Ժամանակակից երեխաների ցանկությունները…. Խե~ղճ Ձմեռ Պապ

Լուրեր

Ամանորյա տոների մոտենալուն պես քաղաքը լցվում է եռուզեռով: Ու անկախ նրանից, որ շատերն ամեն տարի խոստանում են, որ ոչ մի բան էլ չեն անելու ու նոր տարին դիմավորելու են շատ թեթև, դեկտեմբերի սկզբից խցանումները թե’ փողոցներում, թե’ խանութներում ցույց են տալիս, որ ոչինչ էլ չի փոխվել մեր հոգեբանության մեջ ու դեկտեմբերը

Ամանորյա տոների մոտենալուն պես քաղաքը լցվում է եռուզեռով: Ու անկախ նրանից, որ շատերն ամեն տարի խոստանում են, որ ոչ մի բան էլ չեն անելու ու նոր տարին դիմավորելու են շատ թեթև, դեկտեմբերի սկզբից խցանումները թե’ փողոցներում, թե’ խանութներում ցույց են տալիս, որ ոչինչ էլ չի փոխվել մեր հոգեբանության մեջ ու դեկտեմբերը միևնույն է մնում է որպես ամենածախսատար ամիս: Ու եթե անգամ ինչ-որ ընտանիք որոշում է կայացրել ամանորյա սեղանին այս տարի խոզի բուդ չդնել, ապա մի բանում կոնսերվատիզմը հաղթել է: Իսկ ահա  երեխաների նամակները Ձմեռ պապուն, ըստ Panorama.am-ի,  կատարվելու են ամեն գնով:

Չգիտեմ, Ձմեռ պապը փոխվել է անցած քսան տարիներին, թե ոչ, բայց երեխաները անշուշտ փոխվել են: Հիշում եմ` ես Ձմեռ պապուց շոկոլադե կոնֆետներ էի ուզում ու գունավոր մատիտներ, ավելիին սովետական փոքրիկի երևեկայությունը դժվար էլ բավականացներ…. Հետաքրքիր է` այսօր կա՞  քչով բավարարվող երեխա:

Հաշվի առնելով ընկերներիս երեխաների նամակները և սոցիալական ցանցերում ահաբեկված ծնողների ստատուսները, որոնցից ոմանք անգամ բանկ թալանելու ելքն են իրենց համար ուրվագծել` ոչ. երեխաներն այսօր մրցում են հնարամտությամբ և բրենդաճանաչությամբ, ինչպես նաև տեխնիկական նորույթների իմացությամբ, ու այնպիսի տպավորություն է, որ նրանք քնելուց առաջ գիտատեխնիկական նորույթների մասին ամսագրեր են ընթերցում, որպեսզի ծնողներին էլ նորույթների մասին տեղեկացնեն: 

Թոփ-տասնյակում, թե ինչ են ժամանակակից երեխաները Ձմեռ պապիկից ակնկալում իհարկե պլանշետներն ու բջջային հեռախոսներն են: Ընդ որում` երեխաները անգամ մոդելներով են գրում, թե կոնկրետ որ մոդելն են ցանկանում տարվա ամենակախարդական գիշերը գտնել տոնածառի տակ` մարդ ես, Ձմեռ պապը հանկարծ չորոշի խաբել նրանց չինական էժանագին պլանշետով: Երկրորդ տեղում պլանշետի մեծ եղբայրն է` համակարգիչը: Սակայն դա չի նշանակում, թե փոքրիկները կբավարարվեն փոքր հզորությամբ ինչ-որ համակարգչով, ոչ. ընկերներիցս մեկի յոթամյա դուստրը Ձմեռ պապուց այնպիսի համակարգիչ է խնդրել, որում լինի «ֆոտոշոփ» ծրագիր, խաղեր խաղալու հնարավորություն….. մայրն ասում է` «ե՞րբ մեծացավ աղջիկս չիմացա»: Առաջին եռյակը կարելի է եզրափակել հեծանիվով և ուրախալի է, որ մեծացող սերնդում դեռ մնացել են երեխաներ, որոնք վիրտուալ կյանքից դուրս էլ հետաքրքրություններ ունեն…. դեռ:

Ցանկությունների թվում են նաև «կախարդական զարդեղեն», ընդ որում մայրը գլուխը բռնել է, որ հասկանա, թե դա որն է, «սալյուտ», «ավազի գռուզավիկ» ու ծնողները հույս ունեն, որ իրենց փոքրիկը ամեն դեպքում խաղալիք բեռնատար է ցանկացել, այլապես պետք է բացատրեն, որ խեղճ Ձմեռ պապը իսկականը չէր կարողանա տեղավորել իրենց տոնածառի տակ: Նաև «Adidas» մարզահագուստ, և հիմա փոքրիկի մայրը սպասում է, որ բրենդային այդ խանութում, որն այդքան շատ է սիրում իր որդին, 80 տոկոս զեղչ լինի: 

Առհասարակ ժամանակակից երեխաները շատ պրակտիկ են և իրենց նամակներում կոնկրետ ցանկություններ են հայտնում: Օրինակ, չեն գրում` տիկնիկ, այլ գրում են` Barby տիկնիկ եմ ուզում իր սեղան-աթոռով ու հայելիով: Կամ` LEGO կոնստրուկտորի կոնկրետ հավաքածուն և ոչ թե ուղղակի LEGO:

Երեխաներից կան նաև այնպիսինները, որ Ձմեռ պապուց միայն իրենց համար չէ, որ նվերներ են խնդրում: Օրինակ, 3-ամյա Մերին նամակում իր համար կախարդական հայելի է խնդրել, իսկ քրոջ և մայրիկի համար`գրիչ և հեռախոս: Ու հավելել նամակը.

«Իսկ պապան ունի մամային, իրան բան պետք չի»: Ահա այսպես:

...Մնում է միայն ավելացնել` խե~ղճ ծնողներ, խե~ղճ Ձմեռ պապ:

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Լիա Խոջոյան

Գովազդ