Որքա՞ն արժե Ձմեռ պապ ու Ձյունանուշ հրավիրելը

Լուրեր

Ամանորին միայն հյուրասիրությունը չէ, որ հարվածում է մեր գրպաններին: Վերջին տարիներին բավականին նորամուծություններ են ի հայտ եկել և եթե նախկինում, օրինակ, հայրերն էին Ձմեռ պապի հանդերձանքով կախարդական գիշերը իրենց երեխաներին զբաղեցնում, ապա ժամանակակից երեխաներին ուրախացնում են «իսկական» Ձմեռ

Ամանորին միայն հյուրասիրությունը չէ, որ հարվածում է մեր գրպաններին: Վերջին տարիներին բավականին նորամուծություններ են ի հայտ եկել և եթե նախկինում, օրինակ, հայրերն էին Ձմեռ պապի հանդերձանքով կախարդական գիշերը իրենց երեխաներին զբաղեցնում, ապա ժամանակակից երեխաներին ուրախացնում են «իսկական» Ձմեռ պապերը…. Իսկ ամեն ինչ այսօր, ինչպես գիտենք, իր գինն ունի:

Panorama.am-ը «Ձմեռ պապ և Ձյունանուշ» ծառայության գինը ճշտեց մի քանի գործակալություններից, որոնք այսօր արդեն պատվերներ են ընդունում: Ի դեպ, շատ տեղերում Ամանորի գիշերվա համար պատվերներ նույնիսկ չէին էլ ընդունում ` Ձմեռ պապիներն ու Ձյունանուշներն արդեն զբաղված են: Բայց դեռ հնարավորություն կա նրանց տեսնելու…. Եթե, իհարկե, ունեք համապատասխան գումար:

Գները նման ծառայության համար սկսվում են 30 հազար դրամից` այն դեպքում, եթե Ձմեռ պապին ուզում եք տեսնել ձեր տանը հենց գիշերը`  հունվարի 1-ի ժամը 00.00-ից սկսած: 30-40 հազար դրամ և նա ու Ձյունանուշը կգան ձեր տուն, ձեր առած նվերները կնվիրեն ձեր երեխաներին, 15-20 րոպե անց կլքեն բնակարանը: Որոշ ծառայություններ նաև իրենք էլ նվերներ ունեն նախատեսած երեխաների համար, բայց, հասկանալի է, դրանք ուղղակի սիմվոլիկ բնույթ են կրելու:

Ձմեռ պապին ու Ձյունանուշին հնարավոր է պատվիրել նաև մյուս օրերին` քանի դեռ բոլորը հանգստանում են ու տոնում, նրանք աշխատելու են: Գներն, ըստ այդմ, փոքր-ինչ նվազում են, օրինակ, հունվարի 1-ի առավոտվանից սկսած ու առաջիկա օրերին նույն ծառայությունը կմատուցվի արդեն 20 հազար դրամից սկսած:

Նախատեսված է նաև ծառայություն մանկապարտեզների համար: Այս դեպքում Ձմեռ պապին ու Ձյունանուշին ավելանում է նաև խաղավարը. Սկզբում խաղավարը 30 րոպե կզբաղեցնի երեխաներին, երգուպար կլինի, իսկ հաջորդ 30 րոպեն երեխաներին կմիանան նաև Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Ինչպես մեզ տեղեկացրեցին, այս ծառայության գինը սկսվում է 20-30 հազար դրամից, բայց նույնպես անհրաժեշտ է նախապես պատվիրել:

Էլ չենք խոսում տոնածառի հանդեսների և երեխաների համար նախատեսված տոնական թատերական միջոցառումների գների մասին, քանի որ լրիվ այլ թեմա է….

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Լիա Խոջոյան

Գովազդ