«Մինչև հիմա էլ չեմ պատկերացնում, որ միանգամից չորս հրաշք եմ ունեցել», խոստովանում է Մարիամ Թունյանը

Լուրեր

Պերինատոլոգիայի, մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի առողջական վիճակն արդեն լավ է: Երեխաները՝ երկու տղա և երկու աղջիկ, ինքնուրույն շնչում են, սկսել են նորմալ սնվել:

Քառյակի ծնունդը բժիշկները հրաշք են համարում, քանի որ բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ, քառյակ լույս աշխարհ բերելը բացառիկ երևույթ է համարվում: Երեխաների մայրը 26 տարեկան է, քառյակը նրա երկրորդ ծննդաբերությունն է:

Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Սերինե Մելիքսեթյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում քառյակ ծնվել է 10 տարի առաջ արհեստական բեղմնավորումով, սակայն նրանցից երկուսը չեն ապրել:

«Իսկ սա իրոք հրաշք է, քանի որ բնական ճանապարհով քառյակ լույս աշխարհ գալը բացառիկ երևույթ է»,- ասաց նա:

Երեխաները ծնվել են կեսարյան հատման միջոցով՝ հղիության 33 շաբաթում, քանի որ մոր պտղաջրերը սկսել էին հոսել: Տղաները ծնվել են 1820 գրամ քաշով, աղջիկներից մեկը՝ 1630, մյուսը՝ 1492 քաշով: «Երեխաներն ունեին շնչառական, մարսողական խնդիրներ, հիմա բավականին լավ է նրանց վիճակը, արդեն կերակրվում են ամբողջ ծավալով, հիմա պետք է քաշ ավելացնեն և սովորեն ծծակով ուտել»,- նշեց Սերինե Մելիքսեթյանը:

Ըստ նրա՝ երեխաներն անցել են ուլտրաձայնային հետազոտություն՝ նեյրոսոնոգրաֆիա, գլուխները նորմալ են, իսկ դա, ըստ մասնագետի, նշանակում է, որ նրանք առողջ են: «Մնացած խնդիրներն էլ կարգավորվել են: Իհարկե դեռ պետք է մինչև հիվանդանոցից դուրս գրվելը երեխաների տեսողությունն ու լսողությունը ստուգվի, բայց կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Երեխաները վերականգնել են իրենց ծննդյան քաշը: Երբ ամենաքիչ քաշով ծնված աղջիկը կդառնա 1700 գրամ, այդ ժամանակ բոլորին միասին դուրս կգրենք հիվանդանոցից»,- նշեց Սերինե Մելիքսեթյանը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում երեխաների մայրը՝ Մարիամ Թունյանը պատմեց, որ հղիությունից հետո առաջին հետազոտությունն իրեն անակնկալի է բերել: Սկզբում շոկ է ապրել, բայց հետո դրան հաջորդել է ուրախությունը. «Մինչև հիմա էլ չեմ պատկերացնում, որ միանգամից չորս հրաշք եմ ունեցել, քանի դեռ կողքիս չեն, չեմ պատկերացնում»:

Քառյակի լույս աշխարհ գալը իսկական տոն է դարձել ոչ միայն նրանց ծնողների, բարեկամների, այլև նրանց ավագ քույրիկի՝ 3,5 ամյա Աշխենի համար: Նա  պատրաստ է՝ քույրիկներին ու եղբայրներին խնամելու, լողացնելու, շորերը հագցնելու: Մայրիկին էլ խոստացել է, որ նրան անպայման օգնելու է. «Ամեն առավոտ ինձ ասում է՝ մամա շուտ գնա հիվանդանոց, որ քույրիկներիս ու ապերիկներիս կերակրես: Անհանգստանում է նրանց համար ու անհամբեր սպասում երեխաների տուն գալուն»:

Երեխաների անունները դեռ չեն դրել, քննարկում են, բայց մեկ տղայի անունը հայտնի է, պապիկի անունով՝ Մայիս կկոչեն:

Մարիամը խոստովանում է, որ հինգ երեխա պահելը դժվար կլինի, բայց միևնույն ժամանակ նշում, որ ֆինանսական դժվարությունները միշտ էլ հաղթահարելի են, կարևորը՝ երեխաներն առողջ լինեն:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: 

Գովազդ