Պատգամավորն առաջարկում է մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողներից մեկի համար աշխատանքային օրվա ավարտ սահմանել ժ. 17:00-ն. tert.am

Լուրեր

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել կետով, ըստ որի՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա ունեցող աշխատողի պահանջով, մինչև երեխայի նախադպրոցական տարիքի ավարտը, աշխատանքային օրվա ավարտ կարող է սահմանվել ժամը 17.00-ն:

 Նման պահանջի իրավունք ունի աշխատող ծնողներից միայն մեկը։

Որպես հիմնավորում նշվում է, որ Հայաստանում համայնքների ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամերի առկա ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այն հաճախող սաների ծնողների համար:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամն ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետևանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալն առկա աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված է լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայում առկա տեղեկատվական տեխնոլոգիաների պայմաններում նախկինում կատարվող աշխատանքը կարելի է իրականացնել զգալի կարճ ժամանակահատվածում: Ուստի այն մտահոգությունները, թե նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխայի ծնողներից մեկի աշխատանքային ժամերի կրճատումը մեկ ժամով կազդի նրա աշխատանքի որակի վրա, չի համապատասխանում իրականությանը:

Աղբյուրը՝ Tert.am

Գովազդ