Ավանի աղի կոմբինատը փորձաքննության է ենթարկել Հայաստան ներկրված աղի մի քանի նմուշներ: Լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ ներկրված աղերի մեջ օգտագործվում է հակապնդեցուցիչ նյութ (հեքսացիանոֆերատ), որը թունավոր է և վտանգավոր մարդու առողջության համար:
Ընկերության գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Երևանի խանութներից գնել են փաթեթավորված աղի 4 նմուշ և անկախ լաբորատորիայում փորձաքննության ներկայացրել: Պարզվել է, որ դրանցից և ոչ մեկը չի համապատասխանում սահմանված նորմերին։ Նրա խոսքով՝ այդ նմուշները ներկրվել են Իրանից:
«Ես չեմ ճանաչում ոչ արտադրողներին, ոչ փաթեթավորողներին, իսկ փորձաքննությունն իրականացրել ենք մեզ համար՝ հասկանալու համար, թե ինչ որակի աղ է ներկրվում Հայաստան: Արդյունքում՝պարզվեց այն, ինչին այդքան էլ չէինք սպասում»,- նշեց նա:
Արեգ Ղուկասյանն ասաց, որ փորձաքննության ենթարկված բոլորի աղերի մեջ հայտնաբերվել է հակապնդեցուցիչ նյութ՝ հեքսացիանոֆերատ: Դրանցից միայն մեկի վրա է հակապնդեցուցիչի առկայության մասին մակնշում եղել, սակայն, ըստ նրա, աղի պարունակության մեջ տվյալ նյութի քանակը գերազանցել է 4,4 անգամ:
«Այդ աղերի փաթեթավորման վրա բացակայում է տվյալ հավելանյութի օգտագործման մասին մակնշումը, ինչը օրենքի կոպիտ խախտում է, իսկ փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ որոշ նմուշների մեջ այդ նյութի թույլատրվող նորմը գերազանցված է 3-4 անգամ: Գնորդը պարտավոր է իմանալ, թե ինչ է գնում, բայց փաստորեն մոլորության մեջ են գցում ազգաբնակչությանը»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ստանդարտով թույլատրվում է աղի մեջ օգտագործել հակապնդեցուցիչ նյութ, սակայն քանակը պետք է լինի մեկ հազարերորդական տոկոսից ոչ ավելի:
Արեգ Ղուկասյանը նշեց, որ հայկական աղի մեջ այդ հավելանյութն ընդհանրապես չի օգտագործվում , քանի որ ամբողջ աշխարհն այդ նյութի դեմ պայքարում է. «Մենք հակապնդեցուցիչ մեր արտադրանքում կտրականապես չենք օգտագործում, թեև կրում ենք տեխնոլոգիական դժվարություններ: Եւ եվրոպացիները շատ դեպքերում հայկական աղը գնում են հենց դրա համար, որ այն էկոլոգիապես մաքուր է»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
Կարդացեք նաև՝ Աղ և շաքար․ ե՞րբ կարելի է ներառել փոքրիկի սննդակարգ