Ովքե՞ր և ի՞նչ պայմաններով կարող են օգտվել անպտղություն ունեցող զույգերին աջակցող ծարգրից. ԱՆ մասնագետը մանրամասներ է ներկայացրել

Լուրեր

Անպտղություն ունեցող զույգերին աջակցող ծրագրից կարող են օգտվել 5 խմբերում ընդգրկված շահառուներ՝ զինծառայողները կամ նրանց հավասարեցրած անձինք, անապահովության համակարգում ընդգրկված 0,1 և ավելի միավոր ունեցող անապահով զույգերը, կառավարության 1444N որոշմամբ հաստատված, սոցիալական արտոնություն ստացող սահամանամերձ համայնքների բնակիչները (այդպիսի համայնքները մոտ 38-ն են), ինչպես նաև զինծառայության ընթացքում զինվոր-որդի կորցրած ծնողները․ այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը։

«Շահառուներին ներկայացվում են նաև որոշակի պահանջներ: Նախ՝ զույգը պետք է ունենա անպտղություն 2 և ավելի տարի, լինի անզավակ, կինը պետք է լինի 20-35 տարեկան (35-ը ներառյալ): Ամուսիններից գոնե մեկի ՀՀ քաղաքացիությունը պարտադիր է, ամուսնության գրանցված լինելը օրենքով սահմանված կարգով՝ նույնպես»,-պարզաբանեց Ավագյանը:

Նրա խոսքով՝ եթե շահառուն համապատասխանում է նշված 5 կարգավիճակներից որևէ մեկին, ապա կարող է դիմել վերարտադրողական առողջության 5 բժշկական կազմակերպություններից մեկը («Մարգարյան» հիվանդանոց, «Հանրապետական» ծննդատուն, «Շենգավիթ» և «Աստղիկ» բժշկական կենտրոններ, ինչպես նաև «Պտղաբերության կենտրոն»։

«Այս հաստատություններում ստեղծված են հատուկ հանձնաժողովներ, որոնք ընդունելու են փաստաթղթերը և տալու են եզրակցություն, թե տվյալ ամուսնական զույգին բուժօգնության ինչ տեսակ է անհրաժեշտ»,-նշում է Գայանե Ավագյանը:

Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետը նաև ընդգծեց, որ ծրագրում ներառված են անպտղության բուժման և հաղթահարման բոլոր հայտնի մեթոդները. «Դեղամիջոցների, հետազոտությունների ծախսերը հոգում է պետությունը, սակայն փոխնակ մոր դոնորական ձվաբջջի և դոնորական սերմանբջջի ստացման ծասերը պետք է հոգա շահառուն: Արտամարմնային բեղմնավորման միայն մեկ փորձ է կատարվելու պետության աջակցությամբ, իսկ 2-րդ փորձի դեպքում պետությունը փոխհատուցում է ծախսի միայն  50 տոկոսը»:

Ի դեպ, դիմումը կարող է նաև մերժվել, եթե հղիության հավանականությունը շատ ցածր է:

Գայանե Ավագյանի խոսքով՝ ծրագիրը, որի բյուջեն 210 միլիոն դրամ է, ունենալու է 290 շահառու, որոնք հերթագրվելու են օնլայն տարբերակով: 

«Հայաստանում անպտղության ցուցանիշը 14,8% է: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ եթե երկրում կա 15%  անպտղություն, ապա վիճակը կարելի է համարել ճգնաժամային, քանի որ այն անդրադառնում է ծնելիության, ժողովրդագրության վրա: Հայաստանը մոտ է այդ ցուցանիշին, դրա համար մենք անում ենք ամեն ինչ՝ ցուցանիշը նվազեցնելու համար»,-ասաց Գայանե Ավագյանը:

 

Հեղինակ՝ Նանե Ավետիսյան

Գովազդ