Բժշկության զարգացումը մեծացրել է «անհույս» զույգերի ծնող դառնալու հավանականությունը

Լուրեր

Անպտղության պատճառները բազմաթիվ են. տղամարդկանց շրջանում հայտնի է անպտղության 16 պատճառ, իսկ կանանց՝ 22, հետեւաբար` բազմազան են նաև դրա բուժման մեթոդները: «Արմենպրես»-ի հետ զրույցում գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը նշեց, որ ինֆեկցիոն պատճառների դեպքում բուժում են ինֆեկցիաները, հորմոնների դեպքում` հորմոնները, սակայն կան նաև շատ ավելի լուրջ խնդիրներ. այն է իմունաբանական անպտղությունը: Այս խնդիրն ունենալու դեպքում արդյունքի հասնելու միակ միջոցը, ըստ մասնագետի, ներարգանդային սերմնավորումն է ամուսնու կամ դոնորական

Անպտղության պատճառները բազմաթիվ են. տղամարդկանց շրջանում հայտնի է անպտղության 16 պատճառ, իսկ կանանց՝ 22, հետեւաբար` բազմազան են նաև դրա բուժման մեթոդները: «Արմենպրես»-ի հետ զրույցում գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանը նշեց, որ ինֆեկցիոն պատճառների դեպքում բուժում են ինֆեկցիաները, հորմոնների դեպքում` հորմոնները, սակայն կան նաև շատ ավելի լուրջ խնդիրներ. այն է իմունաբանական անպտղությունը: Այս խնդիրն ունենալու դեպքում արդյունքի հասնելու միակ միջոցը, ըստ մասնագետի, ներարգանդային սերմնավորումն է ամուսնու կամ դոնորական սերմով ` կախված տվյալ ամուսնական զույգի մոտ առկա խնդիրներից, ինչը կատարվում է զույգի համաձայնությամբ:

«Ներարգանդային սերմնավորման ժամանակ կատարվում է ամուսնու սերմի մշակում` հատուկ նյութերով, որի ընթացքում այն զտվում է, մաքրվում, ակտիվանում և խտանում, ինչը հատկապես ցուցված է սերմի որակի, քանակի կամ ակտիվության խնդիրներ ունեցող տղամարդկանց»,-ասաց գինեկոլոգը: Նրա խոսքով, ստացված գերորակյալ սերմը հատուկ ներարգանդային կատետրով ներարկվում է նախապես այդ պրոցեդուրային նախապատրաստված կնոջ արգանդի խոռոչ` ձվազատումից անմիջապես առաջ կամ հետո: «Պետք է շեշտեմ, որ կնոջ արգանդի խոռոչ ներարկել կարելի է միմիայն մշակած սերմ, քանի որ չմշակած կամ կիսամշակած սերմը կարող է այնպիսի հզոր բարդություն առաջացնել, ինչպիսին է տոքսիկ շոկը: Հետևաբար` ներարգանդային սերմնավորում պետք է կատարել միայն մասնագիտացված կենտրոնում` բժշկի` գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգի հսկողության տակ»,- ընդգծում է բժիշկ Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է արտամարմնային բեղմնավորմանը, ապա այդ ժամանակ կնոջից վերցնում են վերջինիս ձվաբջիջները` ձվարանների պունկցիայի միջոցով, իսկ տղամարդուց` սերմնաբջիջները և հատուկ լաբորատոր պայմաններում, հատուկ ինկուբատորներում կատարվում է դրանց բեղմնավորում և սաղմիկի առաջացում: «Որպես կանոն երեք օրական սաղմիկին հատուկ` արտամարմնային բեղմնավորման համար նախատեսված ներարգանդային կատետրով տեղափոխում են արգանդի խոռոչ: Հղիանալու հավանականությունը ԱՄԲ մեկ փորձի համար մոտ 40-45 տոկոս է»,-պատմում է գինեկոլոգը: Այն դեպքերում, երբ կնոջ մոտ բացակայում են ձվարանները` դրանք հեռացնելու հետևանքով կամ ֆունկցիայի վաղաժամ անկման դեպքում, ապա հղիության հասնելու համար կատարում են ԱՄԲ` դոնորական ձվաբջիջների օգտագործմամբ:

«Անպտղություն» ախտորոշման դեպքում` կնոջ արգանդի բացակայությունը, անատոմիական կամ այլ զարգացման խնդիրների պարագայում, երբ կինն ի վիճակի չէ կրել հղիությունը և ծննդաբերել, օգնության է հասնում ԱՄԲ-ն` սուրոգատ կամ փոխնակ մայրերի միջամտությամբ: «Այն կնոջից, ով ունի լուրջ խնդիրներ արգանդի հետ, բայց նորմալ գործող ձվարաններ, ապա կատարում են ԱՄԲ-ի ողջ պրոցեդուրան, բայց բեղմնավորված սաղմիկին տեղադրում են այլ կնոջ` փոխնակ մոր արգանդի խոռոչ, ով ամբողջ հղիության ընթացքում կրում է պտուղը, որի հետ գենետիկական ոչ մի կապ չունի` ծննդաբերությունից հետո վերադարձնում է գենետիկական ծնողներին: Այս դեպքում ավելի պարզ ասած` արգանդի հետ խնդիրներ ունեցող կինն իր բալիկին, կարծես, ինն ամսով ի պահ է տալիս այլ կնոջ»,-բացատրում է բժիշկ Գրիգորյանը:

Գինեկելոգը փաստում է, որ բժշկության զարգացմանը զուգահեռ` հայտնաբերվեց անպտղության բուժման մի այնպիսի նորագույն մեթոդ, ինչպիսին է «Արտամարմնային բեղմնավորումը», որի շնորհիվ մայրության և հայրության բերկրանքը զգացին այնպիսի զույգեր, որոնք մինչ այդ համարվում էին «անհույս»: «Այդպիսիք էին այն կանայք, ովքեր խնդիրներ ունեին արգանդափողերի անցանելիության հետ, այսինքն` դրանք անանցանելի էին կամ բացակայում էին, և այն տղամարդիկ, որոնց սերմի խտությունը չափազանց ցածր էր կամ էլ նույնիսկ նորմալ կամ ցածր խտության սերմում սերմնաբջիջներն անշարժ են կամ տեղում շարժվող»,-հստակեցնում է մասնագետը: Յուրաքանչյուր զույգի խնդիրն յուրահատուկ, հետեւաբար` պահանջվում է անհատական մոտեցում և բուժման մեթոդի ճիշտ ընտրություն` հաջողության հասնելու և տվյալ զույգին  ծնողներ դառնալու բերկրանքը պարգևելու համար:

 

Գովազդ