Մանկապարտեզներում երեխաները հեշտությամբ կարող են խմել մեկը մյուսի շշից՝ առաջացնելով վարակների տարածման մեծ ռիսկ. ՄԻՊ

Լուրեր

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է 2019 թ. «Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում ջրի և սանիտացիայի հասանելիության իրավունքի ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցը, որտեղ անդրադարձել է մանկապարտեզներում երեխաներին տրամադրվող սպասքին՝ կից ներկայացնելով նաև լուսանկարներ:

«Գիտե՞ք, որ ջուր խմելու այս եղանակները ռիսկային են վարակների տարածման տեսանկյունից, քանի որ երեխաները հեշտությամբ կարող են խմել մեկը մյուսի շշից: Ավելին՝ Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ շշերը հիմնականում միանման են, իսկ տարբերանշանները՝ շփոթեցնող»,-նշված է զեկույցում:

ՄԻՊ նշում է՝ խնդիրը լուծելու համար՝ անհրաժեշտ է ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի N 857 հրամանում կատարել փոփոխություն՝ հստակ կարգավորումներ նախատեսելով նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների կողմից խմելու ջրից օգտվելու համար՝ հաշվի առնելով վարակների տարածման ռիսկերը:

«Այդպիսին կարող է լինել հստակ ամրագրված նորը, ըստ որի, երեխաներին կտրամադրվեն բացառապես անհատական օգտագործման այնպիսի բաժակներ, որոնք նրանց համար հեշտ տարանջատելի լինեն մյուս բաժակներից կամ մեկանգամյա օգտագործման բաժակներ»,-նշված է զեկույցում:

Գովազդ