Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ դեպքը. ԱՆ

Լուրեր

Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ դեպքը. այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: 

Հիվանդն Իտալիայի քաղաքացի է, Հայաստան ժամանել է Ուկրաինայից։ Նա այս օրերի ընթացքում եղել է տարբեր հանրային վայրերում և ունեցել բազմաթիվ շփումներ այլ քաղաքացիների հետ: 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր չունեն կարմրուկի դեմ երկու դեղաչափ պատվաստում, դիմել սպասարկման տարածքային պոլիկլինիկա:

Դեպքի առնչությամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան գրառում է արել, որով ևս մեկ անգամ հիշեցնում է, որ կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով և օժտված է խիստ բարձր վարակելիությամբ: Պատվաստումներն են ամենաանվտանգ և արդյունավետ հանրային առողջապահական միջոցառումները` յուրաքանչյուր տարի փրկելով միլիոնավոր կյանքեր:

Նախարարը հորդորում է՝ այն անձինք, որոնք չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել. «Միայն այս դեպքում զերծ կմնաք հիվանդությունից»:

Կարդացեք նաև՝ Ի՞նչ պետք է իմանալ կարմրուկի մասին:

Գովազդ