Կանխարգելելն ավելի դյուրին է, քան բուժելը. արգանդի վզիկի քաղցկեղը հնարավոր է կանխարգելել պատվաստման միջոցով

Լուրեր

Աշխարհում տարեկան գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի 500 հազար նոր դեպք և ամեն տարի այն խլում է ավելի քան 250.000 կյանք: Հաշվարկված է, որ արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնելու դեպքում 2050 թվականին այդ թիվը կհասնի 1 միլիոնի: Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, մարդու պապիլոմայի վիրուսը, որը փոխանցվում է սեռական ճանապարհով, հանդիսանում է արգանդի վզիկի քաղցկեղի 70%-ի պատճառ:

Իսկ ինչպիսի՞ն է պատկերն Հայաստանում. քաղցկեղի այդ տեսակից մեր երկրում ամեն տարի

Աշխարհում տարեկան գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի 500 հազար նոր դեպք և ամեն տարի այն խլում է ավելի քան 250.000 կյանք: Հաշվարկված է, որ արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնելու դեպքում 2050 թվականին այդ թիվը կհասնի 1 միլիոնի: Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, մարդու պապիլոմայի վիրուսը, որը փոխանցվում է սեռական ճանապարհով, հանդիսանում է արգանդի վզիկի քաղցկեղի 70%-ի պատճառ:

Իսկ ինչպիսի՞ն է պատկերն Հայաստանում. քաղցկեղի այդ տեսակից մեր երկրում ամեն տարի մահանում է ավելի քան 150 կին: Տարեկան 300 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ: Այն իր տարածվածությամբ չարորակ նորագոյացությունների շարքում գրավում է երկրորդ տեղը` կրծքագեղձի քաղցկեղից հետո:

Դեռ 1980-ականներին գերմանացի գիտնական Հարալդ Հաուզենը հաստատեց, որ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման պատճառը մարդու պապիլոմավիրուսի քաղցկեղածին շտամներն են: Այս հայտնագործությունը հնարավոր դարձրեց ստեղծել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ կանխարգելիչ պատվաստանյութ: Մարդու պապիլոմավիրուսը չափազանց տարածված վիրուս է և հեշտությամբ փոխանցվում է սեռական ճանապարհով: Ապացուցված է, որ սեռական կյանքով ապրող կանանց 50-80% -ը վաղ թե ուշ վարակվում է մարդու պապիլոմավիրուսով: Նշենք, որ այս բացահայտման համար Հարալդ Հաուզենը արժանացավ Նոբելյան մրցանակի:

Դրանից հետո «ԳլաքսոՍմիթԿլայն» ընկերության կողմից կատարված հետազոտությունների արդյունքում ստեղծվեց «Ցերվարեքս» պատվաստանյութը: Պապոիլոմա վիրուսի դեմ կա նաև երկրորդ պատվաստանյութը` «Գարդասիլ»-ը: Դրանք երկուսն էլ պաշտպանում են վիրուսի օնկոգեն շտամերից, ինչպես նաև պարունակում են այլ շտամերի հակագեներ: Այս պատվաստանյութերն արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման նորագույն միջոցներն են, և ներկայումս համարվում են արգանդի վզիկի քաղցկեղի առաջնային կանխարգելում: Զարգացած երկրներում «Ցերվարեքս» պատվաստումն արդեն ընդգրկվել է պարտադիր պատվաստումների ցանկում: Ըստ մասնագետների` յուրաքանչյուր պատվաստանյութ ապահովում է ավելի քան 90% կանխարգելում:

Նշենք, որ հայ կանայք ևս կարող են զերծ մնալ արգանդի վզիկի քաղցկեղից: Արդեն հայ բժիշկների ձեռքում է «Սերվարեքս» կոչվող դեղամիջոցը, որը ներկրվում է «ԳլաքսոՍմիթԿլայն» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության կողմից:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ մոտ 90%-ով արգանդի վզիկի քաղցկեղը կանխող այս պատվաստանյութը Հայաստանի համար նույնպես հասանելի է դարձել: Սակայն, ի տարբերություն զարգացած երկրների, Հայաստանում դեռևս չկա հնարավորություն այս պատվաստումները պետպատվերի շրջանակներում իրականացնելու: Ըստ մասնագետի` կան երկրներ, որտեղ այդ պատվաստումը պարտադիր է դպրոցահասակ տարիքից: 
«Հիմնական օնկոգեն ուղղվածության շտամներ ունի այդ վիրուսը: Եվ նախընտրելի է մինչև սեռական կյանք սկսելը պատվաստվել, ինչը զերծ կպահի այդ օնկոգեն վարակից»,-ասաց Գ. Բազիկյանը` հավելելով, որ այն աղջիկները, ովքեր կպատվաստվեն, չեն վարակվի պապիլոմա վիրուսով, իսկ հետագայում էլ` արգանդի վզիկի քաղցկեղով: Նշենք, որ արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց գրեթե 99%-ի մոտ հատնաբերվում է պապիլոմա տեսակ վիրուսը:

Մասնագետի խոսքերով` պապիլոմա վիրուսով վարակվում են միայն կանայք, տղամարդը վիրուսի փոխանցող է հանդիսանում, բայց վարակը նրա վրա ազդեցություն չի ունենում:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ժամանակը չէ Հայաստանում էլ այդ պատվաստումն իրականացնել պետպատվերի շրջանակում, հատկապես, երբ Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղով տառապող կանանց թիվը գնալով մեծանում է, Գ.Բազիկյանը նշեց. «Մեր պետությունը դեռևս այդ հնարավորությունը չունի և չի կարող այն գնել և մասսայական դարձնել: Կարծում եմ, որ սա այսօրվա լուծելու հարց չէ, իսկ հետագայում, եթե պետության հնարավորությունը կների, ապա ցանկալի է, որպեսզի մեր երկրում էլ այն պարտադիր լինի»:

Իսկ այն հարցին` եթե դա պարտադիր լինի, հնարավոր է, որ ծնողները դրան դեմ լինեն, Գ.Բազիկյանը պատասխանեց. «Կարծում եմ` եթե դա լինի պետպատվերի շրջանակում և պարտադիր ` կօգտվեն: Պարզապես ծնողներին պետք է տեղեկացնել դրա մասին, որպեսզի հասկանան, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ: Ըստ իս` պատվաստանյութը կնվազեցնի արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացության դեպքերը»:

Մասնագետը նկատեց, որ ավելի վաղ շրջանում հիվանդության հայտնաբերման դեպքում բուժման հաջողությունները զարգացած երկրներում ավելի բարձր են, քան զարգացող երկրներում: «Պատճառը նաև ուշ դիմելիությունն է, հետևաբար բուժման արդյունքներն ավելի ցածր են: Մինչդեռ քաղցկեղը որքան շուտ է հայտնաբերվում, այնքան արդյունավետ է լինում բուժումը»,- ասաց նա: Գ.Բազիկյանը նշեց նաև, որ կնոջ մոտ պապիլոմա վիրուսը հաստատվելուց հետո պատվաստանյութի օգտագործումն արդյունավետ չի լինի:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենի խոսքերով` Հայաստանում պատվաստանյութի մեկ չափաբաժինն արժե մոտ 120 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Պատվաստումն իրականացվում է 6 ամսվա ընթացքում` 3 անգամ: Երկրորդ պատվաստումն իրականացվում է առաջինից 2, իսկ 3-րդը` առաջինից 6 ամիս հետո:

ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մեզ հետ զրույցում կարևորեց պապիլոմա վիրուսի դեմ պարտադիր պատվաստանյութի ներդրումը: Նա նշեց, որ ներկայումս նախարարությունում մշակվում է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի կանխարգելման բարեփոխումների ծրագիր: «Ծրագիրը դեռևս քննարկման փուլում է, սակայն այնտեղ նախատեսված է ընդգրկել արգանդի վզիկի քաղցկեղի պատվաստումներով առաջնային կանխարգելումը: Բոլոր դեպքերում Առողջապահության նախարարությունը կարևորում է դրա անհրաժեշտությունը: Եթե այդ առաջարկն ընդունվի, ապա դա պատվաստումների ազգային օրացույցում կներդրվի և մեր դեռահասները պարտադիր կպատվաստվեն»,- ասաց նա:

Ըստ Գ.Սահակյանի` ընդունումից հետո միայն կորոշվի, թե որ տարիքային խմբից պետք է աղջիկները պատվաստվեն: «Որոշ երկրներում 9 տարեկանից են սկսում, քանի որ դա կախված է այն հանգամանքից, թե տվյալ երկրում որ տարիքից են սեռական կյանքով ապրում»,- ընդգծեց նա: Նրա կարծիքով, եթե ճիշտ իրազեկման աշխատանքներ տարվեն, ապա յուրաքանչյուր ծնող ինքը կցանկանա, որ իր երեխան պարտադիր պատվաստվի` պաշտպանելով նրան հետագայում արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդանալուց:

Գ.Սահակյանի խոսքերով` համաշխարհային շուկայում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը բավականին թանկ արժե, և Հայաստանում այն ևս պարտադիր դարձնելու համար պետք է հաշվի առնենք նաև մեր երկրի տնտեսական հնարավորությունները: «Այստեղ հարց է առաջանում` եթե ներդրեցինք, արդյոք կարող ենք կայունությունն ապահովել, կկարողանա պետությունն ամբողջ խմբաքանակը ներկրել: Սրանք հարցեր են, որոնք պետք է հաշվի առնենք»,- նկատեց նա:

Հարցին, թե միթե՞ պատվաստումներն տնտեսապես ավելի նախընտրելի չեն, քան հիվադությունների բուժումը, Գ.Սահակյանը նշեց. «Ճիշտ է, և դա հաշվի առնելով առաջարկել ենք, որ այդ պատվաստումը ևս ընդգրկվի բարեփոխումների ծրագրում: Պարզապես մենք չենք կարող շտապ որոշում կայացնել: Պետք է քննարկենք, որպեսզի կարողանանք նաև կայունությունն ապահովել»,- նշեց նա:

Իսկ այն հարցին, թե քանի տոկոսով է այն կանխարգելում հիվանդությունը, Գ.Սահակյանը նշեց, որ պատվաստանյութի արդյունավետության հետ կապված հետազոտությունները դեռ շարունակվում են, այն նոր վակցինա է, բնականաբար, արդյունավետությունը գնահատելու համար ժամանակ է պետք: «Ընդհանրապես ցանկացած նոր պատվաստանյութի արդյունավետությունը պարզելու համար որոշակի ժամանակ է պետք` 10-15 տարի: Միայն այդ դեպքում կարելի է հստակ ասել, որ պատվաստումների իրականացման արդյունքում այսքան տոկոսով հիվանդացության թիվը նվազեց»,- ասաց նա:

Ըստ նրա` երբ հեպատիտ Բ-ի դեմ պատվաստանյութը նոր էր ստեղծվել, միայն 5 տարի հետո հետազոտությունները ցույց տվեցին, որ մարդը պաշտպանված է այդ վիրուսից և որոշակի տոկոսային համամասնությամբ հիվանդությունը նվազել է: Գ.Սահակյանի խոսքերով` հեպատիտ Բ-ի պատվաստանյութը Հայաստանում ներդրվել է 1999թ-ին, դրանից հետո մինչև 14 տարեկան երեխաների մոտ առհասարակ հեպատիտ Բ չի գրանցվել և, առհասարակ, վերջին տարիներին 100 անգամով այդ հիվանդությունը նվազել է:

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

 

Գովազդ