Ի՞նչ արժե Ձմեռ պապի եւ Ձյունանուշի այցը Ամանորին. «Հրապարակ»

Լուրեր

Մոտենում է երեխաների ամենասիրելի տոներից մեկը՝  Նոր տարին: Տոնի ամենասպասված հյուրը Ձմեռ պապն է, ով որքան շատ է ուրախացնում փոքրիկներին, այնքան շատ է հարվածում ծնողների գրպաններին: Հայաստանում Ձմեռ պապի եւ Ձյունանուշի բնակարանային այցելություններ են առաջարկում ինչպես տարբեր կազմակերպություններ, այնպես էլ անհատներ:

Կազմակերպությունները վստահեցնում են՝ Ձմեռ պապերը կրթված դերասաններ են, իսկ շոուները՝ հագեցած եւ հետաքրքիր: Իսկ անհատները հիմնականում մարդիկ են, ովքեր ունեն համապատասխան հագուստ եւ գումարի կարիք: Hraparak.am-ը կապ հաստատեց մի քանի կազմակերպությունների հետ եւ պարզեց, որ ծառայությունների գները տատանվում են 20-ից 80 հազար դրամի սահմանում՝ կախված նրանից, թե որ օրը եւ որ ժամին կայցելեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում այցելությունների գները կոնկրետ օրերին եւ ժամերին: «Բումբումիկ» ընկերությունն առաջարկում է Ձմեռ պապի այցելություն 30 րոպեով՝ 20 հազար դրամի դիմաց, իսկ եթե Ձմեռ պապը մենակ է, ապա` 15 հազար դրամ: Տոնական մյուս օրերին եւս ծառայության արժեքը 20 հազար դրամ է:  Գնի մեջ մտնում է նաեւ նվեր` մինչեւ 2 երեխայի համար: Նշենք, որ դեկտեմբերի 31-ի համար տեղերն արդեն զբաղված են: «Հեփի դեյ»-ը դեկտեմբերի 31-ին` ժամը 24:00-ին, առաջարկում է Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ծառայություններ` 80 հազար դրամով, մինչեւ ժամը 11-ը եւ հունվարի 1-ին` 50 հազար դրամով, իսկ հունվարի 2-ից հետո` 30 հազար դրամով: Շոուն տեւում է 30 րոպե: Արժեքը ներառում է նվեր` մինչեւ 3 երեխայի համար: Նշենք, որ դեկտեմբերի 31-ին` ժամը 24:00-ի համար բոլոր տեղերը զբաղված են: «Ձմեռ պապիկ» կազմակերպությունն էլ առաջարկում է իր ծառայությունները հետեւյալ գներով. դեկտեմբերի 31-ին` ժամը 22.30-ին, 23.30-ին, 01.30-ին, ծառայության արժեքն է 30 հազար դրամ, ժամը 24.00-ին՝ 50 հազար դրամ: Իսկ հունվարի 1-ին եւ 2-ին՝ 20 հազար դրամ: Նշենք, որ արժեքը ներառում է նվեր՝ նախատեսված 2 երեխայի համար: 

Նարե Գեւորգյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

 

 

 

Գովազդ