Հայաստանում համաճարակ է մոլեգնում (Տեսանյութ)

Լուրեր

Հայաստանում հիվանդանոցները, մանկական կլինիկաները օրական տասնյակ խոզի գրիպի կամ H1N1 գրիպի վիրուսով հիվանդներ են ընդունում: Մեկ ամսվա ընթացքում գրիպի H1N1 ենթատեսակը 3 հոգու մահվան պատճառ դարձավ՝ 2 տղամարդու և մեկ կնոջ:

Այսօր «Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբն այցելեց Մանկաբուժական թիվ 2 կլինիկա, որտեղ հենց մուտքից

Հայաստանում հիվանդանոցները, մանկական կլինիկաները օրական տասնյակ խոզի գրիպի կամ H1N1 գրիպի վիրուսով հիվանդներ են ընդունում: Մեկ ամսվա ընթացքում գրիպի H1N1 ենթատեսակը 3 հոգու մահվան պատճառ դարձավ՝ 2 տղամարդու և մեկ կնոջ:

Այսօր «Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբն այցելեց Մանկաբուժական թիվ 2 կլինիկա, որտեղ հենց մուտքից

նախազգուշացվում է. «Համաճարակային իրավիճակից ելնելով՝ սահմանափակել տեսակցությունները»:

Կլինիկայի մանկաբույժ Նարինե Վարդանյանը ժամը 14:00-ի դրությամբ արդեն 11 հիվանդ էր ընդունել: Այս պահին բաժանմունքում 31 հիվանդ է գրանցված, որից 19-ը ստանում են ստացիոնար, 13-ը՝ ցերեկային ստացիոնար բուժում:

Այսօրվա 11 հիվանդներին ամբուլատոր առաջին օգնություն է ցուցաբերվել, տրվել են խորհուրդներ: Դեպքերը, ըստ մանկաբույժի, այնպիսի ծանրության չեն եղել, որ հոսպիտալացնելու ենթակա լինեն:

Հոսքը շարունակվում է, դիմելիությունը բարձր է:

Երեկվանից Առողջապահության նախարարությունը հրահանգել է «Տամիֆլյու» դեղամիջոցը ներարկել այն հիվանդներին, որոնք դիմում են հիվանդության առաջին երկու օրերին: Նարինե Վարդանյանը հավելեց նաև, որ հիվանդանոցն ամեն դեղամիջոցով ապահովված է: Նա նշեց, որ հիվանդների հոսքը կլինիկա նախորդ երկու շաբաթների ընթացքում շատ բարձր է եղել: Օրական շուրջ 30 հիվանդ է դիմել, և խիստ անհրաժեշտության դեպքում, երբ թոքաբորբի ծանր ընթացող ձևեր են եղել, հիվանդն անմիջապես հոսպիտալացվել է: «Շատերին ամբուլատոր ձևով է օգնություն ցուցաբերվել, որ բուժումը շարունակեն տեղամասերում՝ տեղամասային մանկաբույժների հսկողությամբ»,- ասաց մանկաբույժը:

H1N1 գրիպը, ըստ մանկաբույժի, հատկապես ծանր են տանում նորածինները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները: Այս գրիպի հիմնական առանձնահատկությունն այն է, որ ջերմային կորագիծը բարձր է, որը մինչև հինգ-վեց օր տևում է: Հիվանդությունը տևում է 4-5 օր, երբեմն՝ 6-7, իսկ 7-րդ օրվանից ավելի տևելու դեպքում արդեն ոչ միայն կլինիկորեն, այլ լաբորատոր գործիքավորումների հետազոտությունների հիման վրա է ամփոփվում: Երբ վիրուսը բարդանում է, կիրառվում է հակաբիոտիկ թերապիա:

Հիվանդ երեխաների ծնողները մեզ հետ զրույցում պատմեցին, որ երեխայի ջերմությունը բարձրացել է մինչև 40 աստիճան, և որևէ կերպ չեն կարողացել ջերմությունն իջեցնել:

Մանկաբույժը, սակայն, չշտապեց համաճարակ բնորոշումը տալ, քանի որ ամբողջ հանրապետությունով հաշվետվությունը պետք է ամփոփովի պարզելու համար՝ համաճարակ է, թե ոչ. «Վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում հիվանդների հոսքը շատացել է, այդքանը կարող եմ ասել»,- ասաց Նարինե Վարդանյանը:

Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սուր շնչառական վարակներով հիվանդությունների թիվը աճել է 2,5 անգամ: Լիանա Թորոսյանը հավաստեց, որ իրավիճակը համաճարակային է, բայց չպետք է որակել որպես համաճարակ: «Մենք այսօր վերլուծություն ենք անում՝ պարզաբանումներ տալով, թե ինչպիսին է համաճարակային իրավիճակը: Մենք չունենք փետրվարյան սկզբի միջին ծանրության հիվանդներ, որոնք թերապևտիկ բաժանմունքներում բուժվելու անհրաժեշտություն ունեն»,-ասաց Լիանա Թորոսյանը:

Նա տեղեկացրեց, որ փետրվարի համեմատությամբ շտապօգնության կանչերը թոքաբորբերի և սուր շնչառական վարակների հետ կապված նվազել են: Նա նշեց, որ շնչառական վարակների նվազման միտում կա՝ չնայած դեռևս հիվանդացությունը մնում է բարձր մակարդակի վրա:

Դպրոցները երկուշաբթի օրվանից մեկ շաբաթով գարնանային արձակուրդ կգնան, իսկ մանկապարտեզները չեն փակվի: Լիանա Թորոսյանի խոսքով՝ կշարունակեն մշտադիտարկում իրականացնել:

Ամբողջ հանրապետությունում սուր շնչառական վարակով 300 հիվանդ է գրանցվել, իսկ ինտենսիվ թերապևտիկ բաժանմունքներում միջին ծանրության 10-12 հիվանդ է բուժվում: Լիանա Թորոսյանը նաև ասաց, որ այս մեկ ամսվա ընթացքում 400 լաբորատոր անալիզ է կատարված: Փետրվարի 10-ից մինչև այսօր իրականացված անալիզները ցույց են տվել, որ դրանց 70 տոկոսը եղել են H1N1, 20 տոկոսը կազմել են գրիպի B վիրուսները, մնացածը եղել են բացասական:

Նա խորհուրդ տվեց հագնվել եղանակին համապատասխան, սենյակը հաճախ օդափոխել, շատ օգտագործել հեղուկ, վիտամիններով հարուստ սնունդ:

Բացի այդ, նա հիշեցրեց, որ յուրաքանչյուր տարի 5 մլն մարդ հիվանդանում է գրիպով: Իսկ խոզի գրիպը դասվում է հասարակ մարդկային գրիպի շարքին:


1in.am

Գովազդ