Արյան հետ կապված խնդիրները կարո՞ղ են խոչընդոտել հղիությանը. պարզաբանում է գինեկոլոգը

Լուրեր

Ամուսնական զույգը համարվում է անպտուղ, եթե կինը մեկ տարվա կանոնավոր սեռական կյանքի ընթացքում, առանց հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործելու, չի հղիանում:

Պատճառները կարող են լինել տարբեր՝ կախված կնոջ և տղամարդու օրգանիզմում ընթացող տարբեր խանգարումներից: Կնոջ արյան հետ կապված խնդիրները կարո՞ղ են խոչընդոտել հղիությանը: Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:

Ռեպրոդուկտիվ ֆունկցիայի խանգարման պատճառներից մեկն է իմունոլոգիականը։ Արյան մեջ հակամարմինների տիտրի բարձրացումը հանգեցնում է անպտղության։ Հակամարմինները տարբեր են դրանք կարող են լինել հակակորիզային, հակամարմիններ ֆԽՀ-ի նկատմամբ, ԼՀ-ի նկատմամբ, էստրադիոլի, ԽԳ-ի նկատմամբ։

Աուտոիմուն պրոցեսներից նաև «աուտոիմուն  թիրեոիդիտ»-ը (վահանագեղձի հիվանդություն) կարող է հանգեցնել նման խնդրի։ Այն իրենից ներկայացնում է աուտոիմուն պատասխան թիրեոգլոբուլինի նկատմամբ։ Իմունոլոգիական խնդիրներ կարող են առաջացնել նաև սեռական ինֆեկցիաները։ Քրոնիկ սեռական ինֆեկցիաների առկայությունն օրգանիզմում հանգեցնում է իմունոդեֆիցիտի: Շատ բարդ է հասկանալ՝ իմունոդեֆիցի՞տն է, արդյոք, նպաստել  ինֆեկցիայի ներթափանցմանն ու զարգացմանը, թե՞ հակառակը։ 

Որպես նվազագույն հետազոտություն՝ պետք է անցկացնել հակամարմինների որոշում ֆոսֆոլիպիդների նկատմամբ, ԴՆԹ-ի նկատմամբ և վահանաձև գեղձի ֆակտորների նկատմամբ (առնվազն երկու հակամարմին յուրաքանչյուր խմբից)։

Գովազդ