Խուսափե՛ք փողոցում պատրաստվող և վաճառվող քաղցր «բամբակ» գնելուց. քաղաքապետարանից հորդորում են

Երևանի քաղաքապետարանից հորդորում են խուսափել փողոցում պատրաստվող և վաճառվող քաղցր «բամբակ» գնելուց: Դրանք պատրաստվում են անթույլատրելի պայմաններում և սանիտարահիգիենիկ նորմերի խախտումով:

Քաղաքապետարանից նշում են, որ մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի կողմից տարվող պայքարի ընթացքում քայլեր են ձեռնարկվում առևտրի այս տեսակը ևս կանոնակարգելու համար:  

«Բացի այն, որ փողոցային առևտրի այս տեսակն ապօրինի է, այն նաև վտանգ է ներկայացնում առողջության համար: Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել փողոցում պատրաստվող և վաճառվող «քաղցր բամբակ» գնելուց: 


«Անհայտ է մնում, թե այդ գործունեություն իրականացնողը բժշկական զննություն անցե՞լ է, ի՞նչ պայմաններում է պատրաստում այդ հումքը, որից ստանում է «բամբակ» և որը գայթակղում է երեխաներին: Միգուցե այդ գործունեություն իրականացնողը տուբերկուլյոզով հիվանդ է, չէ՞ որ նա երեխաների հետ է շփվում, բացի այդ, ինչ պարբերականությամբ է վերջինս բժշկական զննություն անցել, ինչ հաճախականությամբ են այդ սարքերը ախտահանվում, միգուցե տարաները երբևէ չե՞ն ախտահանվել: Ես խորհուրդ կտայի ծնողներին, որ կտրականապես չօգտվեն փողոցում պատրաստվող, վաճառվող փափուկ «բամբակից», քանի որ դրանով իսկ նրանք վտանգում են իրենց երեխաների առողջությունը»,- նշում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գլխավոր մասնագետ, տեսուչ Արմեն Գալստյանը»: