Սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 120 երեխա

Լուրեր

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ամենօրյա մշտադիտարկման տվյալների համաձայն` փետրվարի 4-ի դրությամբ սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում է: Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելությունը նվազել է՝ հասնելով 1275-ի:

Հոսպիտալացված է 781 հիվանդ, որի 92,8%-ը`  երեխա: Փետրվարի 4-ի դրությամբ՝ սուր շնչառական վարակներով դուրս է գրվել 81 պացիենտ: Արձանագրվել է  շտապ օգնության 89 կանչ։

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները: 

Դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Ներկայացված տվյալները փաստում են, որ սուր շնչառական վարակներով կրթական կազմակերպություններ հաճախող երեխաների թիվը ևս նվազում է: Փետրվարի 4-ի դրությամբ՝ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 120 երեխա (Երևան՝ 51, մարզեր՝ 69), որոնք տուն են ուղարկվել: 

 

Չնայած իրավիճակի կայունացմանը՝ հանրապետության հիվանդանոցներում առկա են նաև ծանր հիվանդներ, որոնց կլինիկական վիճակի վատացման հիմնական պատճառը բժշկական օգնության ուշ դիմելն է։ 

 

Ցավոք, փետրվարի 5-ին Հայաստանում արձանագրվել է մահվան 3-րդ դեպքը: Հիվանդի մոտ հաստատվել է գրիպի Ա տեսակը: Մահվան վերջնական պատճառը կհաստատի դատաբժշկական փորձաքննությունը։

 

Հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայի սեզոնային իրավիճակը՝ գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու համար առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում և հիշեցնում է.

 

- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի´ տվեք դրանք ձեր երեխաներին առանց բժշկի նշանակման, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, խուսափե´ք  գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

- եթե հիվանդ եք, մնացե´ք տանը, մի´ հաճախեք աշխատանքի: Եթե հիվանդ է ձեր երեխան, թույլ մի´ տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ,

- եթե հիվանդ եք դուք կամ ձեր երեխան, հրավիրե´ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժությամբ,

- հագնվե´ք  և հագցրեք ձեր երեխաներին եղանակին համապատասխան,

- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

- հետևե´ք ձեր և ձեր երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով,

- 0-5 տարեկան երեխաներին, հղիներին, խրոնիկ հիվանդություններով տառապող անձանց, տարեցներին խորհուրդ է տրվում պատվաստվել գրիպի դեմ:

 

Գովազդ