2020 թ. 6 անգամ բարձրանալու է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը

Լուրեր

Սեպտեմբերի 23-ին կառավարությունում տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստ, որի արդյունքները ներկայացնում ենք ստորև․

 2020 թվականից՝

1. Վեց անգամ բարձրանալու է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ։

2. Երկու անգամ բարձրանալու է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից այն հասցնելով մինչև 300 հազար դրամ։ Արդյունքում ծնողները կկարողանան հոգալ երեխայի ծննդյան հետ կապված նախնական միանվագ ծախսերը։

3. Շուրջ 41 տոկոսով բարձրանալու է աշխատող մայրերին տրվող ամսական նպաստը՝ 18 000 դրամից այն հասցնելով 25 500 դրամի։

4. Գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նոր նպաստի տեսակ է գործելու. մինչև երեխայի երկու տարեկան լրանալը մայրերին ամսական վճարվելու է 25 500 դրամ:

5. Աշխատանք է տարվելու «մանկապարտեզի հերթ» կոչված արատավոր երևույթը փուլային եղանակով վերացնելու ուղղությամբ։

Նախադպրոցական և դպրոցական հաստատություններում ընդլայնվելու են երկարօրյա խնամքի և ուսման ծառայությունները, մասնավորապես՝ համավճարի տարբերակով կազմակերպվելու է խնամք ժամը 08:30-ից մինչև 19:00: Արդյունքում՝ աշխատող ծնողը հնարավորություն պետք է ունենա իր բնակավայրին կամ աշխատատեղին մոտ նախադպրոցական և դպրոցական հաստատություններում իր երեխայի խնամքը կազմակերպել:

6. Երեխայի ծնունդով պայմանավորված հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար պետությունը տրամադրելու է և՛ միանվագ դրամական աջակցություն, և՛ կանխավճարի ապահովագրություն մարզային բնակավայրերում:

Ծրագրի նախնական բյուջեն կկազմի մոտ 500 մլն. դրամ։

 

Աղբյուրը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ

 

Գովազդ