Ծնողները՝ «Ծնողական օնլայն դպրոց»-ի մասին

Լուրեր

Լսողական խնդիրներ ունեցող երեխաների մայրերի  «Հավատ» հասարակական կազմակերպությունը 2018թ-ի դեկտեմբերից 6-ամսյա ծրագիր է իրականացնում՝ «Ծնողական օնլայն դպրոց»: Ենթադրամաշնորհը ֆինանսավորել է Եվրոպական միությունը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության և Եվրասիա համագործակցության հիմնադրամի համատեղ «Քաղաքացիական հասարակություն կամուրջ» ծրագրի շրջանակում: 


Թեոն 2.5 տարեկան է, Արաբական Էմիրություններում է ծնվել: Լսողական խնդրի ախտորոշումից հետո ծնողները որոշել են երեխայի հետ Հայաստան տեղափոխվել, որպեսզի այստեղ պարապմունքների հաճախի, սովորի խոսել հայերեն: Սուրդոմանկավարժն ասում է, որ հեքիաթային Թեոն մեծ պոտենցիալ ունի և նվիրված պարապելու դեպքում ամեն ինչ լավ կլինի:

ԼԻԼԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ (Սուրդոմանկավարժ) - Վերջերս Թեոն վիրահատվել է եւ երկկողմանի կոխլեար իմպլանտ է կրում: Մինչ այդ էլ արդեն նկատելի էր նրա առաջընթացը: Հիմա արդեն նրան լսել ենք սովորեցնում կոխլեար իմպլանտներով, որոնց հնչողությունն, ինչ խոսք, տարբեր է լսողական սարքերից: Լսելուց, խոսքն ընկալելուց հետո, անշուշտ, նա կսկսի խոսել՝ ներգրավվելով հասարակությանն ու զգալով իրեն դրա լիարժեք անդամը:

 



Թեոյի մայրիկը՝ Փոլինը, Խոսքի զարգացման կենտրոնի նոր ծնողներից է: Մի քանի ամիս է, ինչ Արաբկիր բժշկական կենտրոն են հաճախում: Ասում է՝ նկատում է, որ երեխայի արձագանքը տարբեր ձայներին օրեցօր ավելի ակնառու է դառնում, իսկ մանկավարժների աշխատանքի արդյունքը՝ ավելի ոգևորող: Փոլինը նաև Ծնողական դպրոցի ակտիվ հետևորդներից է:

ՓՈԼԻՆ ԽՈԴԱԲԱԽՇՅԱՆ (Ծնող) - Շատ ուրախ եմ, որ ստեղծվել է նման տեսաշարերով ծնողներին կրթելու, տեղեկացնելու հնարավորություն: Ճիշտ է՝ համացանցը հարուստ է բազմազան տեղեկատվությամբ՝ նաև լսողական խնդրի մասին, բայց հենց ծնողներին ուղղված խորհուրդները լսելը, մեր մանկավարժների և բժիշկների աշխատանքի մանրամասները տեսնելն ու նրանց ճիշտ ընդօրինակել սովորելը մեզ համար շատ կարևոր է:

 

 

Փոլինը «Հավատ» հասարակական կազմակերպության Խոսքի զարգացման կենտրոնի միակ ծնողը չէ, որ գիտի Ծնողական օնլայն դպրոցի մասին և հանդես է գալիս իր առաջարկներով ու հարցերով: Կենտրոնի գրեթե բոլոր երեխաների ընտանիքները վերջին կես տարում լսել են այս տեսադասերի մասին, բաժանորդագրվել «Հավատի» էջին և հետևում են տեղադրվող նոր տեսանյութերին:

ՔՐԻՍՏԻՆԱ ԲԱԼՅԱՆ (Ծնող) - 
 Ծնողական օնլայն դպրոցն իսկապես օգնում է մեզ: Սա մի հարթակ է, որտեղ լսողական խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին հետաքրքրող ինֆորմացիան ներկայացվում է ամբողջությամբ, համակարգված, տրամաբանական զարգացումով: Առաջին տեսանյութը լսողական զգայարանի մասին է, դրա աշխատանքի, լսողական խնդիրների տեսակների եւ դրանց պատճառների, հետո՝ ախտանշանների եւ ախտորոշման, նորածնային սկրինինգի մասին եւ այսպես շարունակ՝ մինչեւ սուրդոմանկավարժների աշխատանքը, երաժշտական թերապիան եւ կենտրոնի սաների օրինակները:

«Ծնողական օնլայն դպրոց» ծրագրի համակարգող եւ վարող Կարինե Հարությունյանն ասում է, որ ակտիվ արձագանքներ են ստանում հատկապես մարզերում բնակվող մայրերից: Նրանք հնարավորություն չունեն ցանկացած պահի նեղ մասնագետին դիմելու, մեկ հարցի համար մայրաքաղաք հասնելու: Եվ սա լավ հնարավորություն էր՝  նրանց հարցերը բարձրաձայնելու համար:

ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ («Ծնողական օնլայն դպրոց» ծրագրի համակարգող) - Օրինակ, Ալավերդիից, Օձունից եւ Երեւանից ունեինք ծնողներ, որոնց շատ հետաքրքրում էր լսողական խնդիրներ ունեցող երեխաների հաշմանդամության կարգավիճակի սահմանման հարցը: Նրանց երեխաներին տեղի հանձնաժողովները «հաշմանդամություն ունեցող երեխա» չեն ճանաչել՝ պատճառաբանելով, որ հիմա ծրագիր է իրականացվում եւ այլեւս նրանց «չի հասնում հաշմանդամություն»: Բայց չեն հիմնավորել, թե որ օրենքի որ կետով են անում նման բան: Ծնողները դժգոհում էին՝ ասելով, որ հաշմանդամության նպաստով կարողանում էին գոնե լսողական սարքերի մարտկոցների հարցը լուծել: Հիմա զրկվել են դրանից: Այս հարցերի պատասխանները անմիջապես տվյալ գերատեսչությունից ու գործակալությունից լսելու համար երկու թողարկում պատրաստել ենք հարցազրույցի ձեւաչափով:


Նախապես պլանավորած ձեւաչափից այս շեղումը, Կարինե Հարությունյանի խոսքով, արվել է ի շահ ծնողների: Նույնատիպ հարց ու պատասխանի ժանրով են ներկայացրել նաեւ վաստակավոր սուրդոմանկավարժ Սաիդա Հարությունյանի խոսքի մի զգալի հատված՝ համոզված, որ նրա յուրաքանչյուր խորհուրդն առանձնակի արժեքավոր է այս ընտանիքների համար:

ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ («Ծնողական օնլայն դպրոց» ծրագրի համակարգող) - Սաիդա Հարությունյանը պատասխանել է հարցերի, որոնք մի օր անպայման ծագում են լսողական խնդրով երեխայի ընտանիքում. օրինակ` ե՞րբ երեխային տանել մանկապարտեզ, ինչու՞ չի կարելի երեխային ստիպել կրկնել բառերը կամ նախադասությունները, ինչու՞ են լսողական խնդրով երեխաներին մեկ քայլ առաջ նախապատրաստում դպրոցին եւ այլն:

Վերջին տեսանյութը ներկայացնելու է Խոսքի զարգացման կենտրոնի երեք սերնդի՝ նախադպրոցական, դպրոցական եւ չափահաս սաների: Նրանց մեծ մասը խոսում եւ հաղորդակցվում է՝ գրեթե առանց խնդիրների: Բայց դրա համար պայմաններ են պետք՝ վաղ ախտորոշում եւ լսողական ժամանակակից սարքերի ընտրություն ու հարմարեցում եւ, իհարկե, վաղ եւ լիարժեք սուրդոմանկավարժական միջամտություն՝ ուղղված խոսքի զարգացմանը:  Եվ այս ամենի մեջ, անխոս, անժխտելի ու անգնահատելի է ծնողների եւ ընտանիքի դերը: Այս շարքը, Կարինե Հարությունյանի խոսքով, ծնողների այդ գիտակցությունը վառ պահելու նպատակով է արվել, նպատակ՝ հանուն երեխաների լավագույն շահի: 

 

Կարդացեք նաև՝

Ճանապարհ, որ անցնում են «Հավատով»․ մեկնարկել է «Հավատ» ՀԿ-ի «Ծնողական օնլայն դպրոց» ծրագիրը

«Ծնողական օնլայն դպրոց». հանուն թռիչքի

Գովազդ