Ընթանում են «Անզավակ ամուսնական զույգերին աջակցություն» ծրագրի նախապատրաստական աշխատանքները․ ԱՆ

Լուրեր

2019 թվականի բյուջետային հատկացումների շրջանակում առողջապահության նախարարությունը նախատեսում է աջակցություն ցուցաբերել բնակչության առանձին խմբերին՝ անպտղությամբ պայմանավորված: Հայտնում է ՀՀ ԱՆ-ը։

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ  պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կիրականացվեն անպտղության պատճառագիտության հետազոտություններ և անպտղության բուժում, այդ թվում` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ:

Ներկայում ընթանում են շահառուներին ներկայացվող պահանջների ու պայմանների քննարկման և ծրագրի իրականացման ընթացակարգերի հստակեցման, պետական պատվերի տեղադրման, ինչպես նաև դրանց հետ կապված որոշ իրավական ակտերի լրամշակման և համապատասխան փոփոխությունների կատարման աշխատանքները, ինչը կպահանջի որոշակի ժամանակ:

ԱՆ-ն առաջարկում է անպտղության հետ կապված  հարցումներն ու դիմումները  ներկայացնել  աշխատանքների ավարտից հետո, երբ սահմանված կլինեն շահառուների ընտրության չափանիշները, նրանց ներկայացվող  պահանջներն ու պայմանները և իրականացման ընթացակարգերը: 

Ծրագրի մեկնարկի մասին առողջապահության նախարարությունը առաջիկայում լրացուցիչ հայտարարություն կտարածի։

 

Գովազդ