Հանրապետությունում շնչառական վարակներով հիվանդների 60-70 տոկոսը երեխաներ են

Լուրեր

Հանրապետությունում գրիպի եւ սուր շնչառական հիվանդությունների համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ անփոփոխ:«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանի նշեց, որ հանրապետությունում բժիշկների հսկողության տակ է շնչառական վարակներով 500 մարդ, որից 300-ը մայրաքաղաքի, 200-ը մարզերի հիվանդանոցներում: «Շնչառական վարակներով հիվանդների 60-70 տոկոսը միայն երեխաներ են»,-ասաց նա:

Փետրվարից հանրապետության դպրոցներում իրականացվող մոնիտորինգի արդյունքներով պարզվել է, որ դրանցում

Հանրապետությունում գրիպի եւ սուր շնչառական հիվանդությունների համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ անփոփոխ:«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանի նշեց, որ հանրապետությունում բժիշկների հսկողության տակ է շնչառական վարակներով 500 մարդ, որից 300-ը մայրաքաղաքի, 200-ը մարզերի հիվանդանոցներում: «Շնչառական վարակներով հիվանդների 60-70 տոկոսը միայն երեխաներ են»,-ասաց նա:

Փետրվարից հանրապետության դպրոցներում իրականացվող մոնիտորինգի արդյունքներով պարզվել է, որ դրանցում բացակայությունների գրեթե 10 տոկոսը պայմանավորված է եղել սուր շնչառական վարակներով: Գրիպի ու սուր շնչառական հիվանդությունների հետագա համաճարակային իրավիճակի բարդություններից խուսափելու նպատակով  ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը երկարաձգել դպրոցների գարնանային արձակուրդները ևս մեկ շաբաթով, ինչը զգալի կնպաստի գրիպով հիվանդացության շարունակական նվազմանը և համաճարակային իրավիճակի բարելավմանը:

Մեր այն հարցին, թե ինչու նախարարությունը չի առաջարկում փակել նաեւ մանկապարտեզները, Լիանա Թորոսյանը նշեց, որ մանկապարտեզներում բացակայությունների 9 տոկոսն է պայմանավորված եղել սուր շնչառական վարակներով: Մինչդեռ կարգի համաձայն, բացակայությունների թիվը պետք է մինչեւ 25 տոկոսի հասնի, որպեսզի անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկվեն:

Չորսամյա Արեգը սուր շնչառական վարակով հիվանդացել է հենց մանկապարտեզում: «Երեխաս արդեն մի քանի շաբաթ է` հիվանդ է, ջերմում է: Ես աշխատում եմ, սակայն վախենում եմ երեխայիս նորից մանկապարտեզ տանել: Կուզեի, որ մանկապարտեզներում սանիտարական մաքրում իրականացնեն, որպեսզի երեխաների մոտ վարակը չկրկնվի»,-ասաց 4-ամյա Արեգի մայրը:

Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքներով վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացության աճ է արձանագրվել հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչի արդյունքում Երևանի մանկական հիվանդանոցներն ու բաժանմունքներն աշխատում են գերծանրաբեռնված: Մանկաբույժ Սուսաննա Բաբայանը«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իր մոտ սուր շնչառական վարակներով օրական հինգ երեխայի են բերում: «Վարակներից խուսափելու համար ճիշտ կլիներ, որպեսզի երեխաներին հասարակական վայրեր ավելի քիչ տանեն կամ եթե տանում են անպայման դիմակներով»,-ասաց նա: Բժշկի խոսքով` ճիշտ կլիներ, որպեսզի մանկապարտեզները նույնպես ժամանակավորապես փակվեին:

Հանրապետության բուժհաստատություններում բժշկի ցուցումով անվճար բաժանվում է «Տամիֆլյու» կոչվող դեղամիջոցը: Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը, ինչպես նաև ներկայումս սուր շնչառական վարակներով հիվանդացության աճը` ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում և հիշեցնում է, որ գրիպանման երևույթների առկայության դեպքում անհրաժեշտ է մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, բարձրագույն ուսումնական հաստատություններ: Եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ, պահպանել 2 մ հեռավորություն, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ` կազմակերպելով բժշկի այցը տուն, ինչպես նաեւ խստորեն հետևել անձնական հիգիենային:

Գովազդ