Առողջապահության նախարարը կոչ է անում ծննդօգնության համար հավելյալ գումար չվճարել. Արսեն Թորոսյանը գնահատել է ծննդատների մակարդակը

Լուրեր

«Ծննդօգնությունը շատ կարևոր է երկրի առողջապահության և, առհասարակ, ժողովրդագրության համար, հետևաբար այն մեր ուշադրության կենտրոնում է»,-այսօր տեսաուղերձի ընթացքում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ իր հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը գնահատել է Հայաստանի բոլոր այն հաստատությունները, որոնք ցուցաբերում են ծննդօգնություն․ «Դրա արդյունքում կատարել ենք որոշակի հետևություններ։ Կայացվել են որոշումներ բազմաթիվ բուժհաստատությունների մասով՝ սկսած ծննդօգնության մակարդակների փոփոխություններից, վերջացրած նրանց աշխատանքի հնարավորություն տալով կամ չտալով։ Մենք պարտավոր ենք ծննդօգնության բարձր որակ ապահովել՝ նաև այդ հաստատությունների հետագա ճակատագիրը որոշելով»։

Տեսաուղերձի ընթացքում նախարարը նաև նշել է, որ մինչև օրս Երևանի ծննդօգնության 3-րդ մակարդակ  ապահովող 10 բժշկական հաստատություններն իրականում չեն համապատասխանել այդ մակարդակին։ Նախարարի հրամանով այդ բուժհաստատությունների թիվը կրճատվել է՝ հասնելով 3-ի․ «Մնացած 7-ին շնորհվել է 2-րդ մակարդակ։ Եթե դրանք համապատասխանեն օբյեկտիվ ցուցանիշների, ապա կարող են նորից դառնալ 3-րդ մակարդակ։ Երկու ծննդատուն դարձել է առաջին մակարդակի, մարզերի 6 բժշկական հաստատություն դարձել է առաջին մակարդակի, 3 մարզային բժշկական հաստատություն 1-ին մակարդակից դարձել է 2-րդ մակարդակ։ Կատարվել է բոլոր ծննդատների օբյեկտիվ գնահատում, և կայացվել են օբյեկտիվ որոշումներ՝ անկախ ինչ-որ մեկի ցանկությունից»։

Նախարարի խոսքով՝ 4 բուժհաստատությունների դեպքում եղել է յուրահատուկ մոտեցում․ «Բերդի, Աշոցքի, Ճամբարակի և Մեղրիի բժշկական կենտրոնների՝ ծննդօգնություն ցույց տվող բաժինների համար եղել է հատուկ մոտեցում՝ հաշվի առնելով դրանց աշխարհագրական հասանելիության խնդիրը»։

Տեսաուղերձի ընթացքում Արսեն Թորոսյանը նաև նշել է, որ 2019 թ․ պետական բյուջեով նախատեսվել է լրացուցիչ 700 մլն․ դրամ հատկացնել ծննդօգնության ծառայությունների համար․ «Այս գումարների մեծ մասն ուղղվելու է բուժհաստատությունների աշխատակիցների վարձատրությանը։ Մենք հաճախ ստանում ենք ահազանգներ, որ այս ոլորտում կան ստվերային շրջանառություններ, մենք այս որոշմամբ այնպես ենք անելու, որ բուժաշխատողները ստանան ադեկվատ աշխատավարձեր, և հավելյալ ստվերային եկամուտներ չլինեն։ Իսկ ծննդկանի հարազատներին կոչ ենք անում հավելյալ գումար չտալ բուժաշխատողներին»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Գովազդ