Հայ ծնողները աղջիկներին չեն նախընտրում` համարելով, որ աղջիկը ֆինանսական օգնություն չի կարող ապահովել

Ընտանիքում տղա կամ աղջիկ երեխաների նախապատվությանը վերաբերող հարցին պատասխանած կանանց տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ընտանիքներում 6 անգամ ավելի հաճախ նախապատվությունը տրվում է տղաներին` աղջիկների համեմատությամբ (համապատասխանաբար 64.7% եւ 11.8%) եւ միայն հարցվածների 23.5%-ն էր նշել չեզոքություն սեռի հարցում (գծապատկեր 3.5):

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է` «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույցից: Հարկ է նկատել, որ հետազոտությունը իրականացվել է ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի,մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական եւ վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:

ՀՀ քաղաքացիական կացության գրանցումներով իրականացվող պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, 1993թ.-ից սկսած արձանագրվել են նորածինների սեռերի կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցությունից զգալիորեն բարձր ցուցանիշներ` 110-120 տղա` 100 աղջկա դիմաց: Հայ հասարակության մեջ ավանդաբար նախընտրելի է համարվում առաջին հերթին տղա երեխայի ծնունդը. թեեւ ընտանիքում աղջիկ երեխան նույնպես ցանկալի է, սակայն տղայից հետո միայն: Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ հաշվի առնելով իգականի համեմատությամբ արական սեռի կենսաբանագենետիկորեն ավելի թույլ լինելու հանգամանքը, ժողովրդագրական հաշվեկշիռը պահպանելու համար արդեն իսկ ի վերուստ սահմանված է տղաների որոշակի գերակշռություն աղջիկների համեմատությամբ, այսինքն տղաներ ծնվում են ավելի շատ, քան աղջիկներ (102-106 տղա`100 աղջկա դիմաց, հարաբերակցությունը` 1,02-1,06):

Սակայն արական սեռի մահացության ավելի բարձր մակարդակով պայմանավորված` չափահաս տարիքում բնակչության սեռային կազմը գրեթե հավասարվում է, իսկ 65 եւ բարձր տարիքային խմբերում գերակշռում է իգական սեռը: Հետազոտության տվյալները վկայում են, որ  2925 վերարտադրողական տարիքի (15-49) կանանց 0.8 %-ը (23) վերջին 5 տարիների ընթացքում ընդհատել են հղիությունը՝ պայմանավորված պտղի սեռի անցանկալի լինելու հանգամանքով: «Ունեմ երկու տղա երեխա, առաջինը իմացանք, որ աղջիկ պետք ա լինի, ես դիմել եմ արհեստական ընդհատման: Երկրորդն ունեցել եմ տղա եւ էլ չէի ուզում երեխա ունենալ, առողջական խնդիրներ կային: Բայց եթե ինձ բախտ վիճակվեր, որ նորից երեխա ունենայի, ես էլի տղա կուզենայի: Համաձայն չեմ այն մտքի հետ, որ հասարակության մեջ աղջիկը ավելի քիչ է կարեւորվում, յուրաքանչյուր մարդ յուրովի ա դատում, յուրաքանչյուր մարդ անհատական է, նայած` ով ինչպես ա մտածում, էդ հարցին մոտենում: Ես, օրինակ, արժեւորում եմ տղա երեխային: Ես պարզապես սիրում եմ տղա երեխա. ես ռոմանտիկ մարդ եմ, մտածում եմ, որ եթե աղջիկը ինչ-որ մի տեղ իրա տեղը չի գտնի, ծնողի համար ավելի ցավալի է, քան տղայինը»,- նշել է հարցմանը մասնակցած 40 տարեկան, միջին մասնագիտական կրթության մի կին: Հատկանշական են այն պատասխանները, թե ինչու՞ է ընտանիքը նախապատվություն տալիս տղա, այլ ոչ թե աղջիկ երեխաներին: Արդյունքում հետեւյալ պատասխաններն են տեղ գտել` 745-ը հոգի պատասխանել են, որ տղաները տոհմը շարունակում են, 587-ը նշել են, թե տղաները ունեցվածքի ժառանգորդներն են, 292-ը` տղաները ապահովության երաշխիք են, 289-ը` տղաները հայրենիքի պաշտպան են, 257-ը` տղաները կարող են աջակցություն ապահովել , 230-ը`ամուսնությունից հետո աղջիկն, այլեւս քոնը չէ, 197-ը` տղաները հեղինակություն եւ ուժ են ապահովում , 94-ը` աղջկան ամուսնացնելը հոգեբանորեն ծանր է, 81-ը` աղջիկներն ավելի քիչ հնարավորություններ ունենի, 49-ը` ծնողներին ավելի դժվար է տեսնել աղջկա տանջանքը, 41-ը` ամբողջ հոգսն ընկնում է կանանց վրա, 38-ը` աղջիկը ծնողների համար ծեր տարիքում նեցուկ չէ, 20-ը` աղջիկը ֆինասական օգնություն չի կարող ապահովել:

Իսկ հոգեբան Մարինե Մարտիրոսյանը NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ աղջիկների նկատմամբ սեռային խտրականությունը միայն հղիության արհեստական ընդհատմամբ չի սահմանփակվում: «Այդ ամենից զատ աղջիկները ծնվելուց հետո էլ աղջիկները գենդերային անհավասարության են ենթարկվում: Տղաների վրա ուշադրությունը շատ ավելին ա, քան աղջիկների`սկսած դաստիրակչական, ուսման, ապագայի հետ կապված խնդիրներից: Նախկինում դա ավելի ցայտուն էր: Տղային էին ուսման տալիս: Իսկ ով սովորում է նա ավելի հեշտ է աշխատանք գտնում: Բարեբախտաբար կարծես այդ կարծրատիպը աստիճանաբար դիրքերը զիջում է: Հուսանք, որ մարդկանց գիտակցության բարձրացման հետ տղա աղջիկ հարաբերկացությունը եւս կկարգավորվի: Ուզում եմ ասել, որ այդ անհավասարությունը ընտանիքից է սկսվում, հետեւաբար ընտանիքի գիտակցության բարձրացման հետ այդ խնդրը պետք է լուծվի»,- նշեց նա:

NEWS.am