Sputnik Արմենիայի «Տետ-ա-տետ» հաղորդաշարի ընթացքում «Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման» բաժնի պետ, գինեկոլոգ Գայանե Ավագյանը խոսել է անպտղությունը կանխարգելող ծրագրի մանրամասների մասին:
Արդեն մեկ շաբաթ է սկսվել է անպտղություն ունեցող զույգերի անվճար բուժման հերթագրումը. ծրագրից օգտվելու համար այս պահին հերթագրվել է 50 զույգ: Այս մասին Sputnik Արմենիայի «Տետ-ա-տետ» հաղորդաշարի ընթացքում ասաց գինեկոլոգ Գայանե Ավագյանը։
«Անվճար պայմաններով անպտղության բուժման ծրագրից կարող է օգտվել 290 զույգ։Անպտղության բուժումն անվճար կլինի այն դեպքում, եթե ամուսիններից մեկը զինծառայող է կամ զույգերն ընդգրկված են ընտանեկան նպաստի համակարգում (30.01 և ավել բարձրանապահովության բալ ունեցողներ)»,- նշեց նա։
Բուժումն անվճար կլինի նաև սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակիչների համար, ինչպես նաև այն զույգերի, որոնցից մեկի մոտ առկա է հաշմանդամություն։
Գործում է տարիքային սահմանափակում` 25 -ից 35 տարեկան, քանի որ 36–ից հետո երեխա ունենալու հավանականությունը նվազում է։ Աջակցությունը տրամադրվում է ըստ հերթագրման կարգի։ Հետազոտությունը շահառուների համար անվճար է։
«Պետք է լինեն ընտրության որոշակի չափանիշներ։ Իհարկե, իդեալական կլիներ, որ պետությունը կարողանար առաջնային անպտղությամբ տառապող բոլոր զույգերին աջակցել, սակայն այս պահին դա հնարավոր չէ»,- ասել գինեկոլոգը։
Ավագյանը կարծում է, որ անպտղության հարցում ամենակարևորը կանխարգելումն է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: