Նախաճաշիկի ազդեցությունը երեխաների վրա կհետազոտվի Հայաստանի 50 դպրոցներում․ Panorama.am

Լուրեր

Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակը կիրականացնի Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի նախաճաշիկ բաղադրիչի ազդեցության գնահատումը նախադպրոցական տարիքի երեխաների՝ դասարանում ուշադրության կենտրոնացման, ինչպես նաև դպրոցին պատրաստվածության վրա: 

Ազդեցության գնահատման հետազոտությունը կիրականացվի  ՀՀ  երեք մարզերի (Շիրակ, Լոռի և Գեղարքունիք) 50 դպրոցներում` նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում: Այդ նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունում  նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ու ՄԱԿ-ի  Պարենի համաշխարհային ծրագրի  հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչը ստորագրել են  համաձայնագիր: Այս մասին հայտնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի  հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչը տեղեկացրել է, որ Հայաստանի դպրոցներ հաճախող ավելի քան 100 հազար երեխա արդեն տարիներ շարունակ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի  շրջանակում անվճար սնունդ է ստանում  դպրոցում։

Արևիկ Անափիոսյանը շեշտել է, որ սննդակարգի ազդեցության գնահատումը կրթական գործընթացի վրա կարևոր է կրթության քաղաքականության հետագա մշակման համար։

«Որպես կրթության որակի պատասխանատու մարմին` մենք կարևորում են սովորողի որակական հատկանիշները: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կրթության որակի համար 5 բաղադրիչ է առանձնացրել, որտեղ կարևորվում է նաև արդյունավետ սննդակարգի հարցը: Համաձայնագրի մեջ գնահատման բաղադրիչի ներառումը կարևոր է այս տեսանկյունից և կարող է գիտական և մասնագիտական հիմք ապահովել հետագա քաղաքականության մշակման համար»,- հայտաարարել է ԿԳ նախարարի տեղակալը:

Նրա խոսքով`հետազոտության համար ընտրվել են այն մարզերը, որտեղ աղքատության ցուցանիշը բարձր է և հատկապես նման մարզերում մեծ տոկոս են կազմում սոցիալապես անապահով ընտանիքների երախները։

«Այս հետազոտության շրջանակում թիրախավորվում են նախադպրոցական տարիքի երեխաները: Մեր նպատակն է հստակ մասնագիտական հիմնավորում ունենալ, թե որքանով է առաջնային  սննդակարգը կրթության որակի բարձրացման համար»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը:   

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Գովազդ