Հայաստանյան դպրոցներում գարնանային արձակուրդ չի լինելու։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
«Նախարարությունը երկու անգամ արձագանքել է առողջապահության նախարարության ահազանգերին։ Բնական է, որ տասնօրյա արձակուրդը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում, եւ մենք ունենք արդեն առաջարկություններ։
Այսպիսով, գարնանային արձակուրդ չի լինելու։ Իսկ մնացած հինգ օրերի համար մենք կամ յուրաքանչյուր օր մեկ ժամ ավել դաս կանցկացնենք, կամ շաբաթ օրերին դասեր կլինեն»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Հիշեցնենք, որ H1N1 վիրուսի տարածման հետ կապված դպրոցներում արձակուրդները երկարաձգվել էին երկու շաբաթով։ Երկարաձգումը կշարունակվի, թե ոչ, հայտնի կդառնա շաբաթվա վերջին, երբ առողջապահության նախարարությունը կվերլուծի իրավիճակը:
Ինչ վերաբերում է գրիպով և սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված իրավիճակին, ապա առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ապաքինվածների 99 տոկոսն առանց առողջության համար որևէ հետագա խնդրի դուրս է գրվում հիվանդանոցներից: Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Պատասխանելով դպրոցների և մանկական նախադպրոցական հաստատությունների ձմեռային արձակուրդների երկարաձգման վերաբերյալ հարցին` նախարարը նշել է, որ մշտադիտարկումներ են իրականացվում և ընդհանուր ցուցանիշները վերլուծելուց հետո, անհրաժեշտության դեպքում, նախարարությունը հանդես կգա համապատասխան առաջարկով:
Արմեն Մուրադյանը պատասխանել է նաև հակավիրուսային դեղերին առնչվող հարցին` ընդգծելով, որ հանրապետության բոլոր բժշկական հաստատությունները` թե հիվանդանոցային, թե ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում ապահովված են «Տամիֆլյու» հակավիրուսային դեղի անհրաժեշտ քանակությամբ: