Այսօր մայիսի 1-ն է՝ աշխատավորների տոնը

Լուրեր

Սիրելի՛ փոքրիկներ, այսօր մայիսի 1-ն է՝ աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը:

Պատմության մեջ մայիսի 1-ը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն 8-ժամյա աշխատանքային օրվա: Դրանից երկու տարի անց՝ 1886 թ.-ի մայիսի 1-ին, դարձյալ ցույցեր եղան, այս անգամ Չիկագոյում: Ցույցեր եղան նաև 1889թ.-ի մայիսի 1-ին, որից հետո արդեն որոշում կայացվեց ամեն տարվա մայիսի 1-ին երթեր և հանրահավաքներ անցկացնել, այսինքն՝ սահմանվեց մեկ միասնական օր, երբ աշխարհի բոլոր երկրների աշխատավորները կկարողանային իշխանություններին ներկայացնել իրենց պահանջները, պայքարել իրենց իրավունքների, հատկապես 8-ժամյա աշխատանքային օրվա համար:

Արդեն 1890 թվականին մի շարք երկրների՝ Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի և այլ եվրոպական երկրների աշխատավորներն առաջին անգամ կազմակերպեցին մայիսմեկյան տոնակատարություններ: 20-րդ դարի սկզբին հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան: 1891 թվականին Պետերբուրգում կայացավ առաջին մայիսմեկյան ցույցը:

Հետագայում, երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվեց որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը:

Մայիսի 1-ը մինչ օրս էլ Հայաստանում տոն է, սակայն նախկինի նման չեն անցկացվում շքերթներ ու տոնակատարություններ:

«Իմ փոքրիկ»-ը շնորհավորում է բոլոր աշխատավորներին ու մաղթում, որ մշտապես լինեք գնահատված՝ ինչ աշխատանք էլ որ կատարեք։ Տե՛ր եղեք ձեր բոլոր, այդ թվում՝ աշխատանքային իրավունքներին։

 

Գովազդ