Հիվանդանոցները գերծանրաբեռնված են, մահճակալները չեն բավարարում

Լուրեր

Հանրապետությունում շնչառական վարակների և գրիպով հիվանդացության դեպքերի կտրուկ աճով պայմանավորված՝ հիվանդանոցներում տեղի խնդիր է առաջացել: Մանկահասակ երեխաների մայր Գայանեի խոսքով՝  իր երեխային օրեր առաջ տարել են հիվանդանոց, որտեղ ոչ մի բաժանմունքում տեղ չի եղել, հիվանդ երեխաները պառկած են եղել անգամ միջանցքներում:

Հանրապետությունում շնչառական վարակների և գրիպով հիվանդացության դեպքերի կտրուկ աճով պայմանավորված՝ հիվանդանոցներում տեղի խնդիր է առաջացել: Մանկահասակ երեխաների մայր Գայանեի խոսքով՝  իր երեխային օրեր առաջ տարել են հիվանդանոց, որտեղ ոչ մի բաժանմունքում տեղ չի եղել, հիվանդ երեխաները պառկած են եղել անգամ միջանցքներում:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը Panorana.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ բուժհաստատությունները իսկապես ծանրաբեռնված են, սակայն կոնկրետ իրենց հիվանդանոցում ոչ մեկին չեն հրաժարվում հոսպիտալացնել: «Այս սեզոնին միշտ վիրաբուժական բաժինը միացնում ենք մանկաբուժական բաժնին, որպեսզի բոլոր հիվանդների համար տեղ լինի: Մենք ոչ մեկին չենք մերժում: Ընդունարան օրական 40 հիվանդ է դիմում, բայց նրանցից հոսպիտալացման ենթակա են 12-14-ը, իսկ եթե ստացիոնար բուժման կարիք չունեն, ապա այդ երեխաները կարող են բուժվել տանը` գտնվելով իրենց տեղամասային պոլիկլինիկաների բժիշկների հսկողության տակ»,-ասաց Աննա Չոբանյանը: Նրա խոսքով` այսօրվա դրությամբ իրենց կլինիկայում սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը հասնում է մոտ 100-ի: Ըստ նրա` հիվանդներն ավելի շատ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. օրական 10-13 հիվանդ է լինում: Այդուհանդերձ, ըստ Ա.Չոբանյանի, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ծանր հիվանդներ չկան: «Կան թոքաբորբով հիվանդներ, բայց նրանց վիճակը ծանր չէ: Հիմնականում վերակենդանացման բաժանմունքում գտնվում են մինչև 4 ամսական երեխաները, իսկ մյուս բաժիներում արդեն տարբեր տարիքային խմբերի երեխաներն են»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հանրապետությունում անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է շնչառական վարակների և գրիպով հիվանդացության դեպքերի կտրուկ աճ: ՀՀ ԱՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը հայտնել էր, որ համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները վկայում են` սուր շնչառական վարակներով հիվանդացությունը գերազանցել է համաճարակային շեմը շուրջ մեկ ու կես անգամ: Դեպքերի գրեթե 80 տոկոսը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում:

Աղբյուրը՝ panorama.am

Գովազդ