Գ.Ավագյան. 45 հազար ծննդի դիմաց տարեկան գրանցվում է շուրջ 7 հազար աբորտ

Լուրեր

Տարեկան Հայաստանում գրանցվում է շուրջ 45 հազար ծնունդ, պաշտոնական տվյալների համաձայն ` շուրջ 7 հազար էլ աբորտ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը` նշելով, որ սխալ աբորտի դեպքում, այսինքն բուժհաստատությունից դուրս կատարվող աբորտները վտանգում են կնոջ

Տարեկան Հայաստանում գրանցվում է շուրջ 45 հազար ծնունդ, պաշտոնական տվյալների համաձայն ` շուրջ 7 հազար էլ աբորտ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը` նշելով, որ սխալ աբորտի դեպքում, այսինքն բուժհաստատությունից դուրս կատարվող աբորտները վտանգում են կնոջ առողջությունը:

Նա բերեց նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, որոնց համաձայն` աշխարհում տարեկան շուրջ 80 հազար կին մահանում է աբորտի հետևանքով, ևս 300 հազարը հաշմանդամություն ձեռք բերում և այլ տիպի բարդացումներ աբորտների հետևանքով:

Պաշտոնական թվից զատ հետաքրքրվեցինք նաև, թե որքա՞ն թիվ են կազմում աբորտները բուժհաստատություններից դուրս` տան պայմաններում, դեղորայքի և այլ միջոցներով կատարված: Գ.Ավագյանը նշեց, որ տարեկան շուրջ 4 հազար, այսպես կոչված ինքնաբեր վիժումների դեպք է արձանագրվում, այդ թվում և ոչ ճիշտ դեղորայքի միջոցով, ինչը շատ վտանգավոր է:

Panorama.am-ի դիտարկմանն ի պատասխան, թե շատ է խոսվում, որ հայտնի դեղորայքը, որի միջոցով կանայք հենց տանը աբորտի են դիմում առանց բժշկական միջամտության բավականին հեշտ է ձեռք բերել դեղատներից, բայց նախարարության կողմից ոչ մի քայլ չի ձեռնարկվում, որպեսզի բարդացվի դրա գնման գործընթացը, Գ.Ավագյանը համաձայնեց դիտարկման հետ և նշեց, որ առողջապահության նախարարությունն այժմ քննարկում է, թե ինչպես գալ դրան, քանի որ այդ դեղը նախատեսված է ստամոքսի հիվանդությունների բուժման համար. «Այո, կանայք դիմում են այդ միջոցին, ինչը մեզ մտահոգում է: Մենք քննարկում ենք այդ հարցը և լուծում անպայման կգտնենք»,- տեղեկացրեց պաշտոնյան:

Ամենակարևորը, որ լրագրողներին խնդրեց գրել Գ.Ավագյանը, դա այն է, որ կանայք հետևեն իրենց առողջությանը.
«Ցավոք սրտի հայ կանայք բավականին անբարյացկամ են իրենց առողջությանն ու սեփական անձին: Սա անպայման գրեք` կինը պետք է հետևի իրեն, որովհետև որքան էլ կարևոր գործերով լի է նրա առօրյան` երեխաներ, ամուսին, ընտանիք, բայց նա պետք է հիշի, որ ինքն է այդ ընտանիքի հենասյունը և եթե իր հետ մի բան լինի, ապա այդ ընտանիքը` ամուսինն ու երեխաները, առաջինն են դրանից տուժելու: Տարին առնվազն մեկ անգամ անհրաժեշտ է հետազոտվել` կանխարգելելն ավելի հեշտ է, քան բուժելը»,- հորդորեց նա:

Աղբյուր` Panorama.am

Գովազդ