Մանկապարտեզների առցանց գրանցման համակարգը շուտով կգործի. փոխքաղաքապետը բացառում է ծանոթ-բարեկամների միջոցով գրանցման սկզբունքը. Armenpress

Լուրեր

Երևանում գործող 160 մանկապարտեզներ հաճախում է 30 հազար 373 երեխա: Երևանի քաղաքապետարանի «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգում 8730 հերթագրված երեխա կա, որից 6972-ը՝ տարիքային խմբերին համապատասխան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն ասաց, որ թվերն ամեն օր փոխվում են: Նա նշեց, որ առցանց հերթագրման համակարգը դեռևս չի գործում և պաշտոնապես հասանելի չէ ծնողներին, բայց թեստային ռեժիմում որոշ գրանցումներ արվել են: «Այնտեղ տվյալների պաշտպանության հետ կապված խնդիրներ կան, որոնք ուզում ենք ավելի պաշտպանված դարձնել, քանի որ դրանք անձնական տվյալներ են: Մոտ ժամանակներս այդ ամենը կհղկվի և ինչպես մենք հայտարարել ենք, գրեթե առանց շեղումների կունենանք օնլայն հարթակը»,-ասաց նա:

Փոխքաղաքապետը նշեց, որ հերթագրման առցանց համակարգը հնարավորություն կտա ծնողին առանց տանից բացակայելու բալիկին հերթագրելու հնարավորություն ունենալ:  «Ընդամենը պետք է համակարգչով ընտրել մանկապարտեզը, գրանցվել, հերթագրել բալիկին, ստանալ գաղտնանիշը: Կայքում քաղաքացիները տեսնելու են միայն իրենց բալիկի անուն-ազգանունը, մնացած բոլոր հերթագրված երեխաների տվյալները փակ են, բայց իրենք տեսնելու են իրենց երեխայի հերթը տվյալ մանկապարտեզի հերթագրման մեջ»,-նշեց նա:

Սերգեյ Հարությունյանի խոսքով՝ շատ են խոսակցություններն այն մասին, որ նախկինում եղել է ծանոթ-բարեկամ հերթն առաջ տալու սովորույթ, հիմա կայքը բաց է և թափանցիկ, մարդկային գործոնի միջամտությունն էլ բացակայում է: «Մեր ծնողները կարող են ամենօրյա ռեժիմով մուտք գործել համակարգ և հետևել իրենց հերթին և եթե  ինչ-ինչ խնդիրներ լինեն, ծնողը կարող է իր դժգոհությունը բարձրաձայնել: Կայքը փակ համակարգ է»,-վստահեցրեց փոխքաղաքապետը:

 

Նա ընդգծեց, որ հերթը կարող է առաջ տարվել բացառապես այն երեխաների դեպքում, ովքեր ունեն արտահերթի հնարավորություն: «Իրենք կայքում էլ են երևում տարբերվող գույնով: Նրանք երեխաներ են, ովքեր ունեն արտոնություններ»,-ասաց նա: Մանկապարտեզներն անվճար դարձնելու որոշումից հետո զինծառայողների, սիրիահայ ընտանիքների, երկկողմանի ծնողազուրկների, բազմազավակ ընտանիքների, ովքեր ունեն 4 և ավելի անչափահաս  երեխաներ, երկվորյակ, եռյակ և ավելի երեխաների, ազատամարտիկների և զոհված ազատամարտիկների ընտանիքների երեխաների համար սահմանվել են արտոնություններ:

 

Ինչ վերաբերվում է մեր այն հարցին, որ շատ երեխաներ հերթագրվում են, սակայն իրենց հերթն այդպես էլ չի գալիս, Հարությունյանն ասաց, որ դա տարիների ծանրացած խնդիր է, որին պատմության մեջ առաջին անգամ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հատուկ որոշմամբ այս տարի ինչ-որ չափով լուծում է տրվել: «Երբևիցե նման բան չի եղել: Հերթում սպասող 1000 երեխա 2019 թվականի ընթացքում հնարավորություն կունենա մանկապարտեզ հաճախելու»,-ասաց փոխքաղաքապետը, հավելելով, որ խնդիրը համալիր է և մանկապարտեզներ կան, որոնք ոչ նպատակային տրված էին վարձակալության այլ կառույցների և հիմա դրանք հետ են վերցվում, կան մանկապարտեզներ, որոնք ի վիճակի են ընդունել նոր խմբեր, բայց ֆինանսական խնդիրներ ունեն, մանկապարտեզներ էլ կան, որոնք ունեն տեղեր, բայց վերանորոգման կարիք ունեն: Այդ խնդիրները լուծելով հնարավորություն կստեղծվի ավելի մեծ թվով երեխաների ընդունելու: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ կա կամք, ցանկություն, նպատակ և ամեն ինչ իրականացվելու է փուլ առ փուլ խնդիրները լուծելով:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Գովազդ