Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում. ԱՆ զգուշացումը՝ հանգստի մեկնողներին

Լուրեր

Ամառային հանգստի ակտիվ շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիներին զգուշացնում է արձակուրդը կազմակերպելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը՝ հնարավորության դեպքում ապահովելով անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները ՝ կանխարգելիչ պատվաստումներ, քիմկանխարգելում, քանի որ հիվանդությունն ավելի է հեշտ է կանխել, քան բուժել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհի որոշ երկրներում առանձին վարակիչ հիվանդությունների առումով դիտվում է համաճարակային անբարենպաստ իրավիճակ: Ըստ այդմ` մայիսին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում համաճարակային իրավիճակը լարված է Էբոլա վիուսով հարուցված հիվանդության առումով (արձանագրվել է 54 դեպք, որից 25-ը մահվան ելքով): Խոլերայի դեպքեր են արձանագրվել Կամերունում՝ ընթացիկ տարվա մայիս ամսին:

Ընթացիկ տարվա վերջին ամիսների ընթացքում Մադագասկարում, Եմենում արձանագրվել են ժանտախտի դեպքեր:

Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ Առավել ծանր է համաճարակային վիճակը Ուկրաինայում, Ռումինիայում, Իտալիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում։

Ուկրաինայում կարմրուկի դեպքերի թիվը հասել է մոտ 21 հազարի, գրանցվել է նաև դիֆթերիայի 2 դեպք:

Կարմրուկի բռնկում է գրանցվել նաև Ճապոնիայում, 2018 թվականին արդեն` 161 դեպք:

Դիֆթերիայի բռնկում է գրանցվել Վենեսուելայում. դեպքերը սկսել են կրկին գրանցվել 2016թ. հունիսից, մինչեւ այս ապրիլ գրանցվել է դիֆթերիայի 121 դեպք, որոնցից 14-ի դեպքում` մահ դիֆթերիային միոկարդիտից (սրտամկանի բորբոքում) և սրտանոթային համակարգի այլ բարդություններից:

 

Մեկ անգամ ևս անհրաժեշտ է նշել, որ կառավարելի վարակիչ հիվանդությունների կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդությունը և դրա հետևանքով առաջացած բարդությունները:

 

Միաժամանակ, առողջապահության նախարարությունը հիշեցնում է.

 

  • մշտապես խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոններին,
  • հաճախակի լվանալ ձեռքերը հոսող ջրով և օճառով,
  • սննդում օգտագործել միայն պատշաճ թերմիկ մշակման ենթարկված սննդամթերք, չսնվել պատահական վայրերում,
  • հնարավորության դեպքում օգտագործել շշալցված խմելու ջուր:

 

Եթե պլանավորել եք ճանապարհորդություն և կարիք ունեք կանխարգելիչ պատվաստումների վերաբերյալ մանրամասն խորհրդատվության, կարող եք զանգահարել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն` +(37410)340444 հեռախոսահամարով:

Գովազդ