27 տարվա անպտղությունից հետո կինը Երևանում եռյակ է լույս աշխարհ բերել

Լուրեր

27 տարվա սպասումից հետո 46-ամյա Նարինե Մարտիրոսյանը եռյակ է լույս աշխարհ բերել։ Երեխաները ծնվել են Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում:


«Սա շատ յուրահատուկ դեպք է: 46-ամյա կինը եռյակին ծննդաբերեց արտամարմնային բեղմնավորումից հետո: Վերջերս դեմ եմ երեք սաղմ հանձնելուն, քանի որ նման դեպքերում դժվարությամբ է հաղթահարվում հղիության ընթացքը, կարող է վաղաժամ ծննդաբերություն լինել։ Մենք երկու սաղմ դրեցինք, բայց մի սաղմը ինքնուրույն բաժանվեց: Երկու աղջիկ մի սաղմից էին, իսկ տղան` առանձին»,- պատմեց կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը:

Նա նշեց, որ երեխաները նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքից նոյեմբերի 19-ին են տեղափոխվել հիվանդասենյակ և այժմ մոր կողքին են:

«Երեխաները 34 շաբաթական են ծնվել: Նրանք կշռում են 1. 65, 1.95, 1. 85 կգ»,- ընդգծեց պրոֆեսորը:

Նարինե Մարտիրոսյանն ասաց, որ եռյակի ծնունդն իրենց համար մեծ երջանկություն է: 

«Հիանալի տրամադրություն ունենք: Երեխաներին անվանելու ենք Էդգար, Էլինա և Լիա, քանի որ շատ ենք սիրում այդ անունները»,- շեշտեց փոքրիկների մայրը:

Նա պատմեց, որ շատ են ցանկացել երեխա ունենալ, բազմաթիվ մասնագետների են դիմել նաև արտասահմանում, բայց արդյունքի են հասել հայրենիքում:

Երեխաների հայրը` Գևորգ Ասատրյանը շնորհակալություն հայտնեց իրենց աջակցող բոլոր մարդկանց և ասաց, որ երբեք պետք չէ հուսահատվել, միշտ պետք է հավատալ:

 

Աղբյուրը՝ Armenpress.am

Գովազդ