Հղիության լուրը հայտնելու օրիգինալ տարբերակներ

Լուրեր

Հղիության լուրն ամենասպասված ու ամենաուրախալի լուրն է ամուսնական զույգի կյանքում: Այսօր առաջարկելու ենք այդ լուրն ավելի օրիգինալ ու հետաքրքիր հայտնելու տարբերակներ:

Պատրաստեք համեղ տորթ ու զարդարեք այն խորհրդանշական պարագաներով

Թխվածքի համար նախատեսված զարդարանքների խանութներում կգտնեք բազմաթիվ պարագաներ, որոնք կօգնեն ստանալ գեղեցիկ տորթ: Կարող եք այն զարդարել կապույտ և վարդագույն պարագաներով, և բոլորը կհասկական՝ ինչ եք ցանկանում  հայտնել: Կարող եք թխվածքի կտրոների մեջ դնել նաև թուղթ, որի վրա գրված է հղիության մասին: Թուղթն, իհարկե, պետք է փաթաթել փայլաթիթեղով, հետո դնել խմորի մեջ:


Դուք ունեք նոր հաղորդագրություն

Ուղարկեք սիրելիին ու մտերիմներին էլեկտրոնային հաղորդագրություն, որտեղ կգրեք հղիության մասին: Կարող եք նաև ոչ ուղիղ տեքստով ասել: Մտածեք մի պատմություն, որի տողատակերում թաքնված կլինի իրական լուրը:

 


Գնումների ոչ սովորական ցուցակ

Զանգահարեք ամուսնուն և խնդրեք, որ գնի թթու վարունգ, քաղցրավենիք, պաղպաղակ և այլն: Գնումների ոչ սովորական ցուցակը մտածելու տեղիք կտա:

Ընթրիք՝ անակնկալով

Այս տարբերակը շատ տարածված է: Կազմակերպում եք ռոմանտիկ ընթրիք: Հենց այդ ընթացքում ամուսնուն նվիրում եք գեղեցիկ տուփ, որի մեջ կարող է լինել նորածնի կոշիկ, գլխարկ կամ էլ շապիկ, որի վրա գրված կլինի «լավագույն հայրիկ»:

Ընտանեկան ծառ

Պատրաստեք ընտանիքի անդամների նկարներով ծառ, որի վրա ձեր երեխայի համար նախատեսված տեղում կդնեք ուլտրաձայնային հետազոտության նկարը:

Կինոդիտում

Հրավիրեք ամուսնուն կինոթատրոն, և ընտրեք մանկական որևէ ֆիլմ կամ մուլտֆիլմ: Հավատացեք նա սկզբում կզարմանա, հետո՝ կհասկանա՝ ինչ է կատարվում:

 

 

Գովազդ