Երեխա որդեգրելու համար սահմանվել են տարիքային որոշակի սահմանափակումներ

Լուրեր

«Ընտանեկան օրենսգրքի» վերջին փոփոխություններով երեխա որդեգրելու դեպքում որդեգրող ծնողի և երեխայի տարիքային նվազագույն տարբերությունը պետք է լինի 18 տարի, իսկ առավելագույնը՝ 50:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Նրա խոսքով՝ այս դրույթի շնորհիվ որդեգրող ծնողը կկարողանա երեխայի շահերից ելնելով կազմակերպել նրա դաստիարակությունը։

«Նախկինում նման տարիքային սահմանափակում չի եղել: Հիմք են ընդունվել պարզապես երեխայի շահերը»,-ասել է Քրմոյանը:

Օրենսգրքով սահմանվել է նաև, որ մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների որդեգրում կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ ծնողներն ի վիճակի են իրականացնել այդ երեխայի խնամքը: Իսկ ահա ընկեցիկ երեխայի անմիջական որդեգրման ինստիտուտը վերացվել է։ Այս պարագայում ոստիկանությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ եռամսյա ժամկետում գտնելու այդ ընտանիքի երեխային և փորձի վերականգնել ընտանիքը:

Փոխնախարարը նաև նշել է, որ որդեգրված երեխաների նկատմամբ ներկայում վերահսկողություն է սահմանվում: «Նախկինում այս հարցում խնդիրներ կային: Հիմա համապատասխան սոցիալական մարմինները պետք է պարտադիր վերահսկողություն իրականացնեն որդեգրած երեխայի նկատմամբ»,-ասել է փոխնախարարը:

 

Գովազդ