Զգուշացեք նաև թաց անձեռոցիկներից

Լուրեր

Գաղտնիք չէ, որ երեխաներն ունեն ամենօրյա խնամքի և անձնական հիգիենայի պահպանման անհրաժեշտություն: Ուստի երեխայի խնամքն ապահովելու համար ծնողները ոչինչ չեն խնայում: Հատկապես խոսքը վերաբերում է խնամքի պարագաներին, որոնց համար ծախսում են հսկայական գումարներ: Դրանք են տակդիրները, շամպունները, տարբեր տեսակի գելերն ու թաց անձեռոցիկները: Հաճախ նախապատվությունը ծնողները տալիս են հեղինակավոր ընկերությունների արտադրանքին, քանի որ նրանք մտածում են` որքան թանկ և հեղինակավոր ընկերության արտադրանք, այնքան անվտանգ կարող են դրանք լինել:

Գաղտնիք չէ, որ երեխաներն ունեն ամենօրյա խնամքի և անձնական հիգիենայի պահպանման անհրաժեշտություն: Ուստի երեխայի խնամքն ապահովելու համար ծնողները ոչինչ չեն խնայում: Հատկապես խոսքը վերաբերում է խնամքի պարագաներին, որոնց համար ծախսում են հսկայական գումարներ: Դրանք են տակդիրները, շամպունները, տարբեր տեսակի գելերն ու թաց անձեռոցիկները: Հաճախ նախապատվությունը ծնողները տալիս են հեղինակավոր ընկերությունների արտադրանքին, քանի որ նրանք մտածում են` որքան թանկ և հեղինակավոր ընկերության արտադրանք, այնքան անվտանգ կարող են դրանք լինել:

Արդյոք դա այդպե՞ս է

Panorama.am-ը անդրադարձել է մանկական տակդիրների խնդրին, երբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության ստուգումների արդյունքում կասեցվել էր Հայաստան ներկրված «Բեյբիկո» մանկական տակդիրների վաճառքը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ ներկրված մանկական տակդիրներում PH-ի փոփոխությունը (թթվահիմնային միջավայրի փոփոխություն) և ֆորմալդեհիդների պարունակությունը չեն համապատասխանում պահանջվող չափանիշների:

Բացի մանկական տակդիրներից, այսօր մայրերին անհանգստացնում է նաև երեխաների համար նախատեսված թաց անձեռոցիկների օգտագործումը, որոնք դարձել են երեխաների խնամքի անբաժանելի մասը: Գործընկերս պատմեց, որ եղբոր երեխայի մոտ վերջին շրջանում հայտնվել է ալերգիկ ցան: Մանկաբույժի խորհրդով որոշ ուտելիքները հանել են երեխայի կերակրացանկից` կարծելով, թե ցանը որևէ մթերքի օգտագործումից է առաջացել, սակայն դա էլ արդյունք չի տվել: Երեխայի մայրը կասկածել է, որ պատճառը կարող է թաց անձեռոցիկը լինել: Որոշ ժամանակ այն չօգտագործելուց հետո երեխայի մոտ ալերգիկ ցանը վերացել է:

Մանկաբույժ, մաշկաբան-վեներոլոգ Արմինե Ադիլխանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ թաց անձեռոցիկները շատ հարմար են օգտագործման համար, հատկապես, եթե տանը չես, սակայն դրանք չի կարելի չարաշահել:

Նրա խոսքերով` մանկաբույժներին ավելի հաճախ դիմում են մանկական տակդիրների օգտագործման հետևանքով առաջացած ալերգիայի պատճառով, իսկ թաց անձեռոցիկների դեպքում, ըստ նրա, դիմելիությունը համեմատաբար քիչ է:

«Իհարկե, այդ անձեռոցիկները պարունակում են որոշ նյութեր, որոնք չպետք է ալերգիկ ազդեցություն ունենան, սակայն ամեն ինչ կախված է երեխայի մաշկից: Մեծամասամբ երեխաների մոտ որևէ ռեակցիա չի առաջանում, բայց, իհարկե, կլինեն երեխաներ, որոնք ունենալով զգայուն մաշկ, անձեռոցիկի օգտագործումից հետո նրանց մոտ կառաջանան ալերգիկ ռեակցիաներ»,- ասաց մանկաբույժը` հավելելով, որ սովորաբար, երեխայի մայրը տեսնելով, որ մի քանի անգամ օգտագործելուց հետո երեխայի մաշկը գրգռվում է, կարմրում կամ քոր է գալիս, ապա փոխում է դրանք մեկ այլ արտադրության անձեռոցիկներով:

Նշենք, որ անձեռոցիկի վրա հատուկ կնիքով նշվում է, որ դերմատոլոգների կողմից փորձարկված է և լիովին անվնաս՝ երեխաների համար: Ավելին, տուփի վրա նաև մակնշված է, որ անձեռոցիկներն ալկոհոլ չեն պարունակում, այնպիսի բուսական նյութով են, որի շնորհիվ ամեն անձեռոցիկ խնամում է մանկան մաշկը:

Ըստ Ա.Ադիլխանյանի` համարվում է, որ թաց անձեռոցիկները հիմնականում ջուր են պարունակում, սակայն որոշ նյութեր կան, որոնք կարող են գրգռել մաշկը: Դրա համար, նա գտնում է, որ մայրերը պետք է փորձեն տարբեր արտադրության անձեռոցիկներ, որպեսզի գտնեն իրենց երեխայի մաշկին համապատասխան անձեռոցիկ: Մանկաբույժը միաժամանակ նշեց, որ չի կարելի ամեն տակդիրը փոխելուց հետո օգտագործել թաց անձեռոցիկ, նախընտրելի է ջրով լվացումը:

«Հասկանում եմ, որ դա ավելի հեշտ տարբերակ է, բայց խորհուրդ եմ տալիս` անհրաժեշտության դեպքում դիմել անձեռոցիկի օգնությանը»,- նկատեց նա:

Թեև մանկաբույժներն ասում են, որ թաց անձեռոցիկները վտանգավոր չեն, սակայն նրանք գտնում են, որ երեխաների խնամքի պարագաները հիմնականում պետք է լինեն ջուրն ու օճառը:

«Ավելի ճիշտ է` սովորական մաքուր ջրով և մանկական օճառով լվանալ երեխային: Սակայն պետք է ընտրել այնպիսի օճառներ, որոնք չեն չորացնի երեխայի մաշկը, քանի որ հաճախ մաշկը օճառից չորանում և գրգռվում է, դրա համար պետք է փափկեցնող, գլիցերին պարունակող մանկական օճառներ օգտագործել, որոնք չեն չորացնում մաշկը»,- ասաց Ա.Ադիլխանյանը:

Բացի այդ, մանկաբույժը խորհուրդ է տալիս զերծ մնալ բույսեր պարունակող օճառներից: Դրանք, իհարկե, ունեն հակաբորբոքային ազդեցություն, այդուհանդերձ, ամենօրյա օգտագործումը սխալ է:

«Հաճախ մայրերը առանց բժշկի հետ խորհրդակցելու` հարևանի, ընկերուհու խորհրդով տարբեր բույսերից պատրաստված օճառներ են օգտագործում, բայց դրանք ամենօրյա օգտագործման համար նպատակահարմար չեն, քանի որ չորացնում են մաշկը»,- ընդգծեց նա:

Արմինե Ադիլխանյանը նշեց նաև, որ վերջին տարիներին երեխաների շրջանում ալերգիաներն ավելացել են: Հատկապես, ատոպիկ դերմատիտը (մաշկաբորբ) կամ դիաթեզը նորածինների և վաղ հասակի երեխաների մոտ ամենաշատ հանդիպող ալերգիայի ձևն է: Նշվեց նաև, որ ժառանգականության գործոնը նույնպես մեծ է: Եթե ծնողները չեն տառապում ալերգիայով, ապա երեխայի մոտ ալերգիայի զարգացման ռիսկը փոքր է, իսկ եթե ծնողներից մեկը տառապում է ալերգիայով, ապա ռիսկի գործոնը 40-50% է, իսկ երկուսի դեպքում` 70-80%:

Աղբյուր` Panorama.am

Գովազդ