ևս, որ զգուշացում էլ հնչել է. եթե գործընթացը չկանխվի, ապա դա կարող է նաև

Ծանոթներիցս մեկը վերջերս իր երեխայի պատմությունը պատմեց: Երեք տարեկան աղջնակի մոտ  նկատվել  էր մի կրծքի պարբերական մեծացում-փոքրացում, ինչին սկզբում ուշադրություն չեն դարձրել: Սակայն, երբ երևույթը շարունակական է դարձել, դիմել են բժշկի, վերջինս էլ արձանագրել է` երեխայի մոտ սեռական վաղ հասունացում է սկսվել և եթե «դեմը չառնվի», ապա…. Հասկանալի է, որ հասունացման հեռանկարը, այն էլ այդ տարիքում, սարսափեցրել է ծնողներին, առավել ևս, որ զգուշացում էլ հնչել է. եթե գործընթացը չկանխվի, ապա դա կարող է նաև

բացասաբար անդրադառնալ երեխայի հոգեբանության վրա: Մի խոսքով, առաջարկվել է ինչ-որ լուծում` հատուկ հորմոնային դեղորայքի օգտագործմամբ կանխել սեռական հասունացումը մինչև երեխայի 8 տարեկան դառնալը, որից հետո դադարեցնել հորմոնների ընդունումը, որպեսզի բնությունն իր գործը արդեն ինքնուրույն հասցնի ավարտին… Հա, մի բան էլ` ընտանիքը Ալավերդուց է:

Խնդիրը հետաքրքրեց, քանի որ ծնողների խոսքերով` իրենք լսել էին վաղ հասունացման մասին, սակայն վաղ հասունացման տակ դիտարկել են սրա շրջանակում տեղավորվող բոլոր երևույթները սկսած 8-9 տարեկանից: Բայց այդ տարիքում, երբ երեխան միայն տիկնիկներով է տարված….

Ու քանի դեռ իրենք շարունակում են բուժումը, դիմեցինք Առողջապահության նախարարությանը պարզելու, թե առհասարակ որքա՞ն տարածված է սեռական վաղ հասունացման երևույթը Հայաստանում ու հատկապես այն շրջաններում, ուր զարգացած է հանքարդյունաբերությունը: 

Ինչու ա՞յդ շրջաններում. Պարզաբանում ստանալու բնապահպանների բարձրաձայնած մտահոգություններին, որ այդ շրջաններում են հենց առավել հավանական մարդու օրգանիզմում որոշակի շեղումներն ու պաթոլոգիաների զարգացումները: 

Նախևառաջ նախարարությունից հետաքրքրվել էինք, թե տեղեկատվություն ունենալու հետ մեկտեղ,  որքանով է տարածված հանրապետությունում սեռական վաղ հասունացումը, ի՞նչ քայլեր է ձեռնարկվում այդ երեխաների հասունացումը նորմային վերադարձնելու համար: Ահա պատասխանը.

«Ալավերդու տարածաշրջանում 2011թ-ին արձանագրվել է վաղաժամ սեռական հասունացման մեկ դեպք: Հանրապետության կտրվածքով տեղեկատվությունը բացակայում է, քանի որ ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացվող տարեկան հաշվետվություններում նման տեղեկատվություն չի ներառվում: 2012թ. Ալավերդու տարածաշրջանում վաղաժամ սեռական հասունացման դեպք չի արձանագրվել»: 

Այն հարցը, թե ինչ է անում նախարարությունը վաղ հասունացումը նորմային վերադարձնելու առումով այդպես էլ մնաց անպատասխան:

Նախարարությունից հետաքրքրվել էինք նաև, թե ի՞նչ թիվ են կազմում Ալավերդիում աբորտները` պտղի հիվանդ լինելու և այլ շեղումներ ունենալու պատճառով: Ըստ այդմ ստացել ենք հետևյալ պատասխանը.

«Ալավերդու տարածաշրջանում 2011թ. և 2012թ. 5 ամիսների ընթացքում հղիության արհեստական ընդհատումներ կապված պտղի անոմալիաների հետ չեն արձանագրվել»:

Ալավերդին, ըստ ԱՆ պատասխանի, առհասարակ կարող է օրինակելի տարածաշրջան համարվել հանրապետության ողջ կտրվածքով: Panorama.am-ի հետևյալ հարցադրումներին, թե ` ինչպիսի՞ շեղումներ կան, որ Հայաստանի այլ մարզերի համեմատ այս բնակավայրում առավել շատ են հանդիպում և 2011թ-ին և 2012թ-ի առաջին հինգ ամիսներին Ալավերդիում զարգացման բնածին արատներով քանի ծնունդ է գրանցվել, ի՞նչ շեղումներ և որքա՞ն երեխա է ծնվել չարորակ ուռուցքներով, ստացվել է հետևյալ պատասխանը.

«Հայաստանի այլ մարզերի համեմատությամբ Ալավերդու տարածաշրջանում 2011թ-ի ընթացքում որևէ շեղումներ չեն հայտնաբերվել: 
2011թ-ին Հայաստանում ծնվել է զարգացման բնածին արատներով 719 երեխա, ինչը կազմում է ընդհանուր ծնունդների թվի 1.7 տոկոսը: Ալավերդու տարածաշրջանում նույն ժամանակահատվածում ` 3 երեխա` ընդհանուր ծնունդների 1 տոկոսը:

2012թ. 5 ամսվա ընթացքում ծնվել է զարգացման բնածին արատներով 3 երեխա: Վերոնշյալ ժամանակահատվածում ՀՀ-ում չարորակ ուռուցքով երեխաներ չեն ծնվել»,- ասված է պատասխանում:

Ստացվում է, որ բնապահպանների ահազանգերը, կապված մասնավորապես հիշատակած տարածաշրջանում հանքարդյունաբերության զարգացման հետ, թե դա անմիջականորեն ազդելու է հատկապես ապագա սերունդների առողջական վիճակի վրա չափազանցությո՞ւն են: Թե նախարարությունը լիարժեք տեղեկատվության չի տիրապետում (եթե նման բան հնարավոր է), թե իրականում ի՞նչ իրավիճակ է Ալավերդիում:

Ի դեպ, Առողջապահության նախարարությունը մեզ ուղղված իր պատասխանում նաև հետևություն է անում.
«Ալավերդու տարածաշրջանի վերաբերյալ հետաքրքրող ցուցանիշները գնահատելով և համեմատելով հանրապետության նույն ցուցանիշների հետ ակնհայտ է դառնում, որ Ալավերդու տարածաշրջանում զարգացման բնածին արատներով ծնված երեխաները անհամեմատ ցածր տոկոս են կազմում , չարորակ նորագոյացություններով երեխաներ ընդհանրապես չեն ծնվել, բժշկական ցուցումներով հղիության արհեստական ընդհատումներ` այդ թվում պտղի կողմից բժշկական ցուցումներով չեն կատարվել»:

 

Աղբյուր` Panorama.am

Լիա Խոջոյան

Գովազդ