Ամուսնությունների թվի կրճատմանը զուգահեռ մեծանում է ամուսնացողների տարիքը

Լուրեր

Հայկական միջավայրում ընտանիքը միշտ էլ բարձր գնահատվող արժեք է եղել, և մեծ պատասխանատվություն կա այս արժեքի հանդեպ, հետեւաբար,եթե զույգերը հասկանում են, որ դեռ պատրաստ չեն այս պատասխանատվությունը կրելու, ապա հետաձգում են այդ քայլը: «Արմենպրես»ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանը ամուսնությունների թվի կրճատումը պայամանվորում է նաեւ «Արևմուտքի հետ ակտիվ շփումների արդյունքում ի հայտ եկած նոր դիրքորոշումների

Հայկական միջավայրում ընտանիքը միշտ էլ բարձր գնահատվող արժեք է եղել, և մեծ պատասխանատվություն կա այս արժեքի հանդեպ, հետեւաբար,եթե զույգերը հասկանում են, որ դեռ պատրաստ չեն այս պատասխանատվությունը կրելու, ապա հետաձգում են այդ քայլը: «Արմենպրես»ի հետ զրույցում հոգեբան Կարինե Նալչաջյանը ամուսնությունների թվի կրճատումը պայամանվորում է նաեւ «Արևմուտքի հետ ակտիվ շփումների արդյունքում ի հայտ եկած նոր դիրքորոշումների մշակմամբ»:

«Մի մասն ամուսնական պատասխանատվությունից խուսափելով` ցանկանում է կողքին ունենալ սիրած կին կամ սիրած տղամարդ, այսպես ասած «boyfriend», «girlefriend» հասկացություններն են ուզում մուտք գործել: Դրան դեռևս դիմադրում է մեր մշակույթը` փորձելով փրկել ընտանիք կարևորագույն ինստիտուտը»,-մեկնաբանում է հոգեբանը: Նալչաջյանի խոսքով, այս հարցում սոցիալ-տնտեսական պատճառները եւս լուրջ հոգեբանական հիմք են առաջացնում: «Եթե երիտասարդն ինչ-որ տագնապներ ունի, թե չի կարող ըստ պատշաճի ապահովել իր ընտանիքը, ապա դա արդեն հոգեբանական խնդիր է»,-նշեց հոգեբանը:

«Երիտասարդ ակումբների դաշնություն» հասարակական կազմակերպության նախագահ Ատոմ Մխիթարյանի խոսքով` երիտասարդությունը շատ զգայուն է հասարակական-քաղաքական փոփոխությունների նկատմամբ և առաջինն է արձագանքում կատարվող փոփոխություններին, սոցիալ-տնտեսական պայմանների հետևանքով առաջացած այս կամ այն խնդիրներին: «Այդ արձագանքը նկատում ենք նաև ամուսնությունների թվի նվազման ցուցանիշով: Ամուսնությունների թվի կրճատմանը զուգահեռ` մեծանում է ամուսնացողների տարիքը: Եթե մի քանի տարի առաջ միջին տարիքը աղջիկների համար 23-ն էր, տղաների համար` 27-ը, ապա վերջին տարիներին այն մեկ տարով աճել է»,- նշեց Մխիթարյանը:

Հետեւողական լինելով Հայաստանում տարվող երիտասարդական քաղաքականության հարցերին` Մխիթարյանը ոլորտում մի շարք բարեփոխումներ է նկատել, այդուհանդերձ, կարծում է, որ ամուսնանալու համար երիտասարդին պետք է ինքնուրույն ոտքի կանգնել: «Քանի որ պետության օժանդակությունն երիտասարդին կայանալու գործում էական չէ, նրանից երկար ժամանակ է պահանջվում ինքնուրույն դառնալու, հետևաբար` ամուսնությունն ավելի մեծ տարիքում է լինում»,-հավելեց նա:

2012թ. հունվար-հունիսին գրանցված ամուսնությունները 2011թ.նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 1.6 տոկոսով, իսկ ամուսնալուծության գրանցումներն աճել են` 0.4 տոկոսով: Այս մասին «Արմենպրեսը» տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից: Ըստ ծառայության տվյալների` նախորդ տարվա առաջին վեց ամիսներին գրանցվել է 9364, իսկ 2012 թ. նույն ժամանակահատվածում` 9217 ամուսնություն:

Արմենպրես

Գովազդ