Ինչպես է հղիությունն ազդում առողջության վրա

Զարգացող պտուղը ոչ պակաս ազդեցություն է ունենում մոր օրգանիզմի վրա, քան մոր օրգանիզմի ազդեցությունն է զարգացող պտղի վրա: Ամերիկացի հետազոտողները հայտնաբերել են, որ պտղի բջիջները հաճախ ընկերքի միջոցով անցնում են մոր օրգանիզմ, որտեղ էլ մնում են ծննդաբերությունից հետո: Այդ բջիջների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք կարող են ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ: Այս մասին գրում է PanARMENIAN.Net-ը:

 ԱՄՆ Արիզոնայի համալսարանի մասնագետները կատարել են ծննդաբերությունից հետո մոր օրգանիզմում մնացած պտղի բջիջների մետաանալիզ և պարզել են, որ դրանք կարող ենք դրական ազդել առողջական վիճակի վրա, սակայն, կարող են նաև բազմաթիվ լուրջ հիվանդությունների զարգացման խթան հանդիսանալ, ինչպիսիք են հոդաբորբը, վաղաժամ դաշտանադադարը, դեպրեսիան և նույնիսկ վահանաձև գեղձի քաղցկեղը: Ըստ բժիշկների, դա ամենևին էլ չի նշանակում, որ այդ հիվանդություններն ի հայտ կգան ծննդաբերությունից անմիջապես հետո` իրականում կարող են տասնամյակներ անցնել մինչ առաջին ախտանիշների հայտնվելը:

Բազմաթիվ հետազոտություններն արդեն վաղուց ապացուցել են, որ հղիությունը շատ մեծ ազդեցություն է ունենում կնողջ առողջության վրա: Դա հիմնականում տեղի է ունենում այն պատճառով, որ պտղի բջիջները ընկերքի միջոցով անցնում են մոր օրգանիզմ և մնում են այնտեղ ծննդաբերությունից հետո: Նման բջիջները կոչվում են ֆետալ կամ պտղային բջիջներ, իսկ դրանց առկայությունը մոր հյուսվածքներում` ֆետալ միկրոքիմերիզմ: Միկրոքիմերիզմ եզրույթը սերում է հին Հունաստանի առասպելական էակների` քիմերների անվանումից, որոնք միավորում էին առյուծի, այծի և օձի հատկությունները: Ֆետալ միկրոքիմերիզմը տարածված է բոլոր ընկերքային կաթնասունների, այդ թվում մարդու մոտ

Ըստ հետազոտության հեղինակ, Արիզոնայի համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի աշխատակից Էմի Բոդդի, «սաղմնային բջիջները կարող են դրսևորվել որպես ցողունային` վերածվելով էպիթելային, սրտի, լյարդի և այլ օրգանների բջիջների: Դա վկայում է, որ այդ բջիջները շատ ակտիվ են և լուրջ ազդեցություն են ունենում մայրական առողջության վրա: Նրանք կարող են նույնիսկ ուղեղ ներթափանցել և այնտեղ վերածվել նեյրոնների»: Ծննդաբերությունից հետո ֆետալ բջիջները ներթափանցում են վնասված հյուսվածքների մեջ`արագացնելով վերքերի ապաքինումը (օրինակ, կեսարյան հատման դեպքում):