Խաղալիքներ. ի՞նչ է կատարվում այս շուկայում

Լուրեր

Ամանորի նախաշեմին մանրածախ ապրանքների իրացման կետերում հաճախակիանում են տնտեսվարողների օրինախախտումները, որոնք տարաբնույթ են: Հաշվի առնելով, սպառողների ակտիվությունն այս շրջանում` նրանցից շատերը ոչ միայն զլանում են ներկրվող ապրանքը սերթիֆիկացնել, այլև թերանում են իրականացնել հայերեն մակնշման գործընթացները: Ուստի, տնտեսվարողների շրջանում առկա խախտումները նվազագույնի հասցնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությունը հատկապես այս շրջանում

Ամանորի նախաշեմին մանրածախ ապրանքների իրացման կետերում հաճախակիանում են տնտեսվարողների օրինախախտումները, որոնք տարաբնույթ են: Հաշվի առնելով, սպառողների ակտիվությունն այս շրջանում` նրանցից շատերը ոչ միայն զլանում են ներկրվող ապրանքը սերթիֆիկացնել, այլև թերանում են իրականացնել հայերեն մակնշման գործընթացները: Ուստի, տնտեսվարողների շրջանում առկա խախտումները նվազագույնի հասցնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությունը հատկապես այս շրջանում ակտիվացրել է իր գործունեությունը:

Նշենք, որ այն ոլորտները, որոնցում ամենից շատ են խախտումներ արձանագրվում, պայմանավորված են սեզոնայնությամբ: Օրինակ՝ նոր ուսումնական տարվա նախաշեմին տեսչությունն առավելապես ուժեղացնում է իր աշխատանքները գրենական պիտույքների, իսկ Ամանորի նախաշեմին՝ մանկական պարագաների և խաղալիքների ոլորտում:

Կառավարությունն ավելացրել է տեսչությանը հատկացվող գումարները՝ փորձանմուշներ գնելու և լաբորատոր ստուգումներ իրականացնելու համար։ Ասենք, որ այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, վտանգավորության աստիճան պարունակող դեպքեր չեն արձանագրվել։ Անցած տարի մանկական խաղալիքների շուկայում բավական մեծ աղմուկ հանեց «Տունտունիկ» ընկերության ներմուծած երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքների խմբաքանակը։

Ինչպես նշում է Շուկայի վերահսկողության տեսչության պետ Լևոն Խալիկյանը, սա լավագույն առիթ դարձավ, որպեսզի ներմուծվող ապրանքները պարտադիր սերթիֆիկացվեն:  Հաջորդ լուրջ խախտումը դարձյալ մանկական պարագաների շուկայում էր. խոսքը վերաբերում է «Նար-Առ» ընկերության ներկրած տակդիրներին։ Հիմնական խախտումները շարունակում են մնալ հայերենի մակնշման բացակայությունը կամ թերի հայերեն մակնշումը։ Այս խնդիրը Խալիկյանը համարում է մտահոգիչ և ասում, որ այս ոլորտում անելիքներ շատ կան, քանի որ հայերենի մակնշման բացակայությունը ամենահաճախակի հանդիպող խախտումներից է։ «Գրեթե բոլոր կազմակերպությունները թերանում են այս օրենքը կիրառելիս։ Թեպետ, վերջին մեկ երկու տարվա համեմատ, տնտեսվարողներից շատերը ավելի պարտաճանաչ են դարձել։ Բոլոր խոշոր կազմակերպությունները հենց արտահանվող երկրում են արտադրանքը մակնշում։ Այս առումով ևս տեսչությունը հետևողական է եղել, մակնշման բացակայության պատճառով կասեցրել է որոշ խմբաքանակների իրացումը շուկայում։ Վերահսկողությունն այս ոլորտում շարունակական է, քանի որ մշտապես հանդիպող երևույթներից է», –ասում է տեսչության պետը։

Այս տարի Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը ստուգումները շարունակելու է խաղալիքի և մանկական պարագաների շուկայում՝պարզելու, թե որքանով է դրանց որակը համապատասխանում չափանիշներին։ Ամանորի նախաշեմին այդ շուկան ակտիվանում է, և իրացման կետերում հայտնվում են անորակ, առողջության համար վտանգ ներկայացնող խաղալիքներ։ Որպեսզի հատկապես այս օրերին սպառողները զերծ մնան անորակ ապրանք գնելուց, տեսչության պետը հորդորում է դրանք գնել ոչ պատահական, այլ մասնագիտացված առևտրային կենտրոններից և համապատասխան վկայական պահանջել, ինչը  հնարավորություն կտա պաշտպանելու երեխաներին անորակ կամ վտանգավոր ապրանքներից։

Ըստ Լևոն Խալիկյանի` այս տարի ստուգումներն արդեն սկսվել են,  թեպետ նախատոնական իրարանցում դեռ չկա: Ստուգումները դարձյալ ակտիվ են ոսկյա իրերի առքուվաճառքի սրահներում: Խոսքը վերաբերում է պարտադիր հարգորոշման և հարգադրոշմման պիտակի առկայության կանոնների պահպանմանը, ինչի ուղղությամբ խախտումներ բավականաչափ շատ են արձանագրվում։ Դիտարկման արդյունքները կամփոփվեն տարեվերջին։

Լ.Ն

Ankakh.com

Գովազդ