Վաղը կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը    

Լուրեր

Նոր տարին բոլոր փոքրիկների, ինչպես նաև մեծիկների սիրելի տոնն է:  Ամանորին կատարվում են բոլոր հրաշքները, վառվում են բազմերանգ լույսերն ու շուրջբոլորը զարդարվում է  փայլփլուն խաղալիքներով:

Ամանորի բարձր տրամադրությունն ապահովում են ուրախ միջոցառումները, որոնք այս տարի Երևանում մեկնարկել են ավելի վաղ՝ դեկտեմբերի 8-ին:

 Իսկ ահա ամանորի հիմնական միջոցառումների շարքը կմեկնարկի վաղը՝ դեկտեմբերի 19-ին` ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական արտաքին լուսավորության միացմամբ: 

Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:00-ից մինչ հունվարի 1-ի ժամը 01:00-ն մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի, ինչպես նաև զբոսաշրջիկների համար հանրապետության գլխավոր տոնածառի շուրջ՝ Հանրապետության հրապարակում, կազմակերպելու է «Նոր տարվա գիշերը» ծրագիրը: Միջոցառումը կուղեկցվի դիսկոտեկով, իսկ ուղիղ կեսգիշերին Նոր տարվա գալուստը կազդարարի տոնական հրավառությունը:

Այս տարի տոնական միջոցառումներով հագեցած կլինեն նաև հունվարի 1-ը, 2-ը և 3-ը: Ազատության հրապարակում երիտասարդների, մեծերի ու մանուկների համար նախատեսված է հետաքրքիր ծրագիր: Այս տարի տոնական երթուղով կաշխատի «Երևան Սիթի Տուր» ծրագիրը: Այն կգործի դեկտեմբերի 20-ից՝ Հանրապետության հրապարակից: 

Մայրաքաղաքում Ամանորի միջոցառումները կամփոփվեն Ազատության հրապարակում նախատեսված տոնական համերգով՝ հունվարի 13-ին՝ ժամը 19:00-ին:

Հունվարի 2-7-ը՝ ժամը 11:00-17:00-ը, այցելուների համար բաց կլինեն նաև երևանյան թանգարանները՝ այդ թվում Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի, Էրեբունի պատմահնագիտական թանգարանները, ինչպես նաև նախաձեռնությանը միացած ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության բազմաթիվ թանգարաններ:

 

 

Գովազդ