ՀՀ-ում չաշխատող մայրերը մոտ 126.000 դրամ նպաստ կստանան 2016-ի հունվարից

2016-ից առաջին անգամ մայրության նպաստ կտրամադրվի նաև չաշխատող մայրերին. շահառուների թիվը կանխատեսվել է 30.000, ծախսը՝ 3,9 միլիարդ դրամ: Ինչպես գրում է PanARMENIAN.net-ը, այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ԱԺ սոցիալական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2016-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

 

«Այստեղ ծրագրերի հստակ տրամաբանություն կա. մենք ունենք նախածննդյան, հետծննդյան արձակուրդ աշխատող մայրերի համար, և դրա շրջանակում վճարվում է հղիության և ծննդաբերության նպաստ: Փաստորեն ներմուծեցինք նպաստ չաշխատող մայրերի համար, նախատեսեցինք, որ նույն ժամանակահատվածի համար չաշխատող մայրերը, ունենալով ծննդօգնության հավաստագիրը, նաև կունենան այդ գումարի ստացման իրավունք, որը 2016-ի հունվարից կկազմի մոտ 126.600 դրամ», - ասել է նախարարը և նշել, որ բոլոր ապագա մայրերն ունենում են հստակ ֆինանսական աջակցություն պետության կողմից, գրում է Tert.am-ը:

 

Ինչ վերաբերում է երեխայի ծննդյան միանվագ նպաստին, ապա Ասատրյանը ասել է, որ այն տրվում է բոլորին՝ անկախ նրանից մայրն աշխատո՞ւմ է, թե ոչ, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար տրվում է ամսական նպաստ՝ 18.000 դրամի չափով, որը նախատեսված է աշխատող անձանց համար, ովքեր աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով արձակուրդում են գտնվում: