Անպտղության խնդիր ունեցող 150 անապահով ընտանիք բուժօգնություն կստանա

Լուրեր

ՀՀ-ում ծնելիությունը խթանելու նպատակով վերջերս ՀՀ կառավարությունն ընդունեց «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» որոշման նախագիծ, որը սկսվում է իրականացվել հենց այսօրվանից:

ՀՀ-ում ծնելիությունը խթանելու նպատակով վերջերս ՀՀ կառավարությունն ընդունեց «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» որոշման նախագիծ, որը սկսվում է իրականացվել հենց այսօրվանից: Թե ինչ է իրենից ներկայացնում ծրագիրը կամ ովքեր կարող են ներգրավվել ծրագրում, Tert.am-ը զրուցեց Առողջապահության նախարարության մայրության և վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանի հետ:

Նա ընդգծեց, որ կառավարության որոշման նպատակն է՝ օժանդակել անպտղության խնդիր ունեցող անապահով ընտանիքներին՝ տալով հետազոտման և բուժման հնարավորություն: Պետությունը լիարժեք անվճար հետազոտվելու ու բուժվելու հնարավորություն կտա անապահովության 30 և ավելի միավոր ունեցող ընտանիքներին, իսկ 10-ից 30 միավոր ունեցողները կստանան մասնակի անվճար բուժվելու հնարավորություն:

«Ծրագրի մեջ ներառված է երկու փաթեթ, որոնցից առաջինը՝ հետազոտումն ու բուժումն է, իսկ երկրորդը՝  օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն: Սա իր հերթին երկու տեսակի է լինում՝  փորձանոթային բեղմնավորում և փորձանոթային սերմնավորում: Մենք երկրորդ փաթեթի մեջ ընտրել ենք սերմնավորումը, որովհետև առաջին ձևը անհամեմատ թանկ է, և դեռևս ծրագրի ֆինանսավորումը չի բավականացնում ծրագրի մեջ այս տեսակը ներառելու համար»,-ասաց նա:

Գայանե Ավագյանը նշեց, որ ծրագրի շրջանակում շատ զույգեր կարող են երեխա ունենալ:

«Այսինքն, իրականացվելու է անպտղության բուժում ժամանակակից մեթոդոլոգիայով՝ լաբորասկոպիկ և այլ սարքավորումների միջոցով: Սակայն, երբ ոչ մի ժամանակակից մեթոդ այլևս չի կարող օգնել կնոջը հղիանալու, այդ ժամանակ դիմում են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիայի: Ինչպես արդեն նշեցի, մենք ընտրել ենք սերմնավորման տարբերակը: Ի՞նչ է սա իրենից ներկայացնում: Երբ անպտղության խնդիր ունի տղամարդը, ապա վերցնում են տղամարդու սպերման, որը հատուկ մեթոդաբանությամբ մշակում են ու ներարկում են կնոջ արգանդի մեջ: Իսկ եթե կինն է անպտուղ, և օրինակ` փակ են արգանդի փողերը, մենք դրանք կարող ենք բացել կամ հորմոններով ձվազատում ապահովել, բայց դեռևս անբավարար ֆինանսական միջոցների պատճառով ծրագրի շրջանակում չենք կարող իրականացնել բեղմնավորում»,-ասաց նա:

Ծրագրում ընդգրկվելու համար այսօրվանից սկսած անհրաժեշտ է նախարարություն ներկայացնել համապատասխան փաստաթղթեր՝ սոցիալապես անապահովության մասին, մինչ օրս բժշկի կատարած հետազոտության արդյունքները: Նշենք նաև, որ ամուսիններից առնվազն  մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի:

Շարունակությունը՝ tert.am

Գովազդ