Օգնություն՝ աշխատող մայրերին. մինչեւ 2 տարեկան երեխայի դայակի գումարի կեսը պետությունն է տալու, եթե մայրը գնա աշխատի. Առավոտ

Լուրեր

Այսուհետեւ այն աշխատող մայրիկները, որոնք կուզենան մինչեւ երեխայի 2 տարեկան դառնալը աշխատանքի գնալ, պետությունը պարտավորվում է հոգալ նաեւ այդ երեխայի դայակին վարձատրելու հարցը՝ որոշակի սահմանափակումով:

ԱԺ առողջապահության, սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում այսպիսի օրենսդրական նախաձեռնություն ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա ասաց, որ աշխատանքային գործունեության եւ ծնողական պարտականությունների մեկտեղման հնարավորությունների խթանման նպատակով առաջարկվում է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին պետական աջակցության տրամադրում՝ աշխատանքի վերադառնալու դեպքում. «Ծրագրի բովանդակությունը հետեւյալն է՝ անձը, որը գտնվում է մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ստանում է 18 հազար դրամը, ու այդ անձը որոշում է վերադառնալ աշխատանքի, մենք առաջարկում ենք տրամադրել աջակցություն: Բնական է, եթե վերադառնում է աշխատանքի, երեխայի խնամքի խնդիր է առաջանում, երեխայի խնամքի կազմակերպումը կարող է լինել որպես ֆիզիկական անձ գործատու աշխատանքի վերցնելով դայակին: Հիմա եթե դայակի է վերցնում՝ երեխայի խնամքի համար, մենք ասում ենք՝ այդ դայակի աշխատավարձի 50 տոկոսը, ինչքան աշխատավարձ կորոշեք դուք, բայց ոչ ավելի նվազագույն աշխատավարձից, որը 55 հազար դրամ է, կփոխհատուցի պետությունը: Այսինքն, պայմանական եթե 110 հազար դրամից ավելի գումար ես որոշել տալ դայակին՝ որպես աշխատավարձ, մենք ասում ենք՝ կփոխհատուցենք 55 հազարը, մնացածը քո խնդիրն է»: Այս դեպքում, բնականաբար, 18 հազար դրամն էլ չի վճարվում, ստացվում է, որ պետությունը 37 հազար դրամ է բյուջեից հանում՝ փոխարենն ակնկալելով ժողովրդագրական աճ, աշխատաշուկայում զբաղվածություն եւ այլն: Սակայն պետության աջակցությունը ստանալու համար պետք է ծնողը պայմանագիր կնքի դայակի հետ, պայմանագրի հիման վրա էլ կլինի փոխհատուցումը, բանավոր պայմանավորվելը հիմք չէ. «Պիտի հավատա՞նք, որ վճարենք»: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ դայակները չեն ուզենա, այդպես կընկնեն հարկային դաշտ, իրենց ձեռնտու չէ:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Գովազդ