Ոչ մի երեխա ապահովագրված չէ շաքարային դիաբետից. Ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում, ի՞նչ քայլեր է ձեռնարկում պետությունը

Լուրեր

«Ես անակնկալի եկա, երբ իմացա երեխայիս հիվանդության մասին: Ուղեղումս մշուշ էր, սկզբնական շրջանում ոչինչ չէի գիտակցում, բայց հիմա փորձում եմ ուժ գտնել»,-այս մասին պատմում է Սիսիանի բնակիչ տիկին Թագուհին, ում երեխայի՝ 15-ամյա Զարինեի մոտ, 10 օր առաջ շաքարային դիաբետ է հայտնաբերվել:

Թագուհին պատմեց, որ Սուրբ Զատկի տոնը ընտանիքով որոշել էին դաշտում նշել: Զարինեն այդ օրը իրեն լավ է զգացել, բարձր տրամադրություն է ունեցել, սակայն երեկոյան երեխայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:

Թագուհու խոսքերով՝ երեխան անընդհատ ջուր էր խմում, սրտխառնոց ուներ, հետո սկսել է սառել ու շնչահեղձ լինել: Երեխային արդեն

«Ես անակնկալի եկա, երբ իմացա երեխայիս հիվանդության մասին: Ուղեղումս մշուշ էր, սկզբնական շրջանում ոչինչ չէի գիտակցում, բայց հիմա փորձում եմ ուժ գտնել»,-այս մասին պատմում է Սիսիանի բնակիչ տիկին Թագուհին, ում երեխայի՝ 15-ամյա Զարինեի մոտ, 10 օր առաջ շաքարային դիաբետ է հայտնաբերվել:

Թագուհին պատմեց, որ Սուրբ Զատկի տոնը ընտանիքով որոշել էին դաշտում նշել: Զարինեն այդ օրը իրեն լավ է զգացել, բարձր տրամադրություն է ունեցել, սակայն երեկոյան երեխայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:

Թագուհու խոսքերով՝ երեխան անընդհատ ջուր էր խմում, սրտխառնոց ուներ, հետո սկսել է սառել ու շնչահեղձ լինել: Երեխային արդեն կոմայի մեջ տեղափոխել են հիվանդանոց: Հետազոտություններից պարզվել է, որ Զարինեի մոտ առաջին տիպի շաքարային դիաբետ է: «Հուսահատությունից մեզ կորցրել էինք, հիմա կամաց-կամաց ուշքի ենք գալիս: Կարևորը, որ երեխաս չի ընկճվում, թեև շատ լավ գիտակցում է իրավիճակը»,- պատմում է Թագուհին:

Նշենք, որ շաքարային դիաբետն աշխարհում ամենից տարածված հիվանդությունների շարքում է: Տարածվածությամբ այն զբաղեցնում է 3-րդ տեղը`սրտանոթային ու ուռուցքային հիվանդություններից հետո:

Ըստ մասնագետների՝ մինչև 20-րդ դարի սկիզբն այն համարվում էր «հարուստների հիվանդություն»: Այսինքն` առավել ռիսկային գոտում էին գտնվում այն մարդիկ, ովքեր ունեին շատ ուտելու, չաշխատելու, ապա Ճարպակալելու հնարավորություն: Մինչդեռ հիմա պատկերը փոխվել է: Օրինակ Ամերիկայում հիվանդությունը բնորոշ է միջինից ցածր ֆինանսական կարողություններ ունեցողներին, ովքեր էժան և ճարպակալում առաջացնող fast food-ի սպառողներն են:

Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակն այդ առումով Հայաստանում և արդյոք այն լայն տարածում ունի երեխանների շրջանում: Այս և այլ հարցերի պատասխանները Panorama.am-ի թղթակիցը փորձեց պարզել Հանրապետական Էնդոկրինոլոգիական մանկական դիսպանսերի ղեկավար Ելենա Աղաջանովայի հետ զրույցում:

Ըստ նրա` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում վերջին տարիներին նկատվում է շաքարային դիաբեդի հիվանդացության ցուցանիշի աճ: Գոյություն ունի շաքարային դիաբետի 2 տեսակ: 1-ին տիպի շաքարային դիաբետը կազմում է շաքարային դիաբետի դեպքերի 5-10%-ը: Այն առաջանում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջների քայքայման հետևանքով, երբ օրգանիզմում ինսուլին չի արտադրվում: 2-րդ տիպի շաքարային դիաբետը կազմում է շաքարային դիաբետի դեպքերի 90%-ը: Դա էլ առաջանում է այն դեպքում, երբ օրգանիզմը չի կարողանում արդյունավետ օգտագործել արտադրված ինսուլինը, այսինքն` հյուսվածքները բավականաչափ զգայուն չեն ինսուլինի նկատմամբ:

1-ին տիպի շաքարային դիաբետն ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ: Թեև շաքարային դիաբետի 2-րդ տիպով հիվանդանում են հիմնականում հասուն տարիքում, սակայն ներկայումս այն հանդիպում է նաև ավելի երիտասարդ տարիքում:
Ելենա Աղաջանովան ասաց, որ տարեցտարի 1-ին տիպի շաքարային դիաբետի հիվանդացության դեպքերի աճ է նկատվում: Նա նշեց, որ այդ ժամանակ հիվանդն ունենում է ինսուլինի բացարձակ անվաբարարություն, քանի որ ինսուլին արտադրող բջիջները քայքայված են: Այս դեպքում հիվանդներն ինսուլինի մշտական կարիք են զգում, ուստի ինսուլինի ներարկման կանոնավորությունը չպետք է խախտել:

Ե.Աղաջանովան տեղեկացրեց, որ Հանրապետական մանկական էնդոկրինոլոգիական դիսպանսերում հաշվառված է 340 երեխա, 20 երեխա՝ Արաբկիր բժշկական կենտրոնում, 25 երեխա՝ Գյումրիում, որոնք ունեն շաքարային դիաբետ: Նա նշեց, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին հանրապետությունում գրանցվել է առաջին տիպի շաքարային դիաբետով հիվանդության 10 նոր դեպք: 
Ամեն տարի հանրապետությունում գրանցվում է 50-60 նոր դեպք: «Հայաստանում տարեցտարի շաքարային դիաբետով հիվանդ երեխաների թիվն ավելանում է, վերջին շրջանում հիվանդությունը նկատվում է մինչև 5 տարեկան երեխաների շրջանում, ինչը նախկինում հազվադեպ էր լինում: Սակայն այն ավելի շատ հանդիպում է 5-7 և 11-13 տարեկան երեխաների մոտ»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ դիսպանսերում հաշվառված ամենափոքր հիվանդը 10 ամսական է:

Ե. Աղաջանովան նշեց, որ հիվանդությունն ունի սուր արտահայտված նշաններ՝ երեխաները սկսում են շատ ջուր խմել, միզել, նիհարում են, ֆիզիկապես թույլ են զգում, այնուհետև առաջանում է սրտխառնոց, քնկոտություն: Ըստ նրա, եթե ժամանակին չախտորոշվի, ապա լուրջ բարդություններ կառաջանան: «Ոչ մի ընտանիքի երեխա ապահովագրված չէ այս հիվանդությունից: Դրա համար պետք է առավել քան ուշադիր լինել և ախտանշանների դեպքում անմիջապես բժշկի դիմել»,- նշեց նա:

Ե. Աղաջանովան ասաց, որ հիվանդության պատճառը գենային փոփոխություններն են` առաջանում են գենային մուտացիաներ: Դրանց պատճառները դեռևս անհայտ են, սակայն կարող են ազդել թե էկոլոգիական, թե սոցիալական պայմանները, թե սթրեսները, թե անորակ սնունդը: Ըստ նրա՝ հնարավոր է, որ ծնողներից ոչ մեկը հիվանդ չլինի, սակայն նրանց մոտ առկա լինի գենային մուտացիա, և երեխայի մոտ հետո դա նկատվի: «Դիաբեդի պատճառը երեխաների մոտ հիմնականում առաջանում է ինսուլին արտադրող բջիջների քայքայումից: Մոտ 90 տոկոս բջիջները պետք է քայքայվեն, որ դիաբեդը նկատելի լինի»,- նշեց նա:

Մասնագետի խոսքերով՝ շաքարային դիաբեդը հնարավոր չէ այլ միջոցներով բուժել, այդ թվում՝ բուսաբուժությամբ: «Եթե բջիջը քայքայված է և չի կարող ինսուլին արտադրել, ապա ոչ մի բան չի կարող օգնել: Ես չեմ ընդունում, որ բուսաբույժներն իրենց վրա վերցնում են պատասխանատվություն և ծնողներին խոստանում, թե երեխաներին կբուժեն: Նման դեպքեր ունեցել ենք, բայց այսօր ծնողները վախենում են երեխաներին բուսաբույժների մոտ տանել: Ես դեմ չեմ բուսաբուժությանը, նույնիսկ ասում եմ՝ տարեք, բայց ինսուլինը հանել չի կարելի: Հասկանում ենք, որ ծնողների համար դժվար է ընդունել այն փաստը, որ մինչև կյանքի վերջ երեխաները պետք է ինսուլին ստանան, ուստի փորձում են այլ միջոցների դիմել, սակայն առանց ինսուլինի երեխաները կոմայի մեջ կընկնեն: Առաջնային տիպի դիաբետն այսօր համարվում է անբուժելի հիվանդություն»,- ընդգծեց Ելենա Աղաջանովան:

Անդրադառնալով բուժման մեթոդներին` նա նշեց, որ երեխաները պետպատվերի շրջանակներում են բուժվում, ինսուլին ստանում: Երեխաներին օրական մի քանի անգամ են սրսկում, յուրաքանչյուր սրսկումից առաջ որոշվում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Ըստ նրա՝ տան պայմաններում դա կատարվում է հատուկ սարքերի օգնությամբ` գլյուկոմետրի, յուրաքանչյուր չափման ժամանակ պետք է օգտագործվի նոր ստրիպ: Գլյուկոմետրն ու ստրիպները պետք է ծնողները ձեռք բերեն իրենց միջոցներով:

Ե.Աղաջանովան ասաց, որ այս հարցում իրենց օգնում է «Երազ» բարեգործական հիմնադրամը, որը սոցիալապես անապահով ընտանիքներին, որտեղ կան հիվանդ երեխաներ, անվճար տրամադրում է մեկ տուփ ստրիպ և չափիչ սարք: Սակայն դա էլ բավարար քանակ չէ. ամսական անհրաժեշտ է առնվազն 2 տուփ ստրիպ: 50 հատ ստրիպից բաղկացած մեկ տուփն արժե 9-10 հազար դրամ: Եվ այսպես, ընդհանուր հաշվարկներով, մեկ երեխայի սիստեմատիկ բուժումն ըստ պատշաճի ապահովելու համար ամսական անհրաժեշտ է 20-35 հազար դրամ:

Հարցին, թե արդյոք հնարավոր չէ այդ հարցը, գոնե մինչև 7 տարեկան երեխաներին օգնելու համար, պետպատվերի շրջանակներում լուծել, Ե. Աղաջանովան նշեց՝ դիմել են, սակայն նախարարությունից պատասխանել են, որ ստրիպերն անվճար տրամադրելու հնարավորություն չունեն:

Որքանով կարող է ազդել այդ հիվանդությունը երեխաների հետագա ճակատագրի, ինչպես նաև ամուսնանալու և ընտանիք կազմելու վրա, բժշկուհի Աղաջանովան ասաց, որ հիվանդությունը մշտապես վերահսկողության տակ պահելու և բուժմանը ճիշտ հետևելու դեպքում նրանք կարող են և’ ամուսնանալ, և’ երեխաներ ունենալ, և’ հասարակությանը լիարժեք ինտեգրվել: Սակայն, ցանկալի է, որ այդ երեխաները որքան հնարավոր է վաղ տարիքում ամուսնանան ու երեխաներ ունենան, քանի դեռ լուրջ անոթային բարդություններ չեն առաջացել: Որպես դրական քայլ նշենք, որ եթե նախկինում դիաբետով հիվանդ աղջիկներին չէր թույլատրվում ամուսնանալ, ապա այսօր թույլատրվում է:

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

 

Գովազդ