Դայակները կստանան պետական փոխհատուցում. media.am

Լուրեր

Հաստատվել է դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագրի իրականացման կարգը:

 

Ո՞վ կարող է ստանալ փոխհատուցում:

Այն ծնողը, որը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և մինչև երեխայի երկու տարին լրանալը ցանկանում է վերադառնալ աշխատանքի:

Հետաևաբար ունի դայակի կամ մասնավոր մանկապարտեզի միջոցով երեխայի խնամքը կազմակերպելու պայմանագիր:

 

Ո՞ւմ է տրվելու առաջնահերթությունը:

Նրան, ով բավարարում է այս պահանջներից որևէ մեկին.

1) ամսական աշխատավարձը չի գերազանցում ՀՀ-ում նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը (2017-ի նախնական տվյալներով այն կազմել է 195 074 դրամ),

2) ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ է,

3) ունի մինչև երկու տարեկան երկու և ավելի երեխա,

4) ունի երեք և ավելի երեխա,

5) ունի հաշմանդամություն ունեցող երեխա:

 

Քանի՞ հոգու համար է նախատեսված ծրագիրը:

Ծրագիրը նախատեսված է իրականացնել 2018-ին, 200 հոգու համար: Աջակցությունը կտրամադրվի յուրաքանչյուր տարի ոչ ավելի, քան 11 ամիս՝ հաշվի առնելով, որ անձը տարվա մեջ մեկ ամիս արձակուրդում է լինում և  կարող է անձամբ խնամել իր երեխային:

 

Որքա՞ն գումար է պետությունը ամսական փոխհատուցելու դայակին:

Գումարը ֆիքսված չէ:

Փոխհատուցման գումարը յուրաքանչյուր ամիս տրվում է  ծառայությունների մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50%-ի չափով:

Գումարը չի կարող լինել ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձը (ներկայումս՝ 55 000 դրամ):

 

Ինչքա՞ն ժամանակ է պետությունը փոխհատուցելու դայակի աշխատավարձը:

Աջակցությունը տրամադրվում է երեխայի մինչև երկու տարին լրանալը:

 

Ի՞նչ է անհրաժեշտ նախքան ծրագրից օգտվելը:

Նշված անձինք նախապես պետք է հաշվառված լինեն իրենց բնակության վայրը սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոններում՝ որպես աշխատանք փնտրող:

 

Ինչո՞ւ որպես աշխատանք փնտրող:

Ծրագիրն իրականացվում է աշխատող անձանց համար, հետևաբար, զբաղվածության տարածքային կենտրոնում որպես աշխատանք փնտրող հաշվառվելն ընդամենը պետք է, որպեսզի անձը կարողանա օգտվել այդ ծրագրից:

 

Ե՞րբ է մեկնարկել ծրագիրը:

Ծրագրի իրականացման կարգն ուժի մեջ է մտել ս.թ. հուլիսի 7-ից:

 

Տարածքային կենտրոններում գրանցվելու պահից քանի՞ օրվա ընթացքում է սկսվելու փոխհատուցումը և ինչպե՞ս են ընտրվելու այդ 200 հոգին:

Պետական աջակցությունը տրամադրվելու է յուրաքանչյուր ամիս՝ շահառուի և տարածքային կենտրոնի միջև ծրագրի իրականացման պայմանագրի կնքման արդյունքում:

Ծրագրով նախատեսված շահառուների թիվը՝ 200-ը, գերազանցելու դեպքում շահառուների ընտրությունը կատարվում է՝ հաշվի առնելով վերը նշված առաջնահերթությունները:

Ո՞վ կարող է դայակ լինել:

Ցանկացած մարդ:

 

Ծնողը երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով ծառայությունների մատուցման պայմանագիր կարող է կնքել.

1) վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության,

2) իր բնակության հասցեում չհաշվառված անձի (այդ թվում՝ ազգականի) հետ:

 

Սա միամյա՞ ծրագիր է:

Ծրագիրը ներառվել է 2019-2021թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտի նախագծում: Այն կներառվի ՀՀ պետական բյուջեի մաս կազմող զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում, որով էլ կհաստատվի ծրագրին հատկացվելիք ֆինանսական միջոցների չափը և ընդգրկվող անձանց թիվը:

 

Աղբյուրը՝ media.am

Գովազդ