Ալաբամայում արգելվել է հղիության արհեստական ընդհատումը

ԱՄՆ Ալաբամա նահանգի սենատն ընդունել է հղիության արհեստական ընդհատումն արգելող օրենք:

Ցանկացած ժամկետում հղիության արհեստական ընդհատումը նահանգում այսուհետև կհամարվի առաջին կարգի հանցանք: Ցանկացած բժիշկ, որն Ալաբամայի տարածքում հղիության արհեստական ընդհատում կիրագործի, կարող է դատապարտվել 10-99 տարի ազատազրկման: Մինչդեռ նրան դիմած կինը որևէ պատասխանատվության չի ենթարկվի:

Ինչպես հայտնում է cnn.com-ը, սա հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ ԱՄՆ-ում գործող ամենախիստ օրենքն է: Այն բացառություն չի ենթադրում նույնիսկ այն դեպքում, եթե իգական սեռի ներկայացուցիչը հղիացել է բռնաբարության կամ արյունապղծության հետևանքով:

Միակ բացառությունը կարվի այն դեպքում, եթե կնոջ առողջությանը լուրջ վտանգ սպառնա:

Օրինագիծն ընդունվել է ձայների 25-6 հարաբերակցությամբ:
Բազմաթիվ ակտիվիստներ, կանանց իրավունքների պաշտպաններ, աստղեր և քաղաքական գործիչներ քննադատել են այս որոշումը: