Արցախ. օրինական և «լեվի» աբորտներ

Լուրեր

Արցախում ամեն տարի ըստ պաշտոնական վիճակագրության 1000-ից ավել կանայք արհեստականորեն ընդհատում են հղիությունը: Թե նրանցից քանիսն են նախընտրում տնային պայմաններում ընդհատել հղիությունը, մենք չգիտենք:

Նույն վիճակագրության համաձայն՝ տարեցտարի նվազում է աբորտների թիվը: Տիրող պատկերն ավելի լավ հասկանալու համար պետք է նշել, որ դեղատներում ազատ վաճառքի են հանված արհեստական վիժեցում

Արցախում ամեն տարի ըստ պաշտոնական վիճակագրության 1000-ից ավել կանայք արհեստականորեն ընդհատում են հղիությունը: Թե նրանցից քանիսն են նախընտրում տնային պայմաններում ընդհատել հղիությունը, մենք չգիտենք:

Նույն վիճակագրության համաձայն՝ տարեցտարի նվազում է աբորտների թիվը: Տիրող պատկերն ավելի լավ հասկանալու համար պետք է նշել, որ դեղատներում ազատ վաճառքի են հանված արհեստական վիժեցում առաջացնող դեղեր: Աբորտների դեմ Արցախում պայքարում են տարբեր հասարակական կազմակերպություններ: Հոգեբանների միջոցով քարոզչահոգեբանական աշխատանքներ են տարվում մասնավորապես Ստեփանակերտի «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում»: Այս հատուկ ուշադրությունը թերեւս պայմանավորված է այն բանով, որ աբորտների մոտ 80 տոկոսն արվում է այդ կենտրոնում: Աբորտների թեման այնքան կարևոր է դարձել, որ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը պատասխանել է աբորտների դեպի քարոզչությամբ զբաղվող ՀԿ-ների բաց նամակին: Ավելին, պարզվում է, վարչապետն իր անձնական միջոցներից արդեն երկու տարի է՝ ֆինանսավորում է վերոնշյալ հոգեբանների աշխատանքը: Շրջաններում և գյուղերում, կարելի է ասել,աբորտների դեմ քարոզչություն ընդհանրապես չի տարվում՝ բացառությամբ տեղական «Փեյս» հեռուստաընկերությամբ հեռարձակվող աբորտների մասին հաղորդումներից: Այդ հեռուստաալիքը հասանելի է բնակչության միայն մի մասին: Հարց է առաջանում՝ որքանո՞վ են արդյունավետ աբորտների դեմ պայքարելու մեթոդները և ի՞նչ արդյունքի են հասել դրանց միջոցով:

Ինչ ուզում ես արա, միայն հիվանդանոց մի գնա...

Նոր էի պատրաստվում գրել աբորտների մասին հոդվածս, երբ իմանացա գյուղի իմ հարևանի հարսի`Նարինեի հղիության մասին: Մի օր, հանդիպելով Նարինեի բարեկամուհուն, հետաքրքրվեցի Նարինեի որպիսությամբ: Բարեկամուհին`Սոնա տատն, ասաց, որ Նարինեն մտածում է հղիությունն արհեստականորեն ընդհատելու մասին: «Ինչ ուզում ես արա, միայն հիվանդանոց մի գնա: Ինչո՞ւ պիտի բոլորն իմանան, եթե կարելի է տանն ամեն ինչ անել: Էնքան մեթոդներ կան…»,- Նարինեին գործի իմացությամբ այսպիսի խորհուրդ է տվել Սոնա տատը: Սոնա տատի հետ ունեցած իմ զրույցից որոշ ժամանակ անց իմացա, որ Նարինեն ընդհատել է հղիությունը: Պարզվեց, որ 27-ամյա Նարինեն հղիությունը ընդհատելու համար արհեստական վիժեցում առաջացնող դեղ է խմել և երկու անգամ վատանալուց հետո հիվանդանոց տեղափոխվել: Ես այցելեցի Նարինեին հիվանդանոցում և երբ հարցրի, թե ինչպե՞ս է իրեն զգում, նա իրեն հատուկ հանգստությամբ ասաց` «Ամեն ինչ նորմալ է, ուղղակի մի քիչ թույլ եմ»: Նարինեի ապաքինումից հետո գնացի նրանց տուն` զրուցելու և պարզելու, թե ի՞նչը կամ ո՞վ է ստիպել նրան այդ քայլին գնալու: Նա ինձ հյուրասենյակ հրավիրեց և շտապեց ինձ ու սկեսուրի համար թեյ լցնել և իր թխած գաթայով հյուրասիրել: Ամուսինը՝ Սիմոնը, իրենց ավագ դստերը` 4-ամյա Արմինեին էր քնեցնում նույն սենյակում, փոքր աղջիկը հարևան սենյակում էր քնած: Երկար ժամանակ չկարողացա սկսել զրույցը. սպասում էի, թե երբ ամուսինը մեզ մենակ կթողներ: Ինչ-որ չափով ծանոթ լինելով գյուղի կանանց հոգեբանությանը՝ ենթադրում էի, որ Նարինեն ամուսնու ներկայությամբ չի ցանկանա խոսել: Ահա թե ինչու մի քանի օր մտքումս հարցադրման հազար ու մի տարբերակներ էի մտածում և ամեն անգամ ինձ որսում այն մտքի վրա, որ ինչպես էլ ձևակերպեմ հարցը, միևնույնն է, ի պատասխան կստանամ միայն չոր թվեր (ով քանի աբորտ է արել)`առանց ավելորդ մանրամասնությունների: Երկար սպասել չէի կարող և հանդգնեցի խնդրել, որ պատմի հղիության ընդհատման մանրամասները:

Իմանայի դեղ ա խմել, հիվանդանոց չէի տանի...

Նարինեի ամուսինը և սկեսուրը դեմ էին աբորտին և նա, թաքուն խորհրդակցելով ծանոթ կանանցից մեկի հետ, գնացել էր Ստեփանակերտ և դեղատնից գնելով համապատասխան դեղը՝ տեղում իսկ խմել էր դեղը: Որոշ ժամանակ անց նա վատացավ: «Հետո միայն իմացա, որ երկու տեսակի հաբեր կան, մեկն արժեր մոտավորապես 2 500, իսկ մյուսը մոտ` 12 000 հազար դրամ: Իմ ծանոթը էժանագին հաբն էր խորհուրդ տվել, որ ահավոր ցավեր է առաջացնում: Եթե իմանայի, թանկանոցը կգնեի և այդպես տնեցիք ոչինչ չէին էլ իմանա: Կասեի, որ բնական վիժում է եղել»,-հազիվ լսելի ձայնով, կցկտուր բառերով պատմում է Նարինեն, ժամանակ առ ժամանակ հայացք ձգելով նույն սենյակում երեխային քնացնող ամուսնու ուղղությամբ: Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում» աբորտն արժե 15 000 դրամ: Ճիշտ է, արհեստական վիժում առաջացնող դեղերից մեկը ևս մոտ այդքան արժի, բայց կանանց մի մասը նախընտրում են բժշկի չգնալ: Բանն այն է, որ եթե տնային պայմաններում դեղի միջոցով է ընդհատվում հղիությունը և բարդություններ չեն լինում, ապա այդ մասին ոչ ոք չի իմանում, իսկ բժշկի գնալու դեպքում՝ ողջ քաղաքը կամ գյուղն է իմանում այդ մասին: Նարինեն առաջին վատանալուց հետո մի քանի օր տանը մնաց, ապա աշխատանքի գնաց: Չանցած մի քանի օր՝ նա նորից վատացավ և ամուսինը, մի կերպ համոզելով, նրան տեղափոխեց հիվանդանոց: «Աստծո տվածից չեն հրաժարվի, որտեղ երկուսը, այնտեղ էլ երեքը, չորսը: Մի կերպ կմեծացնեինք էլի»,-ասում է Նարինեի ամուսինը` Սիմոնը, ով քնեցնելով երեխային, միացավ խոսակցությանը: «Միայն հիվանդանոցում ես հասկացա՝ ինչն ինչոց է, երբ բժիշկը ջղայնացած դուրս եկավ վիրահատարանից ու ասաց`«գնում են իրենց համար դեղեր խմում, հետո արյունահոսությամբ (ոչ լրիվ աբորտով) բերում մեր գլխին թափում…»: Եթե շուտ իմանայի, որ Նարինեն դեղ է խմել, ոչ մի հիվանդանոց էլ չէի տանի, հետ կգայի գյուղ առանց նրան…»,- վերհիշելով այդ օրը՝ վրդովված ասաց նա, ապա շտապեց դուրս`անասուններին կերակրելու: -Բա ի՞նչ կանեիր, կթողնեիր որ մեռնի՞,-հարցրի ես: -Դե եթե խելքը էդքան ա, թող մեռնի,-ասաց նա, ապա ավելացրեց,-ես չտանեի, ինչ-որ մեկը կտաներ... Նարինեի սկեսուրը, ով նույնպես ներկա էր այդ խոսակցությանը, ջղայնանալով որդու ասածների վրա ասաց. «Դատարկ բաներ մի խոսա, դու չտանեիր, ես կտանեի»: 11 երեխաների մեջ մեծացած Նարինեն դեռ չի մոռացել հոր տանջանքը, ով ստիպված էր 2-3 աշխատանք անել ընտանիքի կարիքները հոգալու համար: «Ուզում եմ իմ երկու աղջիկներին արժանի մանկություն ապահովել և ոչ թե հազիվ օրվա հացի փող վաստակել: Եթե աշխատատեղ լիներ ու ամուսինս բավական վաստակեր, ես վարկյան անգամ չէի մտածի և նման քայլի չէի գնա: Իսկ եթե աբորտ չանեի, նորից պիտի տանը նստեի, իսկ ինչո՞վ պիտի ապրեինք: Այսպես գոնե կարողանում եմ իմ երեխայի համար քաղցրավենիք կամ գոնե մի խաղալիք գնել»,-վրդովված ասում է նա և ցավով նշում, որ ամբողջ օրն աշխատանքի է լինում, և երեխանները տատիկի հետ ավելի շատ են կապված, քան իր հետ: Հարևան սենյակից երեխայի ձայն լսվեց: Նարինեն շտապեց դեպի ննջասենյակ և չանցած մի քանի րոպե վերադարձավ քնից արթնացած կրտսեր դստերը գրկած: Երեխան տեսնելով տատիկին՝ թաթիկներով ձգվեց դեպի նա: Նարինեն նայելով աղջկան, գլուխը կախեց և հազիվ լսելի արտասանեց. «Իմ մոտ այնպիսի զգացողություն էր, որ ես իմ երեխաներին սպանել եմ. հիվանդանոցում ասացին՝ երկվորյակներ էին: Սկզբում շատ էի նյարդային, այդ միտքն ինձ հանգիստ չէր տալիս: Վերջերս եմ հազիվ ուշքի եկել»:

Ինչի՞ հաշվին է պակասում աբորտների թիվը...

Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի» ամբուլատոր գծով տնօրենի տեղակալ, գինեկոլոգ Էդուարդ Ղահրամանյանի խոսքով` սկսած 2009թ. ավելի քիչ թվով կանայք են դիմում իրենց կենտրոն աբորտի համար: Ըստ գինեկոլոգի՝ պատճառներից մեկն ազատ վաճառքի հանված արհեստական վիժում առաջացնող դեղահաբերն են: «Կանաց մի խավ կա, որոնց մոտ առաջին փորձը հաջող է ստացվել և արդեն անհրաժեշտության դեպքում ոչ ցանկալի հղիությունը դադարեցնում են տնային պայմաններում: Ի տարբերություն այս տարվա՝ անցած տարի շատ էին դեպքերը, երբ արյունահոսությամբ՝ ոչ լրիվ աբորտով կանանց հասցրել են մեզ մոտ»,-ասում է Է.Ղահրամանյանը, բացատրելով, որ այդ ամենի պատճառն այն է, որ ԼՂՀ-ում չկան դեղորայքի վաճառքի հատուկ կանոններ: Առանց դեղատոմսի այստեղ կարելի է գնել համարյա ցանկացած դեղ, այնինչ եվրոպական երկրներում, բացառությամբ, ցավազրկող դեղերի, վիտամինների և որոշ քսուքների, ամեն ինչ բաց է թողնվում միայն բժիշկի դեղատոմսով: Գինեկոլոգը դեմ չէ դեղամիջոցներով հղիության արհեստական ընդհատմանը, միայն եթե հնարավորություն լիներ այն կիրառել հատուկ բժշկական կենտրոններում, բժիշկների վերահսկողության տակ և հղիության համապատասխան ժամկետում: Շատ հաճախ դեղատների աշխատողներն են իրենց դիմած կանանց ինչ-որ չափաբաժին խորհուրդ տալիս, որը կարող է մահացու լինել տվյալ կնոջ համար: Ստեփանակերտի ամենախոշոր դեղագործական «Ֆարմ սերվիս» ՓԲԸ-ն բաժնի վարիչ Դավիթ Սահակյանը վստահեցնում է, որ իրենց դեղատներում աշխատողներին խիստ հրահանգ է տրված նման հարցով իրենց դիմած կնոջը ոչ մի խորհուրդ չտալ, այլապես նույն վարկյանին կազատվեն աշխատանքից: Է.Ղահրամանյանի հավաստմամբ` Արցախի բուժհաստատություններում հիմնականում հղիությունը արհեստականորեն ընդհատում են բժշկական միջամտությամբ՝ բացառությամբ եզակի դեպքերի: «Եթե իմ քույրը կամ մտերիմ մեկը դիմի ինձ, իհարկե, նրան դեղ եմ նշանակելու, բայց տվյալ դեպքում ես գիտեմ՝ ինչ չափաբաժին է անհրաժեշտ: Բանն այն է, որ մեզ մոտ չկա օրենք, որն արգելի դեղի միջոցով հղիությանն արհեստական ընդհատումը, բայց միևնույն ժամանակ չկա և համապատասխան օրենք, որը թույլատրի աբորտների դեպքում կիրառել այն»,-ասում է նա:

Որքանո՞վ են թվերը «ճիշտ խոսում»...

Ըստ ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ վերջին հինգ տարիներին աբորտների թիվը գնալով նվազում է: 2008-ին Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում» գրանցվել է 1163 աբորտ, իսկ 2012թ օգոստոսի 31-ի տվյալներով միայն՝ 514 աբորտ: Վիճակագրական ծառայութան ուսումնասիրությունների համաձայն՝ աբորտների մեծամասնությունն արվում է հենց Ստեփանակերտում: 2008թ. Ստեփանակերտից դուրս գրանցվել է 269 աբորտ: Գրանցվել են դեպքեր, երբ աբորտի են դիմել 15 տարեկան աղջիկներ: Սակայն չգրանցված աբորտների հստակ թիվը չգիտի ոչ վիճակագրական ծառայությունը, ոչ էլ որևէ մեկը:

Արցախում հակաբեղմնավորիչները միշտ էլ պահանջարկ ունեցել են…

Աբորտների թվի կրճատումը գինեկոլոգ Էդուարդ Ղահրամանյանը միայն արհեստական վիժեցում առաջացնող դեղերի օգտագործմամբ չի պայմանավորում: Այսօր կանայք շնորհիվ համացանցի շատ ավելի տեղեկացված են և հասկանում են, որ ոչ ցանկալի հղիությունից խուսափելու համար ավելի լավ է պաշտպանվել`օգտագործելով հակաբեղմնավորիչ հաբեր: Նույն «Ֆարմ սերվիս» ընկերության տեղեկատվության համաձայն` Արցախում հակաբեղմնավորիչ հաբերի պահանջարկը միշտ էլ եղել է, բայց արհեստական վիժեցում առաջացնող դեղերի վաճառքը մինչ այսօր գերազանցում է պահպանակների վաճառքին: Նարինեն ևս լսել է հակաբեղմնավորիչ հաբերի մասին, բայց միշտ ամաչել է դեղատնից գնել այն: Ստեփանակերտցի երկու երեխայի հայր, 30-ամյա Արայի կործիքով Արցախում տղամարդկանց մի մասը գիտի պահպանակների մասին, ուղղակի նախընտրում են չօգտագործել: «Տհաճ բան է և ոչ մեկի համար էլ հաճելի չէ այն օգտագործել: Եթե քո զուգընկերը մշտական է, ապա դրա կարիքը բնավ չի լինում: Պարզապես այստեղ մարդկանց մեծամասնությունն անգրագետ է սեռական կյանքում և տվյալ դեպքում անհնար է խուսափել ոչ ցանկալի հղիությունից: Այստեղ սեռական կրթություն չկա, արցախցի աղջիկների 98 տոկոսը լավ չգիտի իր ֆիզոլոգիան և անատոմիան: Բանն այն է, որ տաննը նրանք սեռական դաստիարակություն չեն ստանում: Փորձիր մեկի հետ նման թեմայով մի բան խոսել, կտան գլուխդ կջարդեն»-,բացատրում է Արան`հավելելով, որ մինչ այսօր իրենց ընտանիքում աբորտ անելու խնդրի առաջ չեն կանգնել և հուսով է, որ երբեք ստիպված չեն լինի նման ընտրություն անել: «Մեղադրել չեմ ուզում նման մարդկանց: Եթե նայենք եկեղեցու տեսանկյունից, ապա աբորտը լավ բան չէ, իսկ եթե մարդու իրավունքների տեսանկյունից, ապա նորմալ է: Ամեն դեպքում, ինձ թվում է` քրիստոնյա մարդու համար դա պետք է ոչ ցանկալի երևույթ լինի»:

Ամեն մի երեխայի կյանքը թանկ է մեզ համար...

Սկսած 2009թ. հունվարից յուրքանչյուր կին, ով դիմել է Ստեփանակերտի «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոն » հղիությունն արհեստականորեն ընդհատելու համար, գինեկոլոգ Էդուրադ Ղահրամանյանի հավաստմամբ, նախևառաջ ուղարկվել է կենտրոնում տեղակայված «Ալֆա Օմեգա» ՀԿ-ի հոգեբանների մոտ: «Միայն հոգեբանների հետ զրուցելուց հետո կինը մեզ մոտ գալիս է համապատասխան փաստաթղթով: Եթե նա այդպես էլ չի հրաժարվում, ապա մենք արդեն ուղղեգիր ենք տրամադրում աբորտ անելու համար»,-բացատրում է գինեկոլոգը: Ստեփանակերտում գործող «Ալֆա Օմեգա» գիտամշակութային հասարակական կազմակերպությունը առաջինն էր, որ 2009թ. հունվարից Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոնում հղի կանանց համար տեղեկատվություն էր ապահովվում և նրանց հետ հոգեբանական աշխատանք անցկացնում` հերթական աբորտը կանխելու համար: Առաջ անցնելով՝ ասենք, որ հենց այս ծրագիրն է, որ վերջին երկու տարիներին իր անձնական միջոցներիով ֆինանսավորում է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Ըստ ՀԿ-ի նախագահ Սուսաննա Պետրոսյանի` 2009 հունվարից մինչև 2010 նոյեմբերը կատարված աշխատանքների արդյունքում 27 կին հրաժարվել է հղիության արհեստական ընդհատմումից , մինչդեռ քարոզչական աշխատանքների ընթացքում աբորտից հրաժարված կանանց ճշգրիտ թիվը պարզել հնարավոր չէ: Որոշ ժամանակ այդ ծրագիրը դադարեցվել էր և վերսկսվել է միայն 2012թ.: Այս տարվա սեպտեմբերից մինչև նոյեմբերի 15-ը ՀԿ-ի հոգեբանական խորհրդատվության շնորհիվ փրկվել է 23 երեխայի կյանք: «Ոմանց համար միգուցե դա քիչ է, մեզ համար թանկ է ամեն մի երեխայի կյանքը»,-ասում է Ս.Պետրոսյանը: Գինեկոլոգ Էդիկ Ղահրամանյանը գտնում է, որ աբորտների թիվը շատ ավելի կնվազի և հոգեբանների աշխատանքն ավելի արդյունավետ լինի, եթե այն իրականցվի ոչ միան իրենց կենտրոնում, այլև լրատվամիջոցներով: «Միամտություն կլինի նստել ու սպասել, որ 50-60 տարի հետո աբորտների թիվը կտրուկ կնվազի:Պետք է ահազանգել և հեռուստատեսությամբ անընդատ խոսել դրա մասին»,-ասում է Է.Ղահրամանյանը, ով 15 տարի է, ինչ աբորտ չի անում, այն բանից հետո, երբ մայրը ծանր հիվանդացավ: Վերջերս Ստեփանակերտում մի խումբ ակտիվ երիտասարդներ ստեղծել են «Հանուն կյանքի» նախաձեռնող խումբ և սկսել են աբորտների դեմ քարոզչական պայքար ծավալել: Նրանց է միացել նաև Ստեփանակերտում գործող «Բարի սամարացի» ՀԿ-ն:Կազմակերպությունը այդ ոլորտում աշխատելու փորձ ունի և ծանոթ-ընկերների միջոցով բացատրական զույցների շնորհիվ արդեն 20 երեխայի կյանք է փրկվել: Առայսօր այդ նախաձեռնող խումբը բլոգ է ստեղծել, որտեղ հայերեն և ռուսերեն լեզուներով աբորտների մասին հոդվածներ և տեսանյութեր է տարածում: Խմբի ակտիվ անդամ Արտակ Բեգլարյանի խոսքով`վերջերս իրենց անձնական միջոցներով «Ոչ սպանված մանկությանը» և նմանատիպ այլ գրություններով տոպրակներ են բաժանել Ստեփանակերտի տասնյակ խանութներում: Ստեփանակերտի խոշոր սուպերմարկետներից մեկի վաճառողուհի Գայանեն պատմում է, որ շատ քչերն են ուշադրության դարձրել այդ տոպրակներին: «Հատուկենտ մարդիկ են հարցրել մեզ, թե ինչի համար են այդ տոպրակները և մենք իրենց բացատրել ենք գործի էությունը: Միգուցե դա առիթ է եղել, որ իրենց շրջապատում կամ ընտանիքում նրանք խոսեն աբորտների մասին»,- ուսերը թոթվելով ասում է վաճառողուհին: «Հանուն կյանքի» նախաձեռնող խումբը նաև բաց նամակով դիմել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների վարչապետներին`Տիգրան Սարգսյանին և Արա Հարությունյանին`խնդրելով Հայաստանում և Արցախում համապատասխան իրավական ակտերով պարտադիր դարձնել հղիության արհեստական ընդհատումից առաջ տվյալ քայլին գնացող ամուսինների (առնվազն չծնված երեխայի մոր) հետ հոգեբանական ու բացատրական զրույցը, ինչպես նաև այդ զրույցից հետո 2-3 օրվա տրամադրում վերջնական որոշում կայացնելու համար:Բացի դրանից համապատասխան իրավական ակտերով հունիսի 1-ը հռչակել նաև չծնված երեխաների պաշտպանության օր՝ դրանից բխող համապատասխան բացատրական-քարոզչական ակցիաների կազմակերպման աջակցմամբ: Որոշ ժամանակ անց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը պատասխանել է նամակին, որտեղ մասնավորապես ասվում է. «Այդ հարցը գտնվում է պետական մարմինների, նաև իմ սևեռուն ուշադրության ներքո: Մասնավորապես, իմ անձնական միջոցներով շուրջ երկու տարի է արդեն` ֆինանսավորում եմ Ստեփանակերտի ծննդատանը գործող երկու հոգեբանների աշխատանքը, ովքեր, նախքան հղիության արհեստական ընդհատման ակտը, պարտադիր կերպով հոգեբանա-բացատրական զրույց են ունենում այդ քայլին դիմող կանանց հետ: Գոհունակությամբ կարող եմ նշել, որ այս ընթացքում դրա շնորհիվ փրկվել են մի քանի տասնյակ երեխաների կյանքեր: Այնուամենայնիվ, քաջ գիտակցելով, որ այդ ուղղությամբ կատարվող ցանկացած քայլ կենսական նշանակություն ունի, պատրաստակամությունս եմ հայտնում բազմապատկելու իմ պաշտոնական ու անձնական ջանքերը հղիությունների արհեստական ընդհատման դեպքերի նվազման ուղղությամբ…» Սակայն ՀԿ-ի աբորտների դեպ քարոզչությունն Նարինեին այդպես էլ չհասավ: Մեր վերջին հանդիպման ժամանակ Նարինեն նորից հղի էր: Նարինեն ցուրտ պատշգամբում ոտաբոբիկ (մաշիկներ չկար հագին, միայն գուլպա) լվացք էր անում սովետական լվացքի մեքենայով: «Դեղ հաստատ էլ չեմ խմի, դեռ չեմ գժվել, համ էլ արդեն ուշ է, երեք ամսական է»,-ասաց նա, ու քթի տակ, հազիվ լսելի ձայնով արտաբերեց,-«դե միգուցե չի մնա, կվիժեմ»: -Տեսնում եմ՝ սիրտդ վրան չի, ինչո˚ւ: -Ուզում եմ ավելի ազատ լինեմ, աշխատեմ, վաստակեմ ու մնացածների նման խանութներով ման գամ: Մի քանի օրից աշխատանքի եմ դուրս գալու, մի ամսից մեզ ձմեռային արձակուրդ կուղարկեն, գոնե արձակուրդային կստանամ, մինչև ֆիզարձակուրդ գնալը:

Ինչ ուենք, ինչ չունենք...

Ասված խոսք է՝ թվերն արդեն խոսում են:Մեր դեպքում չենք կարող վստահ լինել, թե որքանով են իրականության մոտ խոսում այդ թվերը: Բանն այն է, որ պաշտոնական վիճակագրական տվյալներում հաշվառված են միայն նրանք, ովքեր դիմել են Արցախում գործող որևէ բուժհաստատություն` հղիությունն արհեստականորեն ընդհատելու համար: Իսկ թե քանիսն են տնային պայմաններում, տատիկների դեղատոմսով կամ արհեստական վիժեցում առաջացնող դեղերի օգությամբ ընդհատել հղիությունը, մնում է միայն ենթադրել: Հղիության արհեստական ընդհատման մի քանի հայտնի դեպքերի և պատճառների կողքին անհայտ են մնում հարյուրավոր դեպքեր.ի վերջո կինը որոշում է աբորտի գնալ ելնելով ընտանիքի սոցիալական անապահով վիճակից, թե նրանց պլաներում հերթական երեխան չէր մտնում, իսկ միգուցե ընտանիքի այլ անդամների ճնշման տակ են գնում այդ քայլին…Այս և նմանատիպ այլ հարցերի պատասխաններ մենք այսօր չունենք: Այս համատեքստում մի բան է միայն պարզ, որ Արցախում ապրող կանանց առողջությունը շատ խոցելի վիճակում է գնտվում և այդ խոցելիությունը պայմանավորված է և՛ ամուսիների պահպանակներ չօգտագործելով, և՛սեռական կյանքում կանանց անգրագիտությամբ և այլն,և այլն: Հասարակությունը կարող է քննարկել կամ, հակառակը, անտարբերության մատնել վերոնշյալ հարցերը: Փաստն այն է, որ այս կամ այն վերաբերմունքից այդ հարցերը չեն վերանա և հաստատ ինքնիստինքյան, կախարդական փայտիկի հարվածով չեն լուծվի…

Հ.Գ. Գլխավոր հերոսների անունները, նրանց իսկ խնդրանքով, փոփոխված են։

Հեղինակ` Քնար Բաբայան

Emedia.am

Գովազդ