ՃՈ-ն անվտանգ երթեւեկության դասեր է անցկացնում դպրոցներում

Լուրեր

Ուսումնական տարվա սկզբից Ճանապարհային ոստիկանության սպայական անձնակազմի ծառայողները բաց դասեր են անցկացնում հանրապետության դպրոցներում, որի հիմանական նպատակն է անվտանգ երթեւեկության մշակույթի տարածումը եւ ամրապնդումը:

Դասընթացները անցնում են երկխոսության ձեւաչափով, ինչը նպաստում է աշակերտների ակտիվ ներգրավվածությանը:

Ուսումնական տարվա սկզբից մինչ օրս ՃՈ ծառայողներն այսպիսի դասընթացներ են անցկարցել չորս տասնյակից ավել դպրոցներում: Օրերս նման դասընթացներ տեղի ունեցան նաեւ Ապարանի Արագած գյուղի միջնակարգ դպրոցում, Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան հիմնական դպրոցում եւ Երեւանի թիվ 83 ավագ դպրոցում, որոնց ընթացքում աշակերտների համար երթեւեկության անվտանգության եւ կանոնների վերաբերյալ քննարկումներն անցկացրեցին Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Եգոր Կարապետյանը, ՃՈ պետի  տեղակալներ, փոխգնդապետ Արմեն Խաչատրյանը,  գնդապետ Նորիկ Սարգսյանը եւ բարձրաստիճան այլ սպաներ:

Նրանք նշեցին, որ ճանապարհատրանսպորտային պատահարների ընթացքում մեծ տեղ են զբաղեցնում նաեւ անչափահասների մասնակցությամբ դեպքերը, որոնք հիմնականում երթեւեկության կանոնների չպահպանման հետեւանք են: Այդ իսկ պատճառով Ճանապարհային ոստիկանության կողմից մշտապես կարեւորվում են դպրոցահասակ երեխաների շրջանում երթեւեկության կանոնների վերաբերյալ գիտելիքների հարստացմանը նպաստող այսօրինակ միջոցառումները, որոնք այսօր ձեւավորելով գրագետ հետիոտն եւ ուղեւոր՝ ապագայում տալու են նաեւ գրագետ վարորդ:

Հանդիպումների շրջանակներում աշակերտները ստանում են նաեւ հատուկ թեւնոցներ, որոնք կրելով օրվա մութ ժամերին՝ դառնում են տեսանելի վարորդների համար:

Անվտանգ երթեւեկության դասընթացները կտեւեն մինչեւ սեպտեմբերի վերջ:

 

Աղբյուրը՝ Mediamax.am

Գովազդ